18 10 2019

Պահանջեք դադարեցնել զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի նկատմամբ․Չալաբյան

Պահանջեք դադարեցնել զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի նկատմամբ․Չալաբյան

 «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է․

«Շաբաթվա սկզբին ես գրել էի նրա մասին, որ եկել է ժամանակը Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամին օրինական, սահմանադրական լուծում տալու, եւ դրանով կանխելու նրա հետագա խորացումը, երկրի հեղինակությանը հասցվող հետագա վնասներով։

Բայց արի ու տես, որ գործող իշխանությունը դրա փոխարեն որոշեց գնալ բոլշեւիկների լավ փորձված ճանապարհով, ինչ որ մի նորօրյա «Պավլիկ Մորոզովի» կեղծ մատնությամբ հերթական մատից ծծած քրեական գործը հարուցելով Հրայր Թովմասյանի նկատմամբ, անթաքույց ճնշում գործադրելով իր ընտանիքի անդամների, ներառյալ ծեր ծնողների եւ երեխաների հանդեպ, եւ վերածելով այս ամենը արդեն զզվելի դարձող, եւ ստալինիզմը հիշեցնող ֆարսի։

Չեմ կասկածում, որ այսօր էլ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ «Հրոյին հասնում է»։ Ով որ այդպես է ասելու, խնդրում եմ սկզբից մտածի, թե ինչ երաշխիք կա, որ վաղը նույնը չի լինելու իր հետ, կամ ցանկացած իր մերձավորի, որը նախորդ իշխանության օրոք որեւէ պաշտոն է զբաղեցրել, կամ նույնիսկ անպաշտոն, ինչ որ մի ծառայություն է մատուցել իշխանությանը, կամ ինչ որ մի փոքր զանցանք է գործել, կամ էլ ընդհանրապես ոչ մի բան չի արել, պարզապես մեկ այլ «Պավլիկ Մորոզովի» դուրը չի գալիս։

Եթե այսօր թույլ տանք, որ մեր երկիրը գնա այս ճանապարհով, վաղը կանգնել չի լինի, աստիճանաբար կհասնենք մինչեւ 37 թիվ։ Եթե կարծում եք, որ դա հնարավոր չի, մտածեք, ինչպես հնարավոր դարձավ, որ «Թավշյա, ոչ բռնի, սիրո հեղափոխությունից» մեկ ու կես տարի անց մեր երկրում այսքան ավելացել է բռնությունը, փողոցում ոստիկաններ են զոհվում, ատելությունը թունավորել է հասարակության կյանքը, ու ամեն օր զարթնում ենք մի որեւէ սկանդալային նորությամբ։

Ինչպես հնարավոր դարձավ, որ մերժելով անցյալը, մենք հայտնվեցին հիմա մի տեղ, որ օր օրի ավելի շատ է նմանվում այդ նույն անցյալին, ընդ որում նրա վատթարագույն դրսեւորումներով։

Իսկ եթե համաձայն եք հետս, միացեք իմ կոչին, պահանջեք դադարացնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի եւ ընտանիքի նկատմամբ, եւ ՍԴ հարցը լուծել իրավական, լեգիտիմ դաշտում, այնպես, որ այն ական չդառնա հաջորդ իշխանության համար, եւ թույլ տա երկիրը տանել ժողովրդավարության եւ զարգացման ճանապարհով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ