06 12 2019

Կա՛մ կհանձնենք Արցախը, կա՛մ Ալիևին պատերազմ սկսելու ընծա կմատուցենք․ կարծիք

Կա՛մ կհանձնենք Արցախը, կա՛մ Ալիևին պատերազմ սկսելու ընծա կմատուցենք․ կարծիք

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Այ սա է փաշինյանական «չեմ բանակցում», «Ալիևը բանակցային գործընթացն ա պատմում», «Արցախը պետք ա վերադառնա բանակցային սեղան», «կգամ հրապարակում ծափ կտաք, կորոշենք», «հանրաքվե կանցկացնենք», «գնամ, ի՞նչ բանակցեմ՝ օրակարգ չունեմ», «արցախցին ինձ վարչապետ չի ընտրել, որ բանակցեմ», «Արցախը Հայաստան է և վե՛րջ», «բանակցությունները պետք է բավարարեն բոլոր կողմերին», և շատ այլ միմյանց առերևույթ հակասող, բայց և դավադիր ու հակապետական միտում ունեցող հայտարարությունների արդյունքը...

Այ սա ա հետույք քորելով վերելակային դիվանագիտության, օպերատիվ կապի, Նիկոլի՝ բանակցությունները զրոյական կետից սկսելու արդյունքը, այ սա էր էն կանխազգացումը, որպիսի պատճառով Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն էլ ինձ համար փաստեցի՝ Նիկոլի չի՛ կարող ունենալ ազգային, պետական ազնիվ նկրտումներ ...

Այ սա է պրոփաշինյանական «Մոնթեն լրտես է եղել», «վախը զինվորի աչքերում», «զոհվածների մայրերը խաղաղությամբ սահման մեկնեն», «զոհեր՝ հանուն ոչնչի», «Թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան հերոսամարտը», «Ապրիլյան քառօրյան ամոթի օրեր էին» այս ու դեռ շատ այլ թեզերի արդյունքը...

Այ սրա համար է հայ հասարակությունը շուրջ մեկուկես տարի հետևողականորեն տրոհվում, ջլատվում, կազմաքանդվում սևերի ու սպիտակների, հեղափախականների ու հակահեղափոխականների, այ սրա իրականացման համար է բանակը վարկաբեկված, հերոսական ուղի անցած գեներալները՝ հաճախ մեղադրյալի աթոռին, լավագույն դեպքում՝ աշխատանքից հեռացված, այ սրա նպատաակով է ջանասիրաբար շրջանառվում լևոնյան «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» թեզը, պրոպոգանդվում ԼԳԲՏ֊իզմը, աղանդավորությունը...

Այ սրա վերահաս վտանգը չզգալու համար է տարատեսակ կեղծ օրակարգերով՝ արդարադատություն կոչված իրավախայտառակություններով, «մասկի շոուներ»-ով, պատերին ծեփելով, ասֆալտին փռելով, քյալլա ուտելով, դը՜մփ-դը՜փմ-հու՜հ-ով բթացվում հանրության սթափ դատողությունն ու հեղափոխական «թոզ փչվում» մարդկանց աչքերին։

Ի վերջո այ սրա իրականացման համար է այժմ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում ապօրինաբար պատանդված մնում Ռոբերտ Քոչարյանն, ով նախկինում այս ծրագիրն իրականացնողների ձեռքն արդեն երկու անգամ բռնել էր՝ 1997 ու 2008 թվականներին. այս անգամ ապազգային քիրվայականությունը, անցյալից դասեր առած, անմիջապես իզոլացրեց պետականակերտ Նախագահին՝ սին հույսեր ունենալով, թե դավադրաբար նրան մեկուսացնելով կարող են սակարկել հայրենիքով, հանուն հայրենյաց թափված արյամբ. գուցե ստացվեց սակարկել իրենց իսկ ձեռամբ մահվան կոչված Մարտի 1-ի տասը զոհերի արյամբ, բայց այս սակարկումը, հայրենյաց առուծախը չի՛ հաջողվելու։

Յուրաքանչյուր ոք, ով անհայրենիք սրիկայից իրեն տարբերում է, պարտավոր է պայքարի մղվել այ հենց սրա դեմ, և այդ պայքարի մեկնարկը պետք է լինի ներկա դավադիր իշխանությունից ժամ առաջ ազատվելը՝ «շնորհիվ» Նիկոլի քաղաքականության՝ կա՛մ մենք կհանձնենք Արցախը, կա՛մ կճանաչվենք ոչ կոնստրուկտիվ աշխարհի առաջ՝ «ընծա» մատուցելով «կիրթ» Ալիևին մեր դեմ «պարտադրված» պատերազմ սկսելու, քանի որ Նիկոլի քաղաքականությունը նրան միանշանակ տալիս է և՛ այդ հնարավորությունը, և՛ աշխարհի առջև արդարանալու պատճառները. Ադրբեջանը երկար է սպասել այս բարոյալքված ու կազմաքանդված Հայոց Պետականությանը։

Սցենարը հենց սա է՝ կա՛մ Նիկոլը կբթացնի իր խեղկատակությամբ հանրությունն այնքան, որ Արցախի հանձմանը կծափահարի նույն հանրությունը, կա՛մ կստեղծի ամենանպաստավոր պայմաններն Ադրբեջանի կողմից «լեգիտիմ» պատերազմ սկսելու համար, դե իսկ «կիրթ Ալիևը» հեշտորեն կգրավի այն՝ չհանդիպելով ո՛չ կամային բարձր հատկանիշներով բանակի, ո՛չ փորձառու գեներալիտետի, ո՛չ ազգային հավաքական ուժի ...

Ցավոք, այս միտքն ավելի քան տարիուկես է բարձրաձայնում ենք ...

Հ.Գ. Բրատիսլավայում որոշվեց հանդիպել ևս մեկ անգամ, իսկ պատասխաններ չկան՝ ի՞նչ աննախադեպ հայտարարություն էր սպասվում, ինչո՞ւ այն չեղավ, ինչո՞ւ ևս մեկ հանդիպում, ո՞րն է մեր իրական օրակարգը, ինչպե՞ս ենք դիմակայելու Ադրբեջանի բանակցային ուլտիմատումներին... Հարցերը շատ են, մինչդեռ խոստացվել էր թափանցիկությո՜ւն, անկեղծությո՜ւն... Ու շարունակում եմ կարծել՝ դավադիրները հստակ պատկերացնում են՝ ուր են գնում...

Կուլուարային առուծախ չի՛ լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ