05 11 2019

Յովանովիչի՝ ուկրաինական և հայկական խառնակչությունը. Top-News.am

Յովանովիչի՝ ուկրաինական և հայկական խառնակչությունը. Top-News.am

Top-News.am-ը գրում է.

«Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի շուրջ զարգացումները նոր ընթացք են ստանում։

Մենք վերջերս անդրադարձել էինք նախագահ Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի՝ Յովանովիչին վերաբերող հատվածին և որոշ փաստեր հրապարակել նրա հայաստանյան գործունեության դրվագներին, որոնք, ինչպես և Ուկրաինայում, աչքի են ընկնում ընդգծված կողմնապահության և խառնակչության տարրերով։

Հոկտեմբերի 11-ին Թրամփի իմպիչմենտի քննության ընթացքում Յովանովիչը հայտարարել է, որ սպառնալիքներ է նկատել Թրամփի և Զելենսկու հեռախոսազանգի ընթացքում նախագահի կողմից իր մասին արված քողարկված դիտարկումից։ «Նա ինչ-որ բաների միջով պիտի անցնի»,- ասել էր Թրամփը։

Վկայության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 11-ին, Յովանովիչը ասել է, որ շոկի մեջ է նախագահի ասածից. «...Ես չգիտեի, թե դա ինչ էր նշանակում, ես շատ անհանգիստ էի, և մինչ այժմ անհանգիստ եմ»։

Ժամանակին Ուկրաինայի արդարադատության նախարարը զգուշացրել էր Յովանովիչին, որ նա ուշադիր լինի թիկունքից հարվածներից։ Յովանովիչը Ուկրաինան լքել է մայիսին, մի քանի ամիս ավելի վաղ, քան իր ծրագրավորված մեկնումն էր։ Յովանովիչի խոսքերով՝ նրա ղեկավարն ասել է, որ անմիջապես պետք է վերադառնա ԱՄՆ, և դա իր իսկ անվտանգության համար է։

Ուկրաինայում նախագահ Պորոշենկոյի օրոք Մարի Յովանովիչն, ըստ էության, եղել է կոռումպացված համակարգի՝ որոշակի գործառույթներով օղակներից մեկը եւ հակակոռուպցիոն պայքարի հիմնական խոչընդոտը։ Կա տեսակետ, որ Մարի Յովանովիչի ակտիվ ջանքերով է պաշտոնանկ արվել Ուկրաինայի նախկին դատախազը, որը փորձում էր բացահայտել կոռուպցիոն հայտնի գործեր, որտեղ ներգրավված էին հեղափոխական Պորոշենկոյի թիմերը եւ ամերիկյան ազդեցիկ դեմքեր։ Եւ հենց այդ դատախազի մասին էր Թրամփն ասում.

«… Ես գիտեմ, որ դուք ունեցել եք շատ լավ դատախազ, որին հեռացրել են... դա անարդար է...»։ Ըստ էության՝ դեսպան Յովանովիչը ստորադասել է իր պետության՝ ԱՄՆ շահերը և հետապնդել ֆինանսական շրջանակների շահերը, հավանաբար՝ անմասն չմնալով։

Մարի Յովանովիչը 2008-2011 թվականներին եղել է ԱՄՆ դեսպանը Հայաստանում, և որոշ բացահայտվող դիտարկումներ վկայում են, որ նա գրեթե նույն ձեռագրով աշխատել է նաև Հայաստանում։

Վիկիլիքսի գաղտնազերծված ֆայլերում է դեսպան Մարի Յովանովիչի գաղտնի նամակը ԱՄՆ պետքարտուղարությանը.

«Հայաստանում քաղաքական գործիչներին պատկանող սեփականության մասին հավաստի եւ հիմնավոր տեղեկություններ հայթայթելը շատ դժվար է, սակայն լավ կապեր ունեցող գործարարներից մեկը պատրաստակամություն է հայտնել՝ գաղտնի տեղեկատվություն փոխանցել իշխող քաղաքական գործիչների տնտեսական շահերի մասին»։

Այնուհետեւ ամբողջ փաստաթուղթը հիմնվում է մեկ անձի հետ ունեցած զրույցի վրա, որի արդյունքում Յովանովիչը փորձում է կազմել հնարած մի բուրգ՝ դրանցում ընդգրկելով տարբեր քաղաքական գործիչների եւ գործարարների։

Յովանովիչի՝ ԱՄՆ ուղարկվող տեղեկատվության աղբյուրը, ըստ էության, հիմնված է եղել ընդդիմադիր հայացքներով հայաստանյան խոշոր գործարարի ասածների վրա։ Թե ո՞վ է նա, մենք ստույգ չգիտենք, սակայն Վիկիլիքսի տվյալներից պարզ է դառնում, որը նա ԱՄՆ դեսպանին տվել է ակնհայտ սուտ տեղեկություններ ոչ միայն այն ժամանակվա իշխանությունների վերաբերյալ, այլև, պարզ ասած, սուտ մատնագրություն է տվել իր գործարար ընկերների մասին։

Հետագայում Վաշինգտոն ուղարկված զեկուցագրերում այդ սուտ մատնագրերի, բամբասանքի հիման վրա Յովանովիչը նկարագրում է տարբեր քաղաքական-բիզնես սերտաճման կապեր, քաղաքական դեմքերի բիզնես հետաքրքրությունների հնարավոր սխեմաներ։

Ինչպես արդեն նշել էինք, անգամ այդ նամակում խոսք չկա Քոչարյանի «4 մլրդ»-ի մասին, հավանաբար՝ խիստ անիրատեսական լինելու պատճառով։ Թեև վստահ ենք, որ ինֆորմատոր-գործարարը դրա մասին ասած կլինի, քանի որ դրանից անմիջապես հետո ռուսական երկրորդական նշանակության մեդիայով սկսվեց Քոչարյանի 4 մլրդ-ի մասին տեղեկատվական արշավը՝ «Версия» 2010 թ., «Век», «The Moscow post» եւ այլ՝ լայն հանրության անծանոթ մեդիայով, որից հայկական որոշակի ուղղվածության մամուլը սկսեց անմիջապես մեջբերումներ անել։

Հիշեցնենք նաև, որ Յովանովիչի նամակից ավելի վաղ, ըստ Վիկիլիքսի, հայաստանյան քաղաքական եւ բիզնես էլիտայի մասին եղել է նաեւ մեկ այլ նամակ՝ Երեւանում ԱՄՆ դեսպանատնից դեպի պետքարտուղարություն, որտեղ հստակ նշված է. «փաստաթուղթը պաշտոնական բնույթ չի կրում եւ դրանում առկա տեղեկատվության մի մասը հիմնված է տարբեր բամբասանքների եւ սպեկուլյացիաների վրա (The following is our guide to who owns what in Armenia, with the caveat that some of the information is based on rumor and speculation):

Ամերիկյան մեր աղբյուրների միջոցով մենք փորձում ենք պարզել Հայաստանից ուղարկված ապատեղեկատվության և ուղղորդված կեղծիքի իրական աղբյուրները՝ քաղաքական շրջանակներ, միջնորդներ և, գուցե, դա ֆինանսավորած խոշոր բիզնեսի ներկայացուցչին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ