22 10 2019

Դա աբսուրդ է, ՍԴ նախագահի դեմ գործը կկարճվի․ Վահրամ Բաղդասարյան․ Yerkir.am



Yerkir.am-ը գրում է․ «Ես եղել եմ մեծամասնության խմբակցության ղեկավարը, ծանոթ եմ բոլոր փաստաթղթերին, եթե դա հիմնավորված չլիներ, այդ թեկնածությունը ամբիոնից չէր հնչի. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամությունից հրաժարվելու և  ՍԴ նախագահ ընտրվելու օրինականությունը վիճարկելու մասին:

«Դա աբսուրդ է պարզապես. 2018 թ-ի փետրվարի 22-ին Հրայր Թովմասյանը դիմել է ՀՀԿ-ին, նույն օրը դիմումը մուտքագրվել է և մեր կանոնադրության համաձայն՝ հենց դիմելու օրը արդեն դադարեցվում են նրա լիազորությունները: Այսինքն, նա հեռացել է կուսակցությունից  օրենքի տառին համապատասխան, որովհետև առանց այդ թուղթը իմ ձեռքի տակ լինելու մեր խմբակցությունը նիստ չէր անի և չէր տա իր հավանությունը, որ պետք է ձայն տա Հրայր Թովմասյանին»,-ասաց նա:

ՀՔԾ քննիչներն այդ փաստաթուղթը ՀՀԿ գրասենյակից վերցրել են և, Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, շատ մոտ ապագայում հանցակազմի բացակայության պատճառով գործը կկարճվի:

Հրայր Թովմասյանի դուստրերին ու հորը ԱԱԾ կանչելու երևույթը նրա համար անընդունելի է. «Պետք չէ իրավաբան լինել, յուրաքանչյուր պարկեշտ մարդ հասկանում է՝ ինչ է կատարվում. դեռահաս աղջիկներին տանեն 5-6  ժամ ԱԱԾ-ում պահեն, կամ 75 տարեկան հիվանդ հորը տանեն և ասեն՝ այս տանիքը 1992 թ-ին ինչպես է կառուցվել... մենք հասկանում ենք, որ դա ԱԱԾ-ի գործ չէ, ԱԱԾ-ն ավելի լուրջ գործեր ունի կատարելու»:

Վահե Գրիգորյանի՝ ՍԴ մտնելն ու իրեն ՍԴ նախագահ հռչակելը Վահրամ Բաղդասարյանը ռուսերեն բառով բնորոշեց՝ самозванец. «Վարկաբեկելով ՍԴ անդամներին և նախագահին, վարկաբեկում է այս երկրում արդարադատությունը»:

Հրայր Թովմասյանին մյուս նմանատիպ գործիչներից առանձնացնելը և թիրախավորելը նա անընդունելի համարեց և բերեց օրինակներ. «Նույն ձևով ընտրություններին մասնակցել են և լիազորությունները դադարեցրել են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛Ֆելիքս Ցեղակյանը, և՛ Մանե Թանդիլյանը, բազմաթիվ մարդիկ: Այստեղ են սևերի և սպիտակների բաժանումները ցայտուն երևում: Եթե կան 5-6 նմանատիպ դեպք, պետք է հավասարապես բոլորի հարցը բարձրացվի,  եթե ընտրում են մեկին և սկսում են հետապնդել, կարող է բավականին վատ ձևակերպում  ստանալ: Ո՞ւր մնաց մեր սիրո, հանդուրժողականության մթնոլորտը, ո՞ւր մնաց բարիկադների վերացումը»:

Վահրամ Բաղդասարյանը խոսեց նաև Սերժ Սարգսյանին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրելու, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու, հեղափոխության՝ իր զավակներին խժռելու մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ