28 10 2019

Կարևոր վկան պետք է չեզոքացվի. գեներալ Մանվել Գրիգորյանի առեղծվածը. Yerkir.am

Կարևոր վկան պետք է չեզոքացվի. գեներալ Մանվել Գրիգորյանի առեղծվածը. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Ման-վե՜լ», «Ման-վե՜լ», «Ման-վե՜լ». շատերն են հիշում այս վանկարկումները 2008 թ․ փետրվարի այն թեժ օրերին, երբ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, վիճարկելով փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, բազմահազարանոց հանրահավաքներ էր իրականացնում Երևանի Ազատության հրապարակում։ Ի՞նչ էր դա նշանակում, ո՞ր Մանվելի մասին էր խոսքը, ի՞նչ, որչա՞փ կամ որտեղի՞ց գիտեին հանրահավաքի մասնակիցներն այդ մասին՝ կարծես այդքան էլ էական չէր, էականն այն էր, որ «Մանվելը» միանում էր հանրահավաքին, ընդդիմությանը, Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը։ Միանում էր, բայց չմիացավ։ Այն ժամանակ՝ այսքանը միայն։

2018 թ. իշխանափոխությունից հետո  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնեց դատարանի առաջ, և նրան մեղադրեցին 2008 թ. նույն շրջանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հակասահմանադրական գործունեության մեջ։ Չխորանալով քրեական գործի մանրամասների մեջ և ընդհանրացված կերպով ներկայացնելով մեղադրանքը՝ Քոչարյանը կասկածվում է 2008 թ. փետրվարի 23-ին, այսինքն՝ մինչև մարտի 1-ին արտակարգ դրության հայտարարելը, հատուկ գաղտնի հրամանով («0038») ռազմական խմբավորումներ ստեղծելու և պետության զինված ուժերը ներքին հարցերի կարգավորման մեջ ներքաշելու համար։ Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարի 22-ին Քոչարյանը վերադարձել էր Ռուսաստանից, որտեղ  եղել էր աշխատանքային այցով և, հասկանալով իրերի դրությունը, փետրվարի 23-ին, զինվորական բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, խորհրդակցություն էր կազմակերպել նախագահական նստավայրում։ Այդ հանդիպումն այսօր դարձել է դատաիրավական մարմիններում քննարկվող խնդիր։

Թե ի՞նչ է կատարվել փետրվարի 23-ին և դրանից հետո՝ մինչև մարտի 1-ի վճռորոշ օրը, հասարակական լայն քննարկումների բովում որոշակիորեն հանրայնացվել է։ Եվ չնայած ակնհայտ կողմնակալ քարոզչական թեզերին, այդուհանդերձ, հասարակական լայն շրջանակները ամենօրյա դատավարական գործընթացների, լրատվամիջոցներում հայտնված  հրապարակումների, կողմերի ելույթների և այլնի միջոցով որոշակիորեն իրազեկված են։

Ի՞նչ իրադրություն էր հանրապետությունում ընտրության օրվան՝ փետրվարի 19-ին հաջորդող օրվանից մինչև Քոչարյանի վերադարձը և փետրվարի 23-ին նախագահի նստավայրում տեղի ունեցած նշյալ խորհրդակցության օրը։ Այս թեման առաջին հայացքից, կարծես, ևս քննարկվել է, սակայն ներկայումս և՛ իշխանական քարոզչամեքենան, և՛ դատաիրավական շրջանակները՝ իրենց բոլոր միջոցներով և մեթոդներով, ամեն կերպ շրջանցում են մի հույժ կարևոր պարագա՝ Մանվել Գրիգորյանի և նրան հարող զինվորական շրջանակների պահվածքն ու գործողություններն այդ վճռորոշ եռօրյա շրջանում։

«Ման-վե՜լ»-ի «մուտքը» իրադարձությունների շրջանակ

Հանրահավաքի մասնակիցների շրջանակներում «Մանվել» արտահայտությունը, որպես սկիզբ առած պայքարին մոտալուտ հաղթանակ բերող խորհրդանիշ, որպես իշխանության փլուզման, որպես իշխանության մեջ 5-րդ շարասյան ձևավորման ցնծալի լուր, սկսեց շրջանառվել ընտրությանը հաջորդող օրը՝ փետրվարի 20-ին։ Այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը յուրօրինակ անակնկալ ունի և շատ շուտով կհայտարարի կարևոր մի բան։ Եվ դա չուշացավ. հենց հաջորդ օրը նա հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ, որոնք համաձայնել են միանալ ցուցարարներին։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանն այդ ժամանակ և՛ պաշտպանության նախարարի տեղակալն էր՝ գեներալ-լեյտենանտի կոչումով, և՛ «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահը։ Այդ պահից սկսյալ՝ ցուցարարները «Լե-վո՜ն»-ի փոխարեն կամ միաժամանակ սկսեցին վանկարկել նաև «Ման-վե՜լ»։

Պաշտպանության նախարարի մյուս տեղակալը, որի հետ հանդիպման մասին հայտարարեց Տեր-Պետրոսյանը, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն էր, որին մարտյան իրադարձություններից կարճ ժամանակ անց՝ 2008 թ. ապրիլի 23-ին, նախագահ Սերժ Սարգսյանն ազատեց աշխատանքից:

Զինվորականները՝ մեծ քաղաքականության մե՞ջ

Ի՞նչ էր նշանակում այս ամենը: Նախ և առաջ փաստենք՝ ԵԿՄ-ում և դրա շուրջը համախմբված էին ոչ միայն բանակում ծառայող բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, այլ նաև հարյուրավոր պահեստազորայիններ ու ռազմական շրջանակների այլևայլ ներկայացուցիչներ։ Այսինքն՝ ԵԿՄ-ն՝ եթե ոչ ամբողջովին, ապա գոնե դրան մոտ աստիճանի ռազմականացված մի կառույց էր, և դրանով, Մանվել Գրիգորյանի հետ, ցուցարարների կողմն էին անցնում և՛ բանակի գործող ու պաշտոնաթող սպաներ, և՛ ռազմականացված կառույցի՝ ԵԿՄ-ի ղեկավար կազմն ու դրան հարող շրջանակները։

Զինված հեղաշրջման փորձի ձախողումը

Իրազեկ անձանց հավաստի տեղեկություններով՝ այդ օրերին ԵԿՄ-ի շենքում եղել  են շուրջ 500 զինված անձինք, որոնց, ըստ նույն տեղեկությունների, տրամադրվել է ֆրանսիական արտադրության զինվորական համազգեստ, և այդ 500-յակը, կազմ ու պատրաստ, սպասել է հրահանգի, որպեսզի գրոհի կառավարական շենքերն ու նախագահի նստավայրը։ Երևի թե շատերը մոռացել են, բայց այդ օրերի ականատեսները լավ են հիշում՝ այդ օրերին կառավարական շենքերում բացակայում էին ոստիկանները. նրանք, հավանաբար, փախել էին, իսկ նրանց փոխարեն պետական բարձրագույն այդ հիմնարկների միջանցքներում երևում էին հայտնի օլիգարխներն ու նրանց շրջապատը։ 

Զինված հեղաշրջման փորձն ունեցել է կարճատև, այդուհանդերձ, բավականին ակտիվ նախապատրաստական փուլ. Լևոն Տեր-Պետրոսյան – Մանվել Գրիգորյան ակտիվ բանակցությունները կարճ ժամանակում տվել են ցանկալի արդյունք, և զինվորական շրջանակներում առանցքային դերակատարություն ու հեղինակություն ունեցող գեներալը, ըստ այդ օրերին շրջանառվող տեղեկությունների, համաձայնել էր արշավել կառավարական մասնաշենքերի վրա, համաձայնել էր խորտակել իշխանական նստավայրերի դռները՝ թույլ տալով գազազած ամբոխի մուտքն այդ շենքեր, և իշխանափոխությունը կամ, տվյալ պարագայում, իշխանության՝  զենքի ուժով բռնազավթումը կդառնար կայացած իրողություն։

Ամենևին չի բացառվում, որ տերպետրոսյանական-փաշինյանական զանգվածային ելույթները և տասնյակհազարավոր մարդկանց հրավիրելը Ազատության հրապարակ ոչ թե ընտրությունների վիճարկման արդյունք էր, այլ Լևոն Տեր-Պետրոսյան-Մանվել Գրիգորյան (և վերջինիս հարող զինվորական լայն շրջանակեր) ակտիվ բանակցության, այն է՝ զինված հեղաշրջման նախապատրաստման հետևանք։ Այսինքն՝ տեղի էր ունեցել մի գաղտնի կամ կիսագաղտնի բանակցային գործընթաց, որի ամփոփիչ կամ ավարտական փուլը հանդիսանալու էր, փետրվարի 19-ից սկսյալ, հետընտրական հանրահավաքների և զանգվածային գործողությունների (այդ թվում՝ զինված) շրջանը։ 

Մանվել Գրիգորյանը մոտեցավ աղբյուրին, բայց ջուր չխմեց

Ինչո՞վ ավարտվեց Լևոն Տեր-Պետրոսյան-Մանվել Գրիգորյան բանակցություններով նախատեսված գործողությունների շարքը։ Փետրվարի 22-ի ուշ երեկոյան, կրճատելով իր այցի ժամկետները, Մոսկվայից Երևան է վերադառնում նախագահ Քոչարյանը։ Հաջորդ օրն առավոտյան նախագահական իր նստավայրում նա կարճատև, բայց վճռորոշ, այսօրվա դատավարական գործընթացների բովանդակությունից ելնելով՝ իր համար ճակատագրական հանդիպում է ունենում բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ։ Հանդիպման ժամանակ, ըստ հրապարակային և ոչ հրապարակային տեղեկությունների, Քոչարյանը խոսել է կարճ և պահանջել ԵԿՄ-ին հարող զինվորականներից՝ կա՛մ լքել այդ կառույցը և զբաղվել զինվորականի՝ իրենց աշխատանքով, կա՛մ հեռանալ բանակից։ Ըստ չհրապարակված տեղեկությունների՝ նախագահը ծայրահեղ սուր կերպով է արտահայտվել Մանվել Գրիգորյանի հասցեին և տվյալ հանդիպմանը ներկա չգտնվող գեներալից (Մանվել Գրիգորյանը պատճառաբանել է, թե գտնվում է արձակուրդում) պահանջել մինչև երեկո ազատել ԵԿՄ-ի շենքը զինված մարդկանցից, իսկ նրանց շրջանում հավաքույթներն ու քաղաքական քննարկումներն անհապաղ դադարեցնել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Քոչարյանը սպառնացել է հակառակ պարագայում ռազմական ուղղաթիռներով մոխրակույտի վերածել շենքը՝ մարդկանցով հանդերձ։

Քոչարյա՞ն, թե՞ Տեր-Պետրոսյան. Մանվել Գրիգորյանը՝ ճակատագրական ընտրության առաջ   

ԵԿՄ-ում հավաքված կամ, այս պարագայում ճիշտ կլինի ասել, հավաքագրված զինվորականները փետրվարի 23-ին ենթարկվում են Ռոբերտ Քոչարյանի հրամանին և արագորեն լքում են ԵԿՄ-ի շենքը։ Մի քանի օր անց՝ փետրվարի 25-ին, հատուկ հայտարարության մեջ նշելով, որ, ԵԿՄ-ի որոշ անդամներ, խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել երկրապահին ոչ վայել գործունեությամբ, Երկրապահի մի շարք անդամներ դուրս են գալիս ԵԿՄ կազմից։ Նշյալ հայտարարությունը ստորագրել էին` գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, գնդապետ Կորյուն Եղիազարյանը, գնդապետ Մուրադ Աբրահամյանը, գնդապետ Ֆելիքս Պողոսյանը, գնդապետ Արթուր Գրիգորյանը, գնդապետ Պողոս Պողոսյանը, գնդապետ Սամվել Հովսեփյանը, գնդապետ Սայեն Հայրապետյանը, գնդապետ Ներսես Եղոյանը:

Նույն օրը Ազատության հրապարակում ելույթ է ունենում ԵԿՄ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը և հայտարարում, որ երկրապահների գրեթե 98 տոկոսը ցուցարարների հետ է, նաև՝ հավելում, որ միության որոշ անդամներ դուրս են եկել միությունից, բայց ոգով երկրապահների հետ են:

Ինչպես տեսանք, Մանվել Գրիգորյանը չէր ստորագրել հայտարարությունը և մնացել էր ԵԿՄ կազմում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա այդ օրերին ներկայանում էր ՊՆ՝ աշխատանքի։ Նրա՝ ԵԿՄ-ում մնալը կարելի է բացատրել Քոչարյանի կողմից նրա վրա այդ օրերին սահմանված հատուկ հսկողությամբ, և այդ քայլով նախագահը ցանկացել է արդեն վերահսկվող գեներալի միջոցով վերահսկել նաև ԵԿՄ-ի՝ դեռևս ծայրահեղ և Տեր-Պետրոսյանի ազդեցության տակ գտնվող թևին ու դրան հարող համակիր շրջանակներին: Դա ապացուցվեց հետագայում, երբ այդ ամենի արդյունքում Մանվել Գրիգորյանը չձերբակալվեց, ավելին՝ հետագայում ևս շարունակեց գլխավորել ԵԿՄ-ն:

Չնայած առանձին ԵԿՄ-ականների՝ ցուցարարներին կամ, ինչպես իրենք էին հայտարարում, ժողովրդին միանալու փաստերին, այդուհանդերձ, գլխավոր վտանգը, այն է՝ զինված 500-յակին վերապահված գործողությունը, փաստորեն, չեզոքացված էր։ Իսկ ո՞վ չեզոքացրեց այն. Քոչարյա՞նը, որը կտրուկ պահանջ էր դրել ԵԿՄ-ի և Մանվել Գրիգորյանին հարող զինվորականության առջև, ԵԿՄ-ի մեջ գտնվող զինվորականությո՞ւնը, որը դատապարտեց Մանվել Գրիգորյանի կողմնակիցների անխոհեմ քայլերը և մի քանի օր անց դուրս եկավ կազմակերպությունից, թե՞ հենց ինքը՝ Մանվել Գրիգորյանը, որը ճանապարհի կեսից հետ կանգնեց կամ, պատկերավոր ասած, մոտեցավ աղբյուրին, բայց ջուր չխմեց…

Հատկանշական է, որ այդ օրերին Մանվել Գրիգորյանին են զանգահարել կամ անձամբ հանդիպել նաև ՀՀ որոշ քաղաքական-կուսակցական շրջանակների կարկառուն ներկայացուցիչներ, որոնք ևս հորդորել են գեներալին՝ հետ կանգնել այդ մտքից, և, կարծում ենք՝ վերոնշյալ բոլոր հանգամանքները միաժամանակ դեր խաղացին, որ տեղի չունենար պետության դեմ զինված գործողությունների իրականացումը: 

Զինված ջոկատներ էին ձևավորել հայտնի ԵԿՄ-ականներ

Եզրակացնենք՝ ոչ թե Մանվել Գրիգորյանն էր իրեն հարող բարձրագույն զինվորականության և ԵԿՄ-ական շրջանակների հետ մեկտեղ միանում Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ ինքը՝  Տեր-Պետրոսյանը, պետության դեմ էր հանել բանակի գործող փոխնախարարներին, սպաներին, ռազմականացված կառույց հանդիսացող ԵԿՄ-ին: Ըստ այդ օրերին շրջանառվող տեղեկությունների՝ զինված ջոկատներ են ունեցել հայտնի ԵԿՄ-ականներ՝ տվյալ շրջանում ՀՀ ԱԺ պատգամավորներ  Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը («Լեդի» մականունով), Մյասնիկ Մալխասյանը, Թալինի «Սասունցիներ» ջոկատի հրամանատար, հայտնի ԵԿՄ-ական, ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հիմնադիր և երկարամյա ղեկավար Աֆոն (Ալֆրեդ Ներսիսյան, մահացել է 2015 թ.):

Վարկածներ կան, որ նաև այդ ջոկատները կամ այն, ինչ մնացել էր դրանցից Քոչարյանի կողմից ԵԿՄ-ի հետ տարված «հատուկ աշխատանքներից» հետո, ակտիվ մասնակցություն են ունեցել մարտի 1-ի զինված բախումներին և դարձել զոհերի պատճառ (հանուն արդարության՝ փաստենք, որ, օրինակ, Աֆոն (Ա. Ներսիսյան) հետ է կանգնել իր որոշումից և չի մասնակցել հետագա գործողություններին): Վերոնշյալն ավելի հիմնավոր է դառնում, եթե ուսումնասիրում ենք մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները և տեղորոշման վայրերը: Բայց, ինչպես նշեցինք սկզբում, այդ հետագան ածանցվում է այստեղ քննարկվող խնդրին:

Նրանցից շատերը մարտի 1-ի բախումներից հետո պետական իշխանության յուրացման,  զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի զենք կրելու և այլ մեղադրանքներով ձերբակալվեցին, նրանց պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին 15.09.2009 թվականին, իսկ ազատ արձակվեցին  հետագայում: Մեղադրանքներում, այդուհանդերձ, բացակայում են զինված ջոկատների առկայության փաստերը, ըստ երևույթին՝ այն պատճառով, որ իրավապահ մարմինները չհիմնավորեցին այդ ամենը: Ի դեպ, տվյալ հանգամանքը կարելի է բացատրել նաև Սերժ Սարգսյանի հակվածությամբ՝ հետագայում որքան կարելի է մեղմ ձևով հանգուցալուծել այս թնջուկը: Որպես ասվածի ապացույց՝ հիշենք նաև, որ աղմկոտ դատավարություններից և ծանրակշիռ մեղադրանքներից հետո, ի վերջո, դատապարտվածներից որևէ մեկը երկար տարիներ չանցկացրեց բանտում:

Այսօրվա իշխանությունը զինված հեղաշրջման կազմակերպման մեջ «գործող անձ» էր

Անցենք ամենագլխավորին. թե ով էր այդ օրերին ներկայիս ՀՀ վարչապետը, հայտնի է բոլորիս. նա Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքն էր, բեմահարթակում մշտապես նրա կողքին էր, հաճախակի ելույթներ էր ունենում և այլն: Այս ամենը, պատկերավոր ասած, այսբերգի երևացող մասն է: Միանշանակ կյանքի իրավունք ունի այն կարծիքը, որ այդ օրերի իրադարձություններում առանցքային դերակատարում ունեցած Փաշինյանը չի հանդիսացել սոսկ իրադարձությունների մասնակից, բնականաբար, Տեր-Պետրոսյանի կողմից նրան են վերապահվել նաև այդ նույն զարգացումների մեջ կազմակերպչական գործառույթներ: Ավելին, դատելով վերջին շրջանում հրապարակված հեռախոսազրույցներից, այդ գործառույթներին մասնակցել են նաև ոչ անհայտ Ալեքսանդր Արզումանյանը և այլք: Դա ենթադրում է ակտիվ մասնակցություն հանրահավաքների նախագծման, ընդդիմադիր զանգվածների կառավարման, իրավիճակի գնահատման և այլ աշխատանքների: Բայց այդքանով, բնականաբար, չէին կարող սահմանափակվել Փաշինյանի, Արզումանյանի և այլոց գործառույթները: Ամենևին չի բացառվում, որ նրանք մասնակցել են նաև բանակցային գործողություններին, այն բանակցություններին, որոնք վարում էր Տեր-Պետրոսյանը զինվորականների, ԵԿՄ-ի և, ի դեմս փոխնախարարների, ՊՆ-ի բարձրագույն ղեկավարության հետ: Չի բացառվում նաև, որ զինվորականների՝ փաստացի և իրավական առումով պարագլուխ Մանվել Գրիգորյանի հետ բանակցությունները վարել է հենց նրանցից որևէ մեկը:

Բնականաբար, իրավաբանական տարրական գիտելիքները բավարար են՝ հաստատելու համար, որ որևէ խմբի կողմից իրականացվող գործողությունների համար նույնչափ պատասխանատու են ոչ միայն բուն իրականացնողները, այլ նաև խմբավորման մեջ այլ գործառույթներ ունեցող անձինք: Հետևաբար, Տեր-Պետրոսյանի՝ նշյալ շրջանի գործողությունների համար պատասխանատվություն կրող անձանց շրջանակը այս իմաստով կարող է բավականին ընդլայնվել: 

Ինչո՞ւ է մեկուսացվել Մանվել Գրիգորյանը և դանդաղորեն սպանվում է մեկուսարանում

Գեներալին վերագրվող մեղադրանքների տեսակը,  առողջական նման ծանրագույն վիճակի պայմաններում նման կերպ մեկուսացումը և պայմանական ազատ չարձակելը խիստ կասկածելի են: Հիշեցնենք՝ նոր իշխանությունները պայմանական ազատ են արձակել մի շարք անձանց, որոնց առաջադրվել են ոչ միայն նմանատիպ, այլև ավելի ծանր մեղադրանքներ:

Գեներալը սպանվում է երկու հիմնական պատճառներով՝

  1. Նա մահանում է՝ իր հետ անհետացնելով կամ «փրկելով» նաև այն մարդու կամ մարդկանց անունները, որոնք բանակցել են իր հետ՝ պետության դեմ  զինված հեղաշրջում իրականացնելու համար: Բնականաբար, այդ անունները հայտնի են բոլորին, հատկապես՝ ուժային մարմիններին, բայց այստեղ ամենակարևորն այն է, որ այդ անունները չպետք է հնչեն անձամբ իր՝ Մանվել Գրիգորյանի շուրթերից։ Հենց այս պատճառով էլ կարևոր վկան պետք է մահանա։ Սա է հարցերի հարցը: 
  2. Տեր-Պետրոսյանը ասպարեզ եկավ 2008 թվականին՝ մաքրելու իր վրայից «Արցախի և ՀՀ-ի հանդեպ դավադիր քայլեր իրականացրածի» խարանը: Նա եկավ ամեն գնով, այդ թվում՝ արյան, պատմության միջից մաքրելու սև հետքերը և սերունդներին փոխանցելու իր կենսագրականը՝ ժողովրդի արյամբ լվացված, հղկված ու սպիտակեցված տեսքով:

Նշյալ բաղձալի ճանապարհին Տեր-Պետրոսյանին մեծապես խանգարեց նույն ինքը՝ Մանվել Գրիգորյանը:

Նշեցինք արդեն, որ Մանվել Գրիգորյանը հետ կանգնեց իր մտադրություններից կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ չկատարեց Տեր-Պետրոսյանի հետ ունեցած փոխպայմանավորվածությունը: Այդպիսով՝ գեներալը «թռավ Տեր-Պետրոսյանի գլխից», ինչի համար «շեֆը» կամ «շեֆերը» երբեք չեն ներելու նրան:

Եվ գեներալին բանտում սպանում է նրանց վրեժխնդրությունը:

Վահե Սարգսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ