30  10  2019

ՀՔԾ պետը Բաբայանի տեսակցությունների արգելքից տեղյակ չէ, Թովմասյանից էլ չի խոսում



Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Հրայր Թովմասյանի վերաբերյալ այլ հարցերի չպատասխանեց։ Փաստաբանների գնահատականին, թե Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Սասուն Խաչատրյանն արձագանքեց․ «Ես մի քանի առիթով ասել եմ, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է, ղեկավարվում է միայն օրենքով»: Հարցին, թե ինչո՞ւ կալանավորվեց Արսեն Բաբայանը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, թե նպատակը մեղադրյալի պատշաճ վարքագիծ ապահովելն է։ Հարցին, թե ինչու է Արսեն Բաբայանի հետ երեխաների տեսակցությունն արգելվել, ՀՔԾ պետն արձագանքեց, որ նման տեղեկություն չունի։ «Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կալանավորվել է հոկտեմբերի 24-ին: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում արգելված է Արսեն Բաբայանի տեսակցությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ