05 11 2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Ան Լինդեին Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում:

Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են և հիմնված են ամուր ու բարեկամական համագործակցության վրա՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

ԱԳ նախարարները մտքեր են  փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ուղենշելով առկա համագործակցության առավել զարգացման և նոր ոլորտների ներգրավման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը, այդ թվում՝ տեղում դիվանագիտական ներկայության ամրապնդումը:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների շրջանակում Շվեդիայում անցկացվող նախարարական հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն ընդգծել են, որ այն հնարավորություն է ընձեռում գնահատելու ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ Եվրոպայում ավելի մեծ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ուղղված հեռանկարները:

Զոհրաբ Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրերը և վերահաստատեց ՀՀ կառավարության հանձնառությունն՝ ուղղված մարդու իրավունքների խրախուսմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատաիրավական բարեփոխումներին: Այդ գործընթացներում ԱԳ նախարար Մնացականյանը մեծապես արժևորել է Շվեդիայի իշխանությունների՝ Հայաստանին տրամադրվող աջակցությունը:

Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է կանանց և երիտասարդության լայն ներգրավումը: Այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խթանելու կանանց ակտիվ մասնակցությունը հանրային կյանքում, ազգային և գլոբալ մակարդակներով, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի շրջանակում:

Կողմերն անդրադարձ  են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի: Զոհրաբ Մնացականյանն Ան Լինդեին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները և այդ առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք կարևորվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների իրականացումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ