20 10 2019

Ժողովրդավարությունը հայտնվել է իսպառ ոչնչացման վտանգի տակ․ Խոսրով Հարությունյան

Ժողովրդավարությունը հայտնվել է իսպառ ոչնչացման վտանգի տակ․ Խոսրով Հարությունյան

Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրում է․

«Մարդկության պատմության ամբողջ ընթացքում պետության զարգացման փուլերի կամ քաղաքական ռեժիմների առանձնահատկությունները ուսումանսիրելիս պատմաբաններին եւ քաղաքագետներին հավերժ հետաքրքրող գլխավոր հարցը եղել է՝ ի՞նչն է հանդիսանում այս կամ այն պետական կազմավորման առանցքային սկզբունքը: Այլ կերպ ասած, ո՞րն է այն առանցքային գաղափարը, որը բնորոշ է տվյալ քաղաքական ռեժիմին:

Մոնթեսկիոն տալով յուրաքանչյուր քաղաքական ռեժիմին՝ միապետությանը, բռնապետությանը կամ հանրապետությանը բնորոշ գլխավոր գաղափարը, անմիջապես ավելացնում է, որ պետությունները քայքայվում կամ կործանվում են բոլոր այն դեպքերում, երբ նրա առանցքային գաղափարը կամ չարաշահվում է կամ մոռացության է մատնվում:

Ի դեպ մարդկությունը իր պատմության ողջ ընթցքում ականատես է եղել նշված պատճառով նույնիսկ ամենաազդեցիկ պետությունների կործանման բազմաթիվ դեպքերի:

Այս համատեքստում եւ հատկապես ի նկատի ունենալով այն հակասական իրավիճակը, որը տիրում է մեզանում այսօր, բոլորովին ավելորդ չէ անդրադառնալ Անկախ Հայաստանի հանրային կյանքի առանցքային գաղափարի իրականացման խնդրին:

Սահմանադրությամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն է: Այսինքն մեզանում հանրային կյանքի կազմակերպման առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունն է:

Այս արձանագրումն աներկբա ենթադրում է (եւ այն սահմանված է մեր Սահմանադրությամբ), որ մեզանում քաղաքացու իրավունքների պաշտապանությունը երաշխավորվում է իրավունքի գերակայության եւ իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկազբունքների հիման վրա:

Ուստի բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ են այսօր մեր իրականության մեջ ապահովվում վերը նշված սկզբունքները կամ, որ նույն է, որքանո՞վ այսօր մեզանում իշխանությունների կողմից հանրային կյանքի կազմակերպումը կարող է բնութագրվել որպես ժողովրդավարության միջազգայնորեն ընդունված արժեքների եւ ընթացակարգերի ապահովմանը միտված գործունեություն:

Պետք չէ առանձնապես խորաթափանց լինել փաստելու համար, որ սահմանադրական դատարանի եւ մասնավորապես նրա նախագահի հանդեպ իշխանությունների քաղաքական հետապնդումները, ինչպիսի հիմնավորմամբ եւ գործիքակազմով էլ դրանք իրականացվեն, ոչ այլ ինչ են, քան դատական իշխանությունը գործադիրի քաղաքական ազդեցության տակ վերցնելու անթաքույց դրսեւորում եւ ուղղակի հանդիսանում են իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքի ոտնահարում:

Հետեւաբար, առանց սխալվելու հավանականության կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանում, շուրջ 30 տարվա անկախությունից հետո, ոչ թե մոռացության է մատնված կամ չարաշահված է հանրային կանքի առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունը, այլ այն հայտնվել է իսպառ ոչնչացման վտանգի տակ:

Եվ միայն Սահմանադրական դատարանի որոշ դատավորների մասնագիտական սկզբունքայնության եւ Սահմանադրական դատարանի դատավորի հանրային բացառիկ առաքելության գիտակցման շնորհիվ է դեռեւս հաջողվում կասեցնել մեզանում ժողովրդավարության գահավիժումը: Անշուշտ, ժամանակը դեռ կտա այդ դատավորների քաղաքացիական խիզախության իրական գնահատականը:

Ստիպված ենք ցավով արձանագրել, որ անկախության տարիների ողջ ընթացքում երբեք ‹‹ուժն է ծնում իրավունքը›› կործանարար սկազբունքը հանրային կյանքում եւ շփումներում այս աստիճանի լեգալացված չի եղել: Եվ ամենատարակուսելին այն է, որ այդ երեւույթի հեղինակը՝ Սահմանադրության երաշխավորը հանդիսացող իշխանությունն է:

Այդ ամենի արդյունքում մենք հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման եւ մեր անկախ պետականության անվերականգնելի կորուստների մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ:

Համոզված եմ, որ մեր հասարակությունը ունակ է բռնել պատմության այդ քննությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ