17  10  2019

Ամեն ինչ շատ պարզ է, Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ռուբեն Մելիքյան

Ամեն ինչ շատ պարզ է, Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ռուբեն Մելիքյան

Հոկտեմբերի 17-ին ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա: Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

«Շատ պարզ է ամեն ինչ, իրականացվում է քաղաքական հետապնդում Հրայր Թովմասյանի նկատմամաբ և իշխանությունը գնալով կարմիր գծեր է տրորում, մասնավորապես ընտանիքի անդամներին հրավիրելով ԱԱԾ, հարուցելով քրեական գործ, բացարձակապես իրավունքի հետ կապ չունեցող իրավական տառակերության հիմքով:Կարծում եմ սա շատ հստակ ձևակերպված քաղաքականություն է, որը իրականացնում է «Իմ քայլը» դաշինքը, ինչպես «Իմ քայլի» ներկայացուցիչներից մեկը նշեց՝ իրավապահ մարմինները պետք է ծառայեն օրվա իշխանություններին, իրավապահ մարմիններն էլ այդ գործառույթը սիրով ստանձնել են»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին, Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, ասաց.

«Մեղադրանքի մասով ամբողջությամբ ծանոթ չեմ, բայց այն փաստարկումները, որոնք պատգամավորի կողմից ներկայացված են եղել, վերաբերում են պարզագույն մի բանի, որ Հրայր Թովմասյանը լինելով պատգամավոր, ընտրվել է ՍԴ դատավոր և այդ պնդման համաձայն նա միաժամանակ հանդիսացել է և ՍԴ դատավոր և պատգամավոր, այն ինչ իրականում բնականաբար դա լինել չէր կարող, հենց ՍԴ դատավոր ընտրվելու փաստի ուժով են դադարել Հրայր Թովմասյանի լիազորությունները, նոր պատգամավոր է ԿԸՀի կողմից մանդատ ստացել:

Եթե այս հիմքով կարող է գործ հարուցվել, ապա թող մեր իրավապահները բարի լինեն և նույն հիմնավորմամբ գործ հարուցեն Նիկոլ Փաշինյանի և Արարարտ Միրզոյանի նկատմամբ, որովհետև նույն կերպ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, իսկ պատգամավոր Արարարտ Միրզոյանը ընտրվեց առաջին փոխվարչապետ: Եթե այդպես է, եկենք օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարներին հանցագործ համարենք այս տառակերության համար, որը իրավունքի հետ որևէ առնչություն չունի և գնանք առաջ: Ես չեմ պատկերացնում, թե իրավունքի և իրավագիտության գահավիժումը մինչև ուր կարող է հասնել»:

Իսկ թե ինչու են ԱԱԾ կանչվել Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը, Մելիքյանը չհայտնեց, ասաց, որ այս պահին ավել ինֆոմացիայի չի տիրապետում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ