20 11 2019

Մենք ձգտում ենք վերադարձնել պարտքը Սիրիային․ ԱԽ քարտուղարը՝ Մոսկվայում

Մենք ձգտում ենք վերադարձնել պարտքը Սիրիային․ ԱԽ քարտուղարը՝ Մոսկվայում

Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպումը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին՝ հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու և ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և անդրադարձել օրակարգային խնդիրներին: «Հաշվի առնելով իմ ելույթի կանոնակարգը՝ տեղեկատվական զեկույցներից ցանկանում եմ առանձնացնել Ռուսաստանի Զինված ուժերի Ինժեներական զորքերի ներկայացուցչի զեկույցը Միջազգային հակաականային կենտրոնի գործունեության վերաբերյալ և մարդասիրական ականազերծման մասին ցուցադրված ֆիլմը:

Այս թեման հետաքրքիր է մեզ նաև այն պատճառով, որ 2019 թվականի փետրվարին Սիրիայում իր առաքելությունն սկսեց հայ մասնագետների խումբը, որի կազմի մեջ են մտնում ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձինք: Հայկական առաքելության գործունեությունն իրականացվում է ռուսական կողմի հետ համագործակցությամբ և նրա տեխնիկական աջակցությամբ»,-ասել է Գրիգորյանը:

Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելուն՝ նշելով, որ կային բազմաթիվ հանգամանքներ: «Առաջինը պատմականն է: Հարյուր տարի առաջ սիրիացիները պատսպարեցին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Եվ այսօր, երախտագիտությամբ հիշելով այդ ժամանակ ցուցաբերած աջակցությունը, մենք, պատկերավոր ասած, ձգտում ենք վերադարձնել պարտքը, օգնել Սիրիային, որը հիմա դժվարության մեջ է, և ինքն ունի օգնության կարիք:

Երկրորդ գործոնը Սիրիայում խոշոր հայկական համայնքի առկայությունն է:

Մեր պետությունը պատասխանատվություն է զգում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Այդ պատճառով, սիրիական կառավարության կողմից պաշտոնական դիմումին համապատասխան, Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առել նաև Հալեպ քաղաքի հայկական համայնքի խնդրանքը:

Երրորդ՝ Հայաստանը, լուծելով սեփական անվտանգության հարցերը, պատասխանատվություն է զգում նաև ընդհանուր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: Այդ առումով մենք միշտ ձգտում ենք ունենալ ընդհանուր գործում մեր ներդրումը, և Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությունը հենց այս տրամաբանության մեջ է»-նշել է ԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ պատրաստվում է «Կենսաբանական անվտանգության և կենսաբանական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը համակարգային կերպով պետք է կարգավորի այդ ոլորտը:

«Նրանում կսահմանվեն պետական մարմինների լիազորություններն ու պարտականությունները, կհաստատվեն հետազոտությունների անցկացման պահանջները, կենսաբանորեն վտանգավոր նյութերի արտադրության, օգտագործման, պահեստավորման, ներմուծման, արտահանման, տարանցման և այլ գործողությունների կանոններն ու կանոնակարգերը, կլուծվեն այլ կարևոր հարցեր: Հիմնական սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք այս ոլորտում, ոլորտի թափանցիկությունն է, Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի դրույթների անվերապահ և հստակ կատարումը:

Այս կոնտեքստում ուզում են առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաները գործում են միայն մեր իրավասության ներքո, մեր պետության պետական գերատեսչությունների ենթակայությամբ և համալրված են բացառապես տեղական մասնագետներով:

Անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին՝ Գրիգորյանը նշեց, որ այնտեղից բխող անվտանգության լուրջ սպառնալիքներից մեկը թմրավաճառությունն է: «Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն մասնակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված միջոցառումներին: Որպես օրինակ նշեմ, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-27-ը ՀԱՊԿ հովանու ներքո իրականացվող «ԿԱՆԱԼ» հակաթմրանյութային տարածաշրջանային համալիր գործողության շրջանակներում իրականացվեց «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» ենթատարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը տեղակայվել էր Երևանում: Գործողությունների մասնակից պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների տարածքն ընդգրկող ահռելի տարածքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է ավելի քան 17 տոննա թմրամիջոց, բացահայտվել է ավելի քան 1600 թմրանյութերի հետ կապված հանցագործություն, ձերբակալվել է թմրավաճառության հետ կապված ավելի քան 2600 անձ:

Որպես Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համագործակցության մեկ այլ ուղղություն՝ կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, 2010 թվականից սկսած, մասնակցում է Աֆղանստանում անվտանգությունը խթանելու համար միջազգային առաքելություններին՝ իր ներդրումն ունենալով միջազգային հավաքական ուժերում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մասնակցել Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը»- ընդգծել է նա և հավելել, որ աֆղանական խնդրի հետ սերտ կապված է օրակարգային մեկ այլ հարց ևս՝ օտարերկրյա ահաբեկիչներից եկող սպառնալիքների չեզոքացմանն ուղղված համագործակցության բարելավումը և ԱՊՀ անդամ պետությունների տարածքով նրանց տեղաշարժի բացառումը:

«Չնայած նրան, որ Հայաստանում օբյեկտիվ պատճառներով բացակայում են բարենպաստ պայմաններ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության և ահաբեկչության ֆինանսավորման համար, մենք հասկանում ենք, որ որպես տարանցիկ ճանապարհ գրոհայինները կարող են օգտագործել նաև մեր երկրի տարածքը: Ներկայումս ոչ ոք չի կարող պնդել, որ կարող է հեռու մնալ այդ գործընթացներից: Այդ պատճառով մենք անընդհատ հսկողության տակ ենք պահում իրավիճակը և հետևում միտումներին՝ պատրաստ լինելով ժամանակին արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխությանը:Մասնավորապես՝ այս տարի ՀԱՊԿ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, անց է կացվել «Վարձկան» օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը, որն ուղղված էր գրոհայինների վերաբաշխումն ու փոխադրումը կանխելուն»:

Ելույթի վերջում Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել դեպք, որ որևիցե կազմակերպություն կամ կառույց դատական կարգով ճանաչվի ահաբեկչական. «Այս առումով մենք, ի տարբերություն այլ երկրների, հանդիսանում ենք բարեկեցիկ երկիր»-եզրափակել է ԱԽ քարտուղարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ