21  11  2019

Ռոբերտ Քոչարյանին սպանելու համար քիլերներ են բերվել․ խոստովանական․ Հրապարակ



Hraparak.am-ը գրում է․«Նախկին գործարար Ստեփան Սամվելյանը պնդում է, որ 2001 թվականին այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին սպանելու նպատակով Ռուսաստանից վարձու մարդասպաններ է հրավիրել Հայաստան։

«Հրապարակի» հետ զրույցում Սամվելյանը ասաց, որ մոտ 6 ամիս առաջ ինքնախոստովանական ցուցմունք է տվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Սամվելյանի պնդմամբ՝ քիլերներին Հայաստան է հրավիրել Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբոր՝ Արմեն Սարգսյանի հորդորով․«2001 թվականին արդեն ապրում էի Երևանում։ Հոկտեմբերի 27-ը արդեն եղել էր։ Արմեն Սարգսյանի՝ 2 ամիս ինձ խնդրելուց հետո ռուսաստանից քիլեր հրավիրեցի։ Մարդիկ եկան, մեքենա առան ընկան հետևից, Քոչարյանի տեղաշարժը ուսումնասիրեցին։ Քիլերին կանչեցի, որ Քոչարյանին վերացնեն, քանի, որ ինչ-որ տխուր բաներ էր ընկել ականջս, մի խոսքով համաձայնեցի։ Մարդիկ եկան, նստեցին Քոչարյանի պոչին։ Մանրամասն ասել չեմ կարող, քանի որ ստորագրել եմ, որ նախաքննական գաղտնիքը չեմ բացահայտելու, բայց այդ գաղտնիքը ես այդպես էլ չեմ հասկանում, արդեն 6-7 ամիս է նախաքննության գաղտնիք են ասում, ասում են՝ քննություն է գնում, կարող է՝ ես զրպարտում եմ էդ մարդուն, եկեք, ինձ փակեք։ Էս մարդիկ եկան, ինքը չէր կարողանում կողմնորոշվել՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն սպանել, թե՞ Սերժ Սարգսյանին, ծանրութեթև անելով կանգնեց Քոչարյանի գլխին։ Ես համաձայնեցի, տղաները նստեցին էդ ճանապարհի վրա, որտեղով որ Քոչարյանը պիտի անցներ, հետո արդեն պատրաստ էին, որ պիտի վերացնեին ․․․։ Ես իմ կյանքում հավ չեմ մորթել, բայց ինչ անում եմ, անում եմ փայլուն։

Թե կինոներո՞ւմ էր տեսել, թե որտեղ, ինձ ասաց, որ Քոչարյանից հետո ռուսներին էլ պետք է սպանեք։ Ես հասկացա, որ ես իմ ամեն ինչը «վարի եմ տալիս» , պարտքի տակ ընկա, քիլերներին փող տվեցի, գնացին։ Հետո պարզվեց, որ Արմեն Սարգսյանը ջերմացել է Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ․․»,- ասաց Սամվելյանը։

Սամվելյանի խոսքով՝ քիլերները ազգությամբ ռուս են եղել, ինքն անձամբ է ճանաչել․«Քոչարյանին պիտի պայթեցնեին, ամեն ինչը արդեն պատրաստ էր, պիտի պայթեցնեին։ Ես մարամասներ ասել չեմ կարող, չեմ էլ բացառում, որ էս ասելիքով գլխիս փորձանք եմ բերում։ Քիլերները 2 հոգի էին, ռուս, Օմսկի բնակիչ, նախկինում դեսանտներ են եղել։ Տարան դրեցին պայթուցիկը, 1 կիլոմետրի չափ հոսանք քաշեցին։ Սրանց ճանապարհեցի, ընտանիքս վերցրի փախա»։

Մենք փորձեցինք ԱԱԾ-ից ճշտել, թե կա՞ հարուցված գործ՝ Սամվելյանի ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա։ ԱԱԾ-ից այդպես էլ մեր հարցին չպատասխանեցին՝ անընդհատ հետաձգելով պատասխանը։ Փորձեցինք նաև զրուցել Արմեն Սարգսյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ