22 10 2019

Ինչո՞ւ են նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացրել․ պարզաբանում

Ինչո՞ւ են նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացրել․ պարզաբանում

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գրում է․

«Նախորդ տարի այսպես կոչված «պարգեւավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը:

Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգեւատրումային համակարգը, որպեսզի բացառվի այն անհարմար իրավիճակը, երբ պետական պաշտոնյաները պարգեւատրում են իրենք իրենց՝ իրենց սուբյեկտիվ որոշմամբ եւ «աչքաչափով»: Այս նպատակով կայացվել են հետեւյալ կարեւոր որոշումները.

ա) բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսոնոց պարգեւատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով,

բ) սահմանվել է նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգեւատրումների չափեր, համաձայն որոնց նախարարի ամսական աշխատավարձ+պարգեւավճարը կազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը 1 միլիոն դրամ, մարզպետներինը 900 հազար դրամ,

Փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով:

Նաեւ այս է պատճառը, որ այս առնչությամբ լրացուցիչ հանրային իրազեկում չի եղել, որովհետեւ վարչապետը մինչ այդ հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ եւ հռչակել քաղաքական կուրս, ասելով նաեւ, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը:

Հիշեցնենք նաեւ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ քաղաքացիների աշխատավարձների, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել, պրոցեսը շարունակվում է, եւ 2020 թվականի դրությամբ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձներ բարձրացված կլինեն՝ հեղափոխությունից հետո:

Անհեթեթ ենք համարում նաեւ այն մեղադրանքները, թե այս գործընթացը տեղի է ունեցել ծածուկ: Նախ որովհետեւ, ինչպես նշեցի վերը՝ այս տարվա մեկնարկին ծայր առած «պարգեւավճարային աղմուկի» շրջանակներում վարչապետն իր դիրքորոշումները հստակ հայտնել է եւ բացի դա, բոլոր նախարարները տարվա արդյունքներով լրացնում են հայտարարագրեր, որոնք տեղադրվում են համացանցում եւ որոնք հասանելի են ցանկացած քաղաքացու օրվա մեջ 24 ժամ եւ որեւէ նախարարի աշխատավարձ հնարավոր չէ ծածուկ բարձրացնել:

Նշենք նաեւ, որ առավել անհասկանալի է որոշ կուսակցությունների ղեկավարների հայտնած քննադատական դիրքորոշումը: Թող նախկինում իշխանական կոալիցիաների մեջ եղած այդ գործիչներն ասեն, թե ծրարով ինչքան գումարներ են տվել կառավարությունում իրենց ներկայացրած նախարարներին, դա արել են գաղտնի՞, թե հրապարակային, եւ որքանով է օրինական եղել այդ վճարումները եւ արդյոք ծրարով գումար ստացած նախարարներն օրենքով սահմանված կարգով այդ վճարումներից եկամտահարկ վճարել են»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ