17  10  2019

Հայ-ադրբեջանական հակամարտությունը ամերիկյան «Seal Team» սերիալում. Հետք

Հայ-ադրբեջանական հակամարտությունը ամերիկյան «Seal Team» սերիալում. Հետք

«Հետք»-ը գրում է․ 

-12 ժամ առաջ հայկական ուժերը խախտել են Ադրբեջանի հետ զինադադարը վիճելի Լեռնային Ղարաբաղում,- բացատրում է ամերիկյան ծովային ուժերի հատուկ հետախուզության սպան իր զինակիցներին։

-Ինչների՞ս է պետք էս վեճը էն երկրների միջև, որոնց անունը ես նույնիսկ չեմ կարողանում արտաբերել,- հարցնում է նրան զինվորներից մեկը։

-Ադրբեջանը Կասպից ծովում մեր միակ դաշնակիցն է... Ռուսաստանն ու Իրանը սրում են իրավիճակը, և մենք չենք կարող թուլանալ,- պատասխանում է սպան։

Սա ամերիկյան CBS հեռուստառադիոցանցով հեռարձակվող «Seal Team» սերիալի երրորդ սեզոնի վերջին սերիայից խոսակցության մի հատված է։

Սերիալը ամերիկյան հատուկ հետախուզական թիմի անդամների մասին է, ովքեր այցելում են աշխարհի տարբեր թեժ կետեր և լուծում են ամերիկյան արտաքին շահերի հետ կապված որևէ կարևոր խնդիր։ Սերիալի ամեն թողարկում ունենում է մոտավորապես 5 միլիոն դիտում, այն դասվում է միջին վարկանիշ ունեցող սերիալների ցանկում։ «Seal Team»-ի ամենաթարմ թողարկումը հեռարձակվեց երեկ երեկոյան։

Նոր մարտահրավերները լուծելու համար այս անգամ թիմը գալիս է մեր տարածաշրջան։

Սյուժեն

Սերիալի այս թողարկման մեջ իրադարձությունները պտտվում են Ադրբեջանում գտնվող մի էլեկտրակայանի շուրջ։ Այն կարեւոր է տարածաշրջանում ուժերի բալանսը պահելու հարցում եւ, ըստ եղած տեղեկությունների, ինչ-որ չար ուժեր էլեկտրակայանը գրավելու պլաներ ունեն։

Հատուկ հետախուզության սպաները կասկածներ ունեն, որ այդ չար ուժերը «հայ լոյալիստներ, շիա աշխարհազորայինները ու արտաքին ուժերն են, որոնք նպատակ ունեն նվազեցնել ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում»։

Հստակ չէ, թե ովքեր են հայ լոյալիստները և ինչ կապ ունեն նրանք շիա աշխարհազորայինների հետ։

Բուն օպերացիայից առաջ՝ ճեպազրույցի ընթացքում, գալիս են այն եզրահանգման, որ հարձակում պլանավորող խումբը հայ աշխարհազորայիններն են, որոնք նպատակ ունեն գրավել էլեկտրակայանը և օգտագործել այն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ՝ Ադրբեջանին ստիպել զիջումների գնալ։ Իսկ «Seal Team»-ի օպերացիան պետք է պաշտպանի ԱՄՆ դաշնակից Ադրբեջանին այս հարձակումից։ Ինչպես և գրեթե բոլոր դեպքերում, այս օպերացիան գաղտնի է։

Ի՞նչն է խնդիրը

Երեկ երեկոյան՝ բուն թողարկման հեռարձակումից առաջ, ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոս Նասիմ Աղաևը իր թվիթերյան էջում հրապարակել էր թողարկման մեկուկես րոպեանոց թրեյլերը։

Այն վրդովմունքի պատճառ է դարձել համացանցում։

 

Թողարկման մեջ տեղ գտած խոսակցությունների բովանդակությունը, գեոպոլիտիկ կոնտեքստի թյուր ներկայացումն ու ադրբեջանական կողմին ակնհայտ սատարելու փաստը քննադատության տեղիք է տվել։

Այսպես, «Թվիթեր»-ում շատ օգտատերեր (և՛ հայ, և՛ արտասահմանցի) կասկածներ են հայտնել այն մասին, որ թողարկման կողմնակալությունը, հնարավոր է, կապ ունի ադրբեջանական լոբինգի հետ։ Հյուպատոս Աղաևի թվիթը շատերը համարեցին այս կասկածն ապացուցող հանգամանք։

Սերիալում հայկական կողմի նկատմամբ օգտագործվում է «թշնամի» սահմանումը, Ադրբեջանը ներկայացված է հիմնականում դրական լույսի տակ, որպես ԱՄՆ միակ դաշնակից՝ թշնամական Ռուսաստանի և Իրանի միջև։

Ամերիկայի ազգային խորհուրդը դատապարտել է CBS-ին «Seal Team-ի կողմնակալ թողարկումը Ազերի բռնապետությունը որպես ԱՄՆ «միակ դաշնակիցը» գովաբանելու և հայերին որպես ագրեսոր ներկայացնելու» համար։

Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն նույնպես քննադատել է հեռուստառադիոցանցը «Արդյո՞ք CBS-ը նույնպես գումար է ստանում Ալիևից։ Սա թողարկման անհեթեթ սյուժեի միակ բացատրությունն է...»։

Ինչպե՞ս ավարտվեց ամերիկյան օպերացիան

 

Ինչպես նշվում է eurasia.net-ի հոդվածում, 45 րոպեանոց թողարկման վերջում իրադարձությունները անսպասելի զարգացում են ստանում։

Պարզվում է, որ էլեկտրակայանը գրավել ցանկացող չար ուժերը հայ աշխարհազորայինները չեն, այլ իրանցի վարձկաններն են, որոնց միակ նպատակը տարածաշրջանում իրավիճակը էլ ավելի լարելն է։

Սա պարզ է դառնում մի դրվագից, որի ընթացքում հակառակորդը օգտագործում է դրոն, որը, ըստ երևույթին, չի կարող լինել հայկական։

«Սա հայ աշխարհազորայինները չեն, ու՞մ դեմ ենք մենք կռվում, գրողը տանի»,- մարտական գործողություններից մեկի ընթացքում բացականչում է ամերիկացի զինվորներից մեկը։

Նշենք նաև, որ Eurasia.net-ը դիմել է CBS-ին՝ խնդրելով մեկնաբանել թողարկման մեջ տեղ գտած խնդրահարույց կետերը, բայց դեռ պատասխան չեն ստացել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ