29 10 2019

Հայաստանում կորեացի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 38%-ով․ Ավինյան

Հայաստանում կորեացի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 38%-ով․ Ավինյան

Հոկտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին:

Տիգրան Ավինյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա նշանակումը զգալի խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Սոկ-Բեն ասել է, որ ջանք չի խնայի հայ-կորեական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար: Նա նաեւ շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ եւ նշել, որ Կորեան պատրաստակամ է Հայաստանի հետ կիսել իր փորձառությունը:

Փոխվարչապետը կարեւորել է վերջերս ուժի մեջ մտած Ներդրումների խթանման եւ պաշտպանության համաձայնագիրը, ինչը անհարժեշտ ազդակ եւ իրավական հիմք կդառնա երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար: Տիգրան Ավինյանը նաեւ գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում առկա առաջխաղացման կապակցությամբ. 2019թ. առաջին կեսին 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կորեացի զբոսաշրջիկների թվաքանակը ավելացել է 38%-ով: Այս համատեքստում կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եւ Կորեայի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն ունենալու հարցը:

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Կորեական միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրած զարգացման աջակցության համար: Քննարկվել է գործակալության կողմից Հայաստանում նոր ծրագրերի իրականացումը:

Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Տիգրան Ավինյանն առաջարկել է ուսումնասիրել կորեական բարձր տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական  մասնաճյուղ բացելու հնարավորությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ