27 11 2019

4 իմքայլական, որ կապվում են քրեական աշխարհի հետ․ Politik.am

4 իմքայլական, որ կապվում են քրեական աշխարհի հետ․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Օրերս Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անդրադառնալով քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագծին ասաց, որ ի տարբերություն նախորդների, այսօրվա իշխանությունները քրեական հեղինակությունների հետ կապ չունեն:

Պատգամավորն իր այս խոսքով կամ փորձում է մոլորեցնել հանրությանը, կամ իրականում տեղյակ չէ, թե իր խմբակցությունում ինչպիսի անցյալ կամ ներկա ունեցող պատգամավորներ կան։

Տեղեկատվական բաց աղբյուրները կարճ ուսումնասիրելու դեպքում անգամ մենք գտանք «Իմ քայլը» խմբակցության չորս պատգամավորների, ովքեր կապ ունեն քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ։

Առաջինը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է։ Իշխանափոխությունից հետո Միքայելյանը անձնական երաշխավորություն էր ներկայացրել դատարան, որպեսզի փոխվի սպանության պատվեր տալու մեջ մեղադրվող, քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի խափանման միջոցը։ Հետագայում, երբ մամուլում աղմուկ բարձրացավ, Միքայելյանը հայտարարեց, որ չի ճանաչել նրան, եթե տեղյակ լիներ, որ Բանդուրյանը քրեական հեղինակություն է՝ անձնական երաշխավորություն չէր ներկայացնի։ Միքայելյանի պնդումներն այնքան էլ արժանահավատ չեն, քանի որ եթե իրականում չի ճանաչել անձին, ինչպես է անձնական երաշխավորություն տվել։

Հաջորդ ամենահայտնի դեպքն իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Մեր հրապարակումներից մեկում մենք փաստարկված ներկայացրել էինք նրա և քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի կապը։ Պատգամավորը քրեական հեղինակության հետ անգամ հանրային միջոցառումների էր մասնակցում։ Մանրամասնները այստեղ։

Հաջորդը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։ Ժամանակին նա անգամ բողոքի ակցիաներ էր կազմակերպում՝ քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանի ազատության համար։ Իսկ, այն, որ Ջնդի Ամարյանը քրեական հեղինակություն է, բազմաթիվ անգամներ գրել է իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթը։ Մանրամասն այստեղ ։

Իմքայլական հաջորդ պատգամավորը Ալեն Սիմոնյանն է։ Նրան, ի դեպ, իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ Դավիթ Սանասարյանն է մեղադրել քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի հետ կապ ունենալու մեջ։ Մանրամասնները այստեղ։

Փաստորեն, միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների մասին տեղեկատվության մասնակի ուսումնասիրությունը թույլ է տալիս հերքել Սուրեն Գրիգորյանին։ Պատկերը վստահաբար այլ կլինի, եթե ուսումնասիրվեն կառավարության և իշխանության այլ ճուղերի անդամների մասին տեղեկությունները։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ