15 10 2019

Պուտինը խոստացել է պաշտպանել հայերին Սիրիայում. Տարասով․ 168.am

Պուտինը խոստացել է պաշտպանել հայերին Սիրիայում. Տարասով․ 168.am

168.am-ը գրում է․ «Մոսկվան Հայաստանի մեջքի ետևում Ղարաբաղյան «քարտը երբեք չի խաղարկել»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին և ԼՂ հակամարտությանը:

Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե Սիրիայի ներկայիս զարգացումները կարող են հետևանքներ ունենալ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, և, որ իրավիճակը կարող է պրոյեկտվել ԼՂ հակամարտության գոտում, Ստանիսլավ Տարասովն ասաց, որ որևէ մեկը չգիտի, թե ինչով կավարտվի էրդողանի ճանապարհորդությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:

Նրա որակմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ողջ աշխարհով լրջորեն շրջանառեց քրդական հարցը հօգուտ քրդերի, այն բոլոր պատժամիջոցները, որոնք Թուրքիայի նկատմամբ են կիրառվում՝ քրդական խնդրի պատճառով են:

«Քրդական հարցի նման PR, որը համաշխարհային մասշտաբով իրականացրեց Էրդողանը, չի եղել երբեք, բոլորը խոսում էին Քուրդիստանի մասին, բայց որևէ մեկը իրապես չէր մտածում նման պետության ձևավորման անհրաժեշտության մասին: Ներկայումս դա դառնում է մեծ փաստ ու անհրաժեշտություն: Եթե Ադրբեջանի նախագահը ցանկանում է կրկնել Էրդողանի այդ փորձը, ապա թող անի, քանի որ հայերին դրանից միայն լավ կլինի: Հայաստանը մեզ համար անհասկանալի արտաքին քաղաքականություն է վարում, վերջին հայտարարությամբ աջակցեց քրդերին, դա ևս ինտրիգային հայտարարություն էր, այն երկակի էր: Բայց Սիրիայում ստեղծված իրավիճակը նաև ստանդարտ չէ, կանխատեսումներ անելը վաղ է: Ուստի, այն բոլոր կանխատեսումները, որոնք արվում են, պետք է անցնեն ժամանակի փորձությունը»,- ասաց Տարասովը:

Խոսելով ռուս-թուրքական մերձեցումից, ռուս վերլուծաբանն ասաց, որ Ռուսաստանն ու Թուրքիան ռազմավարական ալյանսի մեջ են:

Ըստ նրա՝ Մոսկվան հիանալի կերպով հասկանում է, որ հենց այդ ալյանսն է սահմանափակում Թուրքիայի հնարավորությունները՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերել Ղարաբաղյան առաջնագծում, իսկ Ալիևն առանց Թուրքիայի՝ դա չի համարձակվի:

«Եթե Թուրքիան աջակցի Ադրբեջանին, ապա Թուրքիան է կորցնելու, Թուրքիան կորցնում է պետությունը, նրանց մոտ ձևավորվում է Քուրդիստանը: Հաշվի առնելով մերձավորարևելյան զարգացումները և ԼՂ հակամարտության առկայությունը՝ Հայաստանն ավելի զգուշավոր քաղաքականություն պետք է վարի, Հայաստանում լավ արևելագետ կադրեր կան, ես նրանց եմ ճանաչում, իրենք՝ ինձ, պետք է նաև նրանց օգնությամբ Հայաստանն ակտիվացնի իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Հայտարարություն եղավ, որ Հայաստանն Իսրայելում է դեսպանություն բացում, լավ քայլ է, եղավ հայտարարություն Սիրիայի մասին Փաշինյանի կողմից, եղավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց, որի ընթացքում Պուտինը խոստացել է պաշտպանել հայերին Սիրիայում, որոնք թուրքական հարվածի տակ են հայտնվել: Պետք է նման ձևով առաջ մղել սեփական հետաքրքրությունները: Հայաստանն իր պասիվությանը պետք է հրաժեշտ տա»,- ասաց Տարասովը:

Վերջինիս պնդմամբ՝ Մոսկվան երբեք չի խաղարկել Ղարաբաղյան քարտը Հայաստանի մեջքի ետևում Ադրբեջանի համար: «Դա պետք է ընդունել: Եթե Ռուսաստանը ցանկանար անել նման բան, ապա դա վաղուց կաներ: Ադրբեջանը և բոլորը հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտությունն այլևս հնարավոր չէ վերադարձնել սովետական ստատուս-քվոյին, դա պայմանավորված է այն մեծ փոփոխություններով, որոնք տեղի են ունենում հարևան Մերձավոր Արևելքում, ոչ միայն՝ Հյուսիսում, այլև՝ Իրան-Թուրքիա և այլ արաբական երկրներում: Այնտեղ լինելու են փոփոխություններ, և ինչպես է Ղարաբաղյան հակամարտությունը դասվելու և ինտեգրվելու այն հակամարտությունների շարքին, որոնք կան մեծ Մերձավոր Արևելքում, և ինչպես է այն լուծվելու, դա ժամանակի հարց է: Ինձ թվում է, որ դեռ ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է զսպման ուղղությամբ, որպեսզի ռազմական բախում տեղի չունենա: Փաշինյանը ևս իր տարօրինակ քաղաքականությամբ ժամանակ շահեց, և գուցե իմ քննադատությունը նրա հասցեին այդքան էլ արդար չէր»,- ասաց Տարասովը:

Անդրադառնալով համանախագահների տարածաշրջան կատարած այցին՝ Տարասովն ասաց, որ այն սովորական այց է: «Նրանք ունեն բյուջե, նրանք ստանում են աշխատավարձ, նրանք պետք է իրականացնեն իրենց բյուջեն, որը նախատեսված է 5-6 այցի համար տարեկան: Ինչպես ասացի, աշխատում են կողմերին զսպելու ուղղությամբ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ