02  12  2019

Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի «պուծյովկա՞» եք տալիս. Գևորգ Պետրոսյան

Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի «պուծյովկա՞» եք տալիս. Գևորգ Պետրոսյան

Ժողովրդական խոսք կա. ասում են՝ ձուկը գլխից է հոտում, պետք է գլխից բռնես։ Բարեփոխումները մեծ դատարաններից սկսեք, ոչ թե ՍԴ-ից, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Որ ասում եք՝ ՍԴ-ի հանդեպ վստահության պակաս կա, ո՞նց եք ստուգել», - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց պատգամավորը։ Պետրոսյանի խոսքով՝ հասարակությունն արդարադատության համակարգի նկատմամբ անվստահություն ունի, բայց անվստահություն ունի նաև շատ այլ համակարգերի նկատմամբ։

«ՏԻՄ-երին վստահո՞ւմ են։ Գնացեք, տեսեք՝ քաղաքապետարանի ու կառավարության դուռն ինչքան բողոքող կա։ Գնացեք, տեսեք՝ ոստիկանության նկատմամբ ինչքան դժգոհություն կա։ Դե եկեք բոլորին ասենք՝ «Ձեզ չեն վստահում, եկեք փողերը տանք, գնացեք տուն, ոտքերը պարզեք, հեռուստացույց նայեք և վայելեք կյանքը»։ Էս ինչի՞ եք ընկել ՍԴ-ի դատավորների հետևից։ Եթե մարդը նորմալ աշխատում է, ինչի՞ չեք ուզում նա իր գործունեությունը շարունակի։ Եթե վատ է աշխատում, պատժեք։ Մինչդեռ այն դատավորներինը, որոնք ձեզ անվստահություն են ներշնչում, ասում եք՝ գնացեք, անհոգ ապրեք։ Սա ի՞նչ տրամաբանություն է։ Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի «պուծյովկա՞» եք տալիս», - հարց ուղղեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ