17  10  2019

Այս ամենը արվում է դատարաններին ահաբեկելու համար. Հայկ Ալումյան

Այս ամենը արվում է դատարաններին ահաբեկելու համար. Հայկ Ալումյան

«Փաստինֆո»-ն գրում է․

«Այս ամենը արվում է Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված՝ դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հարուցված քրեական գործին։

«Այս ամենը արվում է դատարաններին ահաբեկելու համար, որպեսզի պատժվեն բոլոր այն դատավորները, ովքեր հանդգնել են վարչապետի ցանկություններին և քմահաճույքներին հակառակ՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին որևիցե դատական ակտ կայացնել, որպեսզի մյուս դատավորները՝ տեսնելով այս ամենը, այլևս չհամարձակվեն վարչապետի ցանկություններին և քմահաճույքներին հակառակ երբևիցե որևէ դատական ակտ կայացնել»,- նշեց Ալումյանը՝ շեշտելով. Որ վարչապետն իր բոլոր լծակները օգտագործում է դատական համակարգը իր հպատակության տակ առնելու համար ՝ սկսած դատավորների և դատարանների վրա գրոհելու համար ամբոխներ ուղարկելուց, վերջացրած՝ իրավապահ մարմինների վրա ունեցած ազդեցությունը։

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ իշխանության երկու ճյուղերն արդեն մեկ անձի ցանկություններով են առաջնորդվում, իսկ դատական համակարգում դեռ կային մարդիկ, ովքեր փորձում էին ինքնուրույն որոշում կայացնել։

«Երբ արդեն դատական համակարգն էլ ամբողջությամբ կհնազանդվի Նիկոլ Փաշինյանին, մենք կունենանք դասական իմաստով բռնապետություն։ Այսինքն՝ բռնապետությունը ժողովրդավարությունից տարբերվում է նրանով, որ ժողովրդավարության պայմաններում կա իշխանությունների տարանջատում։ Այս դեպքում մենք գործադիր և օրենսդիր իշխանությունների տարանջատում արդեն վաղուց չունենք, մնում է միայն դատական համակարգը և հիմա ամեն ինչ արվում է, որ դա էլ չունենանք»,- ասաց Ալումյանը։

Հայկ Ալումյանը հիշեցրեց նաև դատավորներ Դավիթ Գրիգորյանի, Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ նմանատիպ թիրախավորումները, դատարանների մուտքերի արգելափակումները։ Նա նաև նշեց, որ սա ահաբեկում է և նմանատիպ ճնշումներ են նկատվում նաև փաստաբանների նկատմամբ, որը նոր չի սկսվել։

«Ընդ որում փաստաբանները ժամանակին Նիկոլ Փաշինյանին էլ էին պաշտպանում՝ 2009-2010թթ. և այդ ժամանակվա իշխանության մտքով չէր անցնում, չէ՞, որ փաստաբանների նկատմամբ ճնշումներ իրականացնեն, հիմա բանը դրան է հասել»,- նշեց Ալումյանը։

Հարցին, թե արդյո՞ք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ավելի կոշտ ճնշումների պատճառ կարող էր հանդիսանալ՝ ՄԻԵԴ Մեծ պալատի ձևավորումը և վարույթի ընդունումը, Հայկ Ալումյանը նշեց. «Այդ ամենն սկսվեց այն ժամանակ, երբ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով սկսեց ինքնուրույն գործել՝ առանց գործադիրից հարցնելու, դիրքորոշում ճշտելու։ Հետո բեմադրվեց ժողովրդի ցասման տեսարան, թե ժողովուրդն ինքնաբուխ գնաց և փակեց ՍԴ դատարանի մուտքը, դատավոր Ալվինա Գյուլումյանին քաշքշեցին և անպատվեցին, ինչը չաշխատեց, հետո վարչապետը սկսեց եթերով անպատվել, բայց դա էլ գործընթացի վրա չազդեց, հետո սկսվեց ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, բայց դա էլ ազդեցություն չունեցավ, դատավորների վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու գործընթացը, որը հնարավորություն կտար ՍԴ կազմն ամբողջությամբ փոխել, սակայն Վենետիկի հանձնաժողովը չողջունեց և հիմա այս ճանապարհն ընտրեցին»։

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ կատարվող իրադարձություններից կարելի է երկու եզրակացություն անել. «Առաջինը, որ այս ամենն ուղղակիորեն կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ և երկրորդ՝ նպատակադրված է այնպես անել, որ բոլոր դատավորները, որոնք կարող են հանդգնել ինքնուրույն որոշում կայացնել, կա՛մ թողնեն իրենց պաշտոնները, կամ՛ դառնան իշխանություններին լսող և կամակատար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ