17  10  2019

Սա ուղղակի քաղաքական ճնշում է, հարձակում ՍԴ-ի վրա․ Երվանդ Վարոսյան

Սա ուղղակի քաղաքական ճնշում է, հարձակում ՍԴ-ի վրա․ Երվանդ Վարոսյան

«Հրայր Թովմասյանի անձի շուրջ կատարվող գործողությունները ուղիղ քաղաքական ճնշում է։ Այստեղ չկա որևէ ենթատեքստ, սա ուղղակի քաղաքական ճնշում է, հարձակում Սահմանադրական դատարանի վրա»,- Yerevan.Today-ի հետ զրուցյում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին, ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, ինչպես նաև ԱԱԾ-ի կողմից Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հորը և երկու դուստրերին կանչելուն։

Վարոսյանի խոսքով, ՍԴ նախագահի դեմ գործողությունները դեռ վաղուց էր սկսվել՝ իշխանահաճո մեդիաների ձեռամբ․ «Այնպես չէ, որ սա իսկզբանե իրավական գործընթացի քողի տակ է արվել։ Արման Բաբաջանյանի կողմից ՀՔԾ հաղորդում ներկայացնելը ՍԴ նախագահի դեմ սկսված նույն պրոցեսի արդեն բացահայտ մասն է։ Սա ամբողջացնում է ողջ պրոցեսը, այսինքն արդեն անտարկույս է դարձնում, որ այս ամենն ուղղակի քաղաքական ճնշում է։ Այն փաստական հանգամանքները, որով հարուցվել է քրգործը, իրավական առումով ոչինչ է։ Սրանց մասին մամուլում վաղուց գրվել է՝ տարի ու կես է։ Հիմա ինձ թող մեկը բացատրի՝ ինչո՞ւ տարի ու կես այս քրգործը չէր հարուցում ՀՔԾ-ն, այլ սպասում էր, որ ԱԺ-ն պետք է ինչ-որ միջնորդությամբ դիմի ՍԴ, ՍԴ-ն վարույթ չընդունի, որից հետո իրենք հարուցեն քրգործ։ Ես չեմ կարողանում այս ամենը որևէ կերպ տեղավորել իրավական հարթության մեջ»։

Վարոսյանը այս ամենի հանգուցալուծումը երկու եղանակով է տեսնում․ «Կա՛մ ՍԴ-ն մնալու է երրորդ իշխանության մաս, կա՛մ դառնալու է իշխանության կցորդ։ Ամեն ինչ կախված է այս ամենից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ