30 11 2019

Հիմա մեր հենման կետը մեր ազգային-պետական շահն է. Panorama.am

Հիմա մեր հենման կետը մեր ազգային-պետական  շահն է. Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Վերջին շրջանում  անընդհատ հիշում եմ մեր մանկության տարիների  մի պիեսի վերնագիր՝ Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»։ Հիշում եմ ու մտածում եմ՝ է՜հ, հիմա  պետք է տեսնեիք, թե  իսկական շուռ գալը ոնց է լինում։

Ի՞նչ կասեիք, եթե տեսնեիք, թե Հայաստանում ինչպես  են սուտն ու դիլետանտիզմը  դարձել պետական քաղաքականության ձեռագիրը։ Կապշեիք, եթե տեսնեիք, թե   ներկայումս ինչպես են հանրային տրամադրությունները  ձևավորվում և ուղղորդվում  բառացիորեն օդից՝ համացանցային անտեսանելի ուժերի կողմից, որ հիմա ֆեյք են կոչվում ամբողջ աշխարհում։

Երբեք չէիք պատկերացնի, որ ՀՀ օրենքները դադարել են  կարգավորիչ  դեր կատարել, և օրինակ «թավշյա»  պաշտոնյաներն իրենց  աշխատանքային պարտականությունները իրականցնելիս պետք է՝ իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպեն  Հիսուսի բարդույթով։

«Հիսուսի բարդույթ»  նորարարական արտահայտությունը պատկանում է ՀՀ վարչապետին, ով վերջերս բավականին  հաճախ է անդրադառնում Աստվածաշնչին և հիշատակում Հիսուսին, իհարկե սեփական մեկնաբանմամբ։

Այնպիսի տպավորություն է, որ մեր վարչապետը նոր է ընթերցել  կամ նորովի է վերընթերցել Սուրբ Գիրքը, և նոր աշխարհներ է բացել  իր համար։ Այդուհանդերձ, ողջ հարցն այն է, որ  չի դադարում մեղանչել  «Մի՛ ստիր» պատվիրանի դեմ։ Այնքան,  որ անգամ իրեն  կուռք դարձրածների  քանակն  է նվազել։

Քանի որ անհավատալի է մոտ  ժամանակներում իմանալ որևէ պաշտոնական սոցհարցման    իրական տվյալներ՝ իշխանական ուժի և անձամբ Փաշինյանի վարկանիշի մասին, մնում է հետևություններ անել օրինակ  «Հայաստան» հիմնադրամի 2019-ին հանգանակված փոքր գումարից  (9 միլիոն 856 հազար 100 դոլար),   ներդրումների բացակայությունից, մայրաքաղաքում և մարզերում չդադարող բողոքի ցույցերից։

Մամուլի որոշ տեղեկությունների համաձայն՝  նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է և «տատանվում է մոտ 21-23 %-ի սահմաններում» :Բնավ զարմանալի թիվ չէ, դատելով ներքին և արտաքին քաղաքականության մեջ տեղ գտած  ձախողումներից։ Վերջին օրինակը՝ աշխարհում երևի առաջին անգամ է միջազգային համաձայնագիր ստորագրած երկրի ղեկավարներից մեկը  հանրայնացնում մասնակից երկրների լիդերների ստորագրությունները, ինչպես արեց իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը՝  «Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցինք»:   (28.11.2019)։  

Այս ամենը չի վրիպում ոչ ոքի աչքից՝ ոչ ներսում, ոչ դրսում։Փաշինյանի վարկանիշի նվազմանը մեծապես նպաստում է նաև իր հավաքած թիմի գրեթե համատարած ոչ կոմպետենտությունը,  շատերի կախվածությունը սորոսյան-արևմտյան ուժերից, մի ստվար մասի կողմից  ազգային արժեքների ստորադասումը  գլոբալիզմին։ Ոչ մեկ անգամ ենք ականտես եղել, թե ինչպես է վարչապետն իր պաշտպանության տակ առել  իր մտերիմներին,   կամ խմբագրել  նրանց սխալներն ու սպրդումները։

Սակայն  ժողովրդի համար առաջնահերթ է ոչ թե նորաթուխ  քաղաքական գործիչների որակավորման  գործընթացը, այլ  իր բարեկեցությանն ուղղված խոստումների իրականացումը։ Հենց դրա բացակայությունն է իջեցնում իշխող ուժի վարկանիշը։

Չիրականացված հույսերն են հանրության շրջանում հիասթափություն ծնում։ Ստերին կուլ գնացած լինելու զգացողությունն է մարդկանց զայրացնում։Մեր երկրում հնչած ստերի չափաբաժինը, 2018-ի ապրիլ-մայիսյան իշխանափոխությունից սկսած, մի քանի անգամ գերազանցեց այսպես ասած «ընդունելի» սահմանը, որը միշտ առկա է, և որի դեպքում ժողովուրդը մի տեսակ աչք է փակում խոստումների մի փոքր մասի չիրականացման  վրա։

Մինչդեռ այսօր  ունենք  հետևյալ պատկերը․  աստիճանաբար ջրի երես դուրս եկող  սուտ խոստումներն իրար վրա կուտակվելով՝   բացահայտում են սկզբնական մեծ սուտը․․․ ոչ ոք չէր էլ պատրաստվում Հայաստանը դրախտ դարձնել բոլորի համար։ 

Միայն մերձավորների համար էր նախատեսված կախարդական փայտիկի բարեհաճությունը։ Իսկ դա  բացարձակապես  հանրության սրտով չէ, և հեռու չէ այն օրը, երբ  տարբեր  տեղերում  լոկալ բնույթի  բողոքները  կմիավորվեն մի հզոր ալիքի մեջ։ Սպառվա՞ծ են արդյոք վարչապետ Փաշինյանի հնարավորություններն իր վարկանիշը բարձրացնելու և երկիրը ցնցումների առջև չկանգնեցնելու համար։  Ելքեր կարելի է գտնել, հատկապես երբ տիրապետում ես ազդեցության բոլոր լծակներին։ 

Արցախում  հայանպաստ բաց  քաղաքականություն վարելը,    Հայաստանում Սորոսի գործունեությունը կասեցնելը, տնտեսությունը  վերկուսակցական պրոֆեսիոնալներին վստահելը   և դատաիրավական համակարգին իրական անկախություն տալը  էականորեն կբարձրացնեն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։  Այդ ժամանակ  միայն նա կստանա  հայ ժողովրդի իրական աջակցությունը։  Որքան էլ աշխարհը շուռ եկած լինի,  մեծ ցանկության դեպքում հնարավոր է  գտնել հենման կետը և ոտքի կանգնել։  Հիմա  մեր հենման կետը մեր ազգային-պետական  շահն է:

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ