13 11 2019

Փաստորեն ոչ մի նոր՝ փաշինյանական կետ չկա․ Անդրանիկ Թևանյան

Փաստորեն ոչ մի նոր՝ փաշինյանական կետ չկա․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում արձանագրեց վաղուց արձանագրվածը։ Այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը շարունակում է մնալ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում։ Իսկ դա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման հարցը, հակառակ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» պոպուլիստական բղավոցների և «Արցախը Հայաստանի մարզ է» կեղծ հայրենասիրական քարոզչության, բարեբախտաբար դուրս չի մնացել օրակարգից։ Այլ հարց է, թե հայկական կողմը որքանո՞վ է հետևողական և ունակ լինելու տեր կանգնել արցախահայության ինքնորոշման իրավունքին ու Արցախի միջազգային ճանաչմանը։

Եթե հիշում եք, Փաշինյանն ամեն կերպ խուսափում էր հայտարարել, որ բանակցությունները տեղի են ունենում Մադրիդյան սկզբունքների ներքո և ինքը շարունակում է նախորդ իշխանության թողած կետից։ Նա խոսում էր «սեփական կետից» գործընթաց սկսելու մասին։ Դա, իհարկե, պոպուլիզմ էր ու յուրօրինակ բարդույթի դրսևորում։

Լավրովը «լիստի» տակ գցեց այդ ամենը՝ հայտարարելով, որ ոչ մի նոր՝ փաշինյանական կետ չկա։ Պաշտպանյալը նրան չառարկեց։ Առարկելու բան չկար։

Փաստորեն, Լավրովն օգնեց սրբագրել պաշտոնական Երևանի սխալները՝ նպատակ ունենալով դուրս բերել բանակցային գործընթացը Փաշինյանի ստեղծած փակուղային վիճակից։

Հիմա պետք է շտկել պաշտոնական Երևանի ևս մեկ սխալ։ Վերանայել «Վերելակային» դիվանագիտությունը և վերադառնալ Սանկտ Պետերբուրգի, Ժնևի և Վիեննայի ինստիտուցիոնալ պայմանավորվածությունները կյանքի կոչելու օրակարգին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ