21  10  2019

Հնդկաստանի վարչապետի այցը ՀՀ նոր թափ կհաղորդի հարաբերություններին․ Փաշինյան

Հնդկաստանի վարչապետի այցը ՀՀ նոր թափ կհաղորդի հարաբերություններին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Կառավարության ղեկավարը նշել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ընթացքում երկուստեք կարևորել են տարբեր ոլորտներում կապերի ընդլայնումը, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը:

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ, ինչը վկայում է երկու երկրների և ժողովուրդների ամուր կապերի մասին: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Նարենդրա Մոդդիին ուղղված Հայաստան այցելելու իր հրավերը և համոզմունք հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացմանը:  

Կիշան Դան Դևալին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայմամբ և ամրապնդմամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, բիզնես կապերի խորացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին և այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերություններին ու փոխգործակցության ընդլայնմանը:   

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ