09 11 2019

Ազգային բռնապետության առանձնահատկությունները. Panorama.am

Ազգային բռնապետության առանձնահատկությունները. Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Չգիտես ինչու հակված ենք մտածել, որ բռնապետություն մեզ չի սպառնում,  որ Ադրբեջանում և Թուրքիայում կարող են բանտերը լցնել այլախոհներով ու լրագրողներով , բայց ո՛չ Հայաստանում, որ քաղբանտարկյալներ կարող են լինել որտեղ ասես, բայց ո՛չ Հայաստանում, որ աֆրիկյան երկրները բռնապետ առաջնորդ կարող են ունենալ, բայց ո՛չ Հայաստանը։ Իզուր, շա՜տ իզուր․․․

Եղեռնի վայրագությունների կրկնությանն էլ չէինք սպասում, բայց եղա՞վ չէ Սումգայիթը աչքներիս առաջ։Երևի ազգային առանձնահատկություն է՝ քաղցր խոսքերին հավատալով իրականությունից կտրվելը։ Թերևս հենց դա էլ թույլ տվեց մեր երկրում «թավշյա» բռնապետության սաղմնավորումը։

Սաղմն այդ այնքան ինքնավստահ է իրեն պահում, որ մտածել է տալիս, թե մեր հանրապետությունում թեթև տեսակի դեբիլիզմի վիրուս է տարածված, և մարդիկ վտանգները չեն զգում։Բայց ողջ հարցն այն է, որ ազգովին չվարակվեցինք վիրուսով, ուստիև սաղմի հետագա զարգացումը խոչընդոտվում է։ Երևի դարերով եկած իմունիտետ ունեինք, կամ էլ ուկրաինա-կիրգիզա-վրացական սցենարները լավ չէին ադապտացրել հայկական մտածելակերպին։

Չգիտեին, որ հենց իր տան շեմին ես հասնում՝ ամենափիսիկացրած հայն էլ առյուծ է դառնում՝ «տունս չմտնե՛ս, էրեխուս չկպնե՛ս»․․․Իսկ որ ԼԳՏԲ ու մնացած այլասերվածների հիմնական թիրախը երեխաներն են՝ գիտակցում են բոլորը, որովհետև վտանգը բնազդով են զգում․․․ սերնդի պահպանման բնազդով։

Գուցե հենց ա՞յդ պատճառով են առցանց տիրույթում օրական մի քանի հազարով ավելանում Ռոբերտ Քոչարյանին աջակցող ստորագրությունները։ Ըստ համացանցում եղած պատկերի՝ նոյեմբերի 5-ին միացածների թիվը 21130 էր, իսկ նոյեմբերի 9-ի առավոտյան ՝ 29029։

Ինչ վերաբերում է Հայաստանի մարզերում «Հաղթանակ» շարժման , իսկ Արցախում՝ «Հանուն Արցախի» համազգային շարժման նախաձեռնած ստորագրահավաքներին, կարծում ենք, նախաձեռնողներն իրենք կհրապարակեն թվերը։

Փաստ է, որ ավելանում են այն մարդկանց թիվը, ովքեր սկսում են թոթափել 1999-ի հոկտեմբերից սկսած, 2008-ի մարտին պիկին հասած, և 10 տարի ամենօրյա ռեժիմով կաթեցրած «դաժան մարդասպանի, 4 միլիարդի ու անխիճ թալանի» պատկերները։

Մարդիկ սկսում են հիշել և համեմատել 1994-ի և 2004-ի իրենց իսկ ապրած իրական կյանքն ու կենցաղը։ Սկսում են խորքով գիտակցել, թե ինչ վիճակում կլիներ Հայաստանը, եթե 1998-2008թթ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանը չդառնար։

Փորձենք իրար մեղադրելու փոխարեն հասկանալ՝ ինչի՞ համար մեզ տրվեց այս «թավշյա» փորձությունը․․․ Գուցե նրա համար, որ վերջապես պարզվեն բազմաթիվ մութ էջեր և հասկանանք, թե ինչից մեզ փրկեց Ռոբերտ Քոչարյանը՝ անառիկ պահելով ազգային արժեքները, Արցախն ու ողջ Հայաստանը։

Գուցե եթե նա այն ժամանակ չհեռացներ Լևոն Տեր-Պետրոսյանին իր հակահայ ուժերով, վաղուց արդեն Զանգեզուրում Ալիևն ամառանոց կունենար և նրան թեյ կմատուցեին տրանսգենդերները (ձեռքս էլ չի գնում գրեմ՝ հայ ․․․)։

Եվ մի՞թե այսօր պետք է թույլ տանք այդ ծրագրի վերագործարկումը։ Ո՛չ։ Հանգամանքների դասավորությամբ՝ այս անգամ ևս Ռոբերտ Քոչարյանին է վիճակված հայրենասերներին համախմբելով՝ մաքրել Հայաստանը ազգադավներից։

Այնպիսի տպավորություն է, որ ի տարբերություն մեր հասարակության, ով բաց աչքերով թույլ է տվել գլխիվայր շրջել դեռ թանաքը չչորացած պատմությունը, դրսի աշխարհն ավելի ռեալ է գնահատել Քոչարյանի տասնամյա կառավարման հերոսականությունը՝ անդունդի եզրին հասած երկիրը զարգացման ուղուն դնելու առումով։ Եվ գուցե հենց այդ պատճառով է Ռ․ Քոչարյանի ազատազրկումը վաղուց դադարել մեր երկրի ներպետական հարց լինելուց՝ պարբերաբար դառնալով տարբեր երկրների լրահոսի կարևոր լուրերից մեկը։

Ընդ որում, տարբեր ձևակերպումներով շեշտվում է այն հանգամանքը, որ միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է փրկել Հայաստանն ու Արցախը առկա վտանգներից, և հենց դրա համար էլ շարունակվում է նրա ապօրինի մեկուսացումը։

Տեսակետն այդ բնավ վերացական չէ, այլ լիովին հիմնված է Ռոբերտ Քոչարյանի բացառիկ ունակություների վրա։ Օրինակ, նոյեմբերի 5-ի դատական նիստում նախագահ Քոչարյանի 6 րոպեանոց ելույթն անհամեմատ հստակ ու բովանդակալից էր, քան օրեր-շաբաթներ- ամիսներ նրան մեղադրողների ճառերը միասին վերցրած։

Էլ չենք խոսում մեկուսարանից «Sputnik Արմենիա» գործակալության ուղարկած հարցերի պատասխանների մասին, որտեղ փորձագիտական հմտությամբ վերլուծված են «Համաշխարհային քաղաքականության նոր շրջափուլի մասին», «Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին», «Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին» թեմաները։

Ահա թե որն է իրական ուժը։ Վերջին մեկուկես տարում ոչ մի անգամ նման վերլուծություն չենք լսել որևէ կառավարչից, առավել ևս վարչապետից։ Լսել ենք միայն «հաթաթաներ», սպառնալիքներ, անվերջ արդարացումներ և դեմագոգիա․ իսկ անելիքները միայն ենթադրական ապառնիով են՝ «կբացենք, կստեղծենք, կկառուցենք, կավելացնենք․․․»։

Եվ միթե զարմանալի է, որ գնալով ավելի ու ավելի քչերն են խաբվում նորաբույծ էլիտայի իմիտացիոն կառավարմանը։ Ախր, ոչինչ շնորհքով անել չեն կարողանում, հաջողացրել են անգամ դեբիլիզմի վիրուսը սխալ տարածել և ավելի շատ իրենք են վարակվել։ Իսկ առողջ մնացածները թույլ չեն տալիս հիվանդությունը համատարած դարձնել։ Հետևապես և մեր ազգային բռնապետության առանձնահատկությունը հեքիաթային վիշապիկների երախներից ժայթքող կրակե շիթերն են, որոնք թեկուզև ժամանակավոր, բայց իրական հրդեհներ են առաջացնում։ Կանգ առնելու ժամանակն է, քանի դեռ հեքիաթը սարսափ ժանրի չի վերածվել։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ