21  11  2019

Ի՞նչ է պատրաստվում տալ Նիկոլ Փաշինյանը Ալիևին․ 7or.am

Ի՞նչ է պատրաստվում տալ Նիկոլ Փաշինյանը Ալիևին․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Նիկոլի սիրած թեման իրեն նախորդող երկու ղեկավարներին հողերը հանձնելու մեջ մեղադրելն է (ուշագրավն այն է, որ հողերը հանձնելու գաղափարախոս Լևոն Տեր–Պետրոսյանի մասին նա ոչինչ չի ասում)։

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանին Նիկոլը մեղադրում է, իբր, Մեղրին հանձնելու մեջ։ Ու թեև Մեղրին տեղում է, բայց միևնույն է փչացած «պլաստինկան» շարունակում է պտտվել։

Մեղրիի պահով միակ տրամաբանական հարցն այն է, որ եթե Մեղրին հանձնում էր 2–րդ նախագահը, ապա ինչո՞ւ Հեյդար Ալիևը չվերցրեց։ Չէ՞ որ Մեղրիի հանձնումը ենթադրում էր, որ հանձնված է լինելու նաև Արցախի առնվազն հարավային ամբողջ հատվածը՝ Իրանի հետ սահմանագծով։

Ի՞նչ է, Հեյդարը հիմա՞ր էր, որ չվերցրեց, թե՞ հիմար են բոլոր նրանք, ովքեր հավատում են «Մեղրին հանձնում էր» ձևակերպմանը։ Պատասխանն ակնհայտ է։

Իր նախորդներից երկուսին մեղադրելով հող հանձնելու մեջ՝ Նիկոլը հայտարարում է, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որը ասում է, որ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է բավարարի նաև ադրբեջանական ժողովրդին։

Նախ նկատենք, որ նա, միակն ու անկրկնելին երևալու մոլուցքի ազդեցության տակ, սուտ է ասում։ Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ցանկություն ուներ և ունի նաև Նիկոլի գաղափարական հայրը՝ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Դեռ պատերազմի տարիներին վերջինս, հանդես գալով «Կոմսոմոլսկայա Պրավդայում», մասնավորապես նշել էր. «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները՝ իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»։

Հիմա նույն ձևակերպումը՝ նաև Ադրբեջանին բավարարելու պատրաստակամությունը, կրկնում է Նիկոլ Փաշինյանը, բայց ասում է, որ ինքն այդ առումով տարբերվում է բոլորից։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ավելիին, քան նույնիսկ Լևոն Տեր–Պետրոսյանը։

Հետաքրքիր է, թե ուրիշ էլ ի՞նչ է պատրաստ տալ Նիկոլն Ալիևին, քան պատրաստ էր Տեր–Պետրոսյանը։

Ալիևը Սյունիքն ու Երևանն է պահանջում։ Սա՞ է պատրաստվում բավարարել Նիկոլը։

Կորյուն Մանուկյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ