14  11  2019

Գևորգ Կոստանյանը չի մեկնաբանում Սեդա Սաֆարյանի ու Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները

Գևորգ Կոստանյանը չի մեկնաբանում Սեդա Սաֆարյանի ու Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները

168.am-ը գրել է.

««Մարտի 1»-ի գործում կան դրվագներ, որում նշվում է, թե Փաստահավաք խումբ գնալուց առաջ բավականին լուրջ մարդիկ մտել են նախագահական նստավայր, որտեղ նրանց ինստրուկտաժ են արել։ Այդ մարդիկ ցուցմունքներ են տվել, որ ինստրուկտաժ անողը եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկի փաստաբան, նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առհասարակ հրաժարվեց մեկնաբանել Սեդա Սաֆարյանի հայտարարությունը՝ այնուամենայնիվ Ալբերտ Էյնշտեյնի կյանքից մի դրվագ հիշեցնելով:

«Բեռնի համալսարանում Էյնշտեյնին մոտենում է պրոֆեսորներից մեկն ու ասում, որ համաձայն չէ նրա գիտական վերլուծության հետ, ինչին նա պատասխանում է, որ շատ ուրախ է, ու թողնում գնում է: Տարակուսած պրոֆեսորը գնում է Էյնշտեյնի ընկերոջ մոտ, պատմում իր ու հանճարեղ գիտնականի երկխոսությունն ու իր զարմանքն արտահայտում Էյնշտեյնի արձագանքի վերաբերյալ: Էյնշտեյնի ընկերը պրոֆեսորին ասում է, որ մեծ գիտնականը ճիշտ է վարվել, քանի որ Էյնշտեյնի հետ բանավիճելու համար նախ պետք է նրա չափ գիրք կարդացած լինես»,- պատմությունը հիշեցրեց Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, թե սա չի նշանակում, որ ինքն այդքան հանճարեղ է, ու համեմատվում է Էյնշտեյնի հետ, այլ պարզապես առարկայական բանավեճի դաշտ չկա. մասնագիտական դաշտում իրեն որևէ մեկն առարկայական չի առարկել:

«Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանն այն սուբյեկտները չեն, որ ես իրենց ընդհանրապես անգամ քննարկման առարկա դարձնեմ որևէ իրավական հարցի հետ կապված»,- ասաց նախկին գլխավոր դատախազը՝ ներողություն խնդրելով, որ չի կարող խոսակցությունը շարունակել, քանի որ զբաղված է:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանին 168.am-ը հարցրեց՝ արդյոք իրենք գործի նյութերում նման փաստական տվյալի հանդիպե՞լ են: Ի պատասխան՝ նա ասաց, թե չի մտաբերում նման բան:

«Բայց չեմ բացառում, որ լինի, բայց մեզ տված չլինեն»,- նկատեց Հովհաննես Խուդոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ