06  12  2019

Ինչո՞ւ են հապաղում դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու հարցում․ Tert.am

Ինչո՞ւ են հապաղում դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու հարցում․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, իշխանությունը այնքան էլ անձնուրաց պայքար չի մղում դատավորներին կենսաթոշակի ուղարկելու հարցում, որքան նախկինում էր:

Իսկ որոնք են պատճառները.

1. Վահե Գրիգորյանը այլևս չի հանդիսանում իշխանությունների սրտի թեկնածուն, քանի որ.

Գրիգորյանի չմտածված և անհավասարակշիռ քայլերի արդյունքում է առավելապես, որ տապալվել է  ՍԴ ամբողջ «օպերացիան», կամ Մարուքյանի բնորոշմամբ՝ «փոզմիշ» արվել, ինչն էականորեն վնասել է իշխանության վարկանիշը:

 Ընդ որում՝ նա ոչ միայն հետ չի կանգնում նման վարքագծից, այլև փորձում է անընդհատ ապացուցել իր իրավացիությունը՝ այդ թվում իշխանությանը վարկաբեկելու գնով: Չմոռանանք «վահեգրիգորյանական» թևի մեղադրանքներն իշխանության հասցեին անսկզբունքային, ամուլ լինելու վերաբերյալ և այլն:

Վահե Գրիգորյանի բացակայությունները - այս հարցը լուրջ դժգոհության առիթ է բարձրացրել իշխանական շրջանակներում, ինչի մասին է վկայում նաև Վլադիմիր Վարդանյանի ակնարկը նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Ի վերջո, դժվար է այլևս չաշխատող, բայց միևնույն ժամանակ պարտաճանաչ կերպով աշխատավարձ և վառելիքի կտրոն ստացող անձին ներկայացնել որպես սկզբունքայնության և արդարության մարտիկ, և արդարացնել դատարանի նկատմամբ տեռորը: Բացի դա, այս հանգամանքի վրա աչք փակելն ավելի ակնառու է դարձնում, որ իշխանական ուժի նպատակը ամենևին Սահմանադրական դատարանում կարգուկանոն հաստատելը չէ, որը  հաճախ է օգտագործվում հենց իշխանության դեմ հակափաստարկներում:

Վահե Գրիգորյանը առաջ է տանում միայն սեփական շահը – այս մասին են վկայում  ինչպես վերոնշյալ գործողությունները, այլև այն հանգամանքը, որ այս անձը չի պատկանում «իմ քայլականների» թևին և հանդիսանում է ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչը: Եվ սա իր դրսևորումն է ստանում նաև գործնականում: Մասնավորապես, սրա վառ արտացոլումն է Վահե Գրիգորյանի  առաջարկը նոր դատավորի թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ, ինչը ոչ այլ ինչ է, քան ռումբ՝ Նիկոլ Փաշինյանի և պետության տակ: Սա քաջ գիտակցում է նաև Փաշինյանը:

Այլ կերպ ասած՝ իշխանության համար հետզհետե ավելի դժվար է դառնում իր վարկանիշի և իշխանության հաշվին անձնուրաց պայքար մղել մի մարդու համար, որի նպատակը ՍԴ գահին բազմելն է՝ նույնիսկ Փաշինյանի և  պետության հաշվին, առավել ևս, երբ Փաշինյանն ու Թովմասյանը երբեք էլ սկզբունքային տարաձայնությունների մեջ չեն եղել:

Բացի դա, այս առումով նաև հարց է առաջանում՝  ինչպես կարելի է կարևորագույն պոստերից մեկը վստահել մի մարդու, ով չունի տարրական խորամանկություն, մարդկային ու կառավարչական հմտություններ, իսկ այլևս նաև՝ վարկանիշ:

2. Վահե Գրիգորյանին դժվար է գտնել փոխարինող: Թեև իշխանությունների համար Գրիգորյանին փոխարինողը դարձել է Վլադիմիր Վարդանյանը, այդուհանդերձ, այս տարբերակը ևս ունի բազմաթիվ խնդիրներ: Մասնագիտական շրջանակներում բոլորին է հայտնի այս անձի գրագիտության վիճելի մակարդակը և կոնֆլիկտային լինելը /սրա պատճառով նա ՍԴ-ում անընդհատ տեղափոխվում էր մի հաստիքից մեկ այլ հաստիքի/: Այս պայմաններում ակնհայտ է, որ նա չի արժանանալու դատավորների քվեին: Բացի այդ,  նրան առաջադրելու պարագայում լուրջ կոնֆլիկտ է զարգանալու ՀԱԿ-ի հետ, ինչը քաղաքական այս բարդ իրավիճակում բնավ ցանկալի չէ: Սրան գումարվում է նաև այս անձի շուրջ ձևավորված քրեական գործընթացը, քանի որ  ինչպես պարզ դարձավ, նրա պաշտոնավարման շրջանում հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումներ, որի վերաբերյալ տեղեկատվությունը շուտով ներկայացվելու է իրավապահներին:

3. Համոզմունքը, որ առաջարկը չի ընդունվելու: Պատճառները մի քանիսն են. դատավորների սկզբունքայնությունը, հանրային պարսավանքը և ի վերջո նախագծի մոտալուտ հակասահմանադրական ճանաչումը /այս մասին ակնարկել են պատգամավորները/  կամ արտոնության վերացումը: Արտոնության կարճաժամկետ բնույթը  ակնհայտ է դառնում նաև այն հանգամանքով,  որ նախատեսվել էր քրեական պատասխանատվության հիմքով արտոնության դադարեցում:

Այլ կերպ ասած, բոլորին է հասկանալի, որ նման կենսագրությամբ անձանց դժվար է գցել ծուղակը, ինչը վերահաստատվել է արձագանքի բացակայությամբ:

Այս ամենի արդյունքում է, որ իշխանությունը վարանում է. արդյոք բազմաթիվ ձախողված քայլերից հետո արժե ևս մեկ անգամ հարվածի տակ դնել սեփական վարկանիշը մի նախագծի համար, որը, վստահաբար, կյանքի չի կոչվելու և մեկի համար, որի պլաններում ամենևին իշխանության շահը առաջ մղելու հրամայականը չէ:

Արամ Անտինյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ