14  10  2019

Կոռուպցիայի պոզն ու պոչը՝ «օջախում» և «ընտանիքում». Panorama.am

Կոռուպցիայի պոզն ու պոչը՝ «օջախում» և «ընտանիքում». Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Ձեռագիր գովազդային վահանակը Երևան քաղաքում  քննարկման թեմա էր հոկտեմբերի 5-ից։ Սա ինչ է, «սոցիալական» գովա՞զդ  հարցադրումը պաշտոնական պատասխան չէր ստանում։Դեռևս հոկտեմբերի 7-ին Panorama.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյո՞ք այդ գրությամբ գովազդային վահանակները սոցիալական գովազդ է, ո՞վ է վճարել հենց այս գովազդի համար, և ինչո՞ւմն է նրա անհրաժեշտությունը։Դրանից հետո հանկարծ նույն ձեռագրով գրվածքը կրկնելու կոչ արեց ՀՀ վարչապետը, և մեզ նույնիսկ թվաց դա բարվոք պատասխան՝ այսինքն՝ քաղաքապետարանից զեկուցել են Փաշինյանին, որ լրատվամիջոցները ու սոցցանցերը հորթային հրճվանք չեն ապրում պրիմիտիվ  ու թանկ գովազդից, ուստի թեման ուղղակի տեղափոխվել է սոցիալական հարթակ։Լավ, մտածեցինք, թող խաղան, ոչինչ

։Բայց բանը այդքան  առանց գին չէր, պարզվեց, ու խաղն էլ խաղ չէր, թե բա՝ «վերափոխման ռազմավարություն»։«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու համար կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ, այդ թվում տեղադրվելու են գովազդային վահանակներ: Panorama.am-ը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից տեղեկացավ, որ ռազմավարությունը ներկայացնող տարբեր միջոցառումների կազմակերպման համար տրամադրվել է 48 միլիոն 900 հազար դրամ: Միջոցառումներից են նաև Երևանում հայտնված «Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ Ընտանիքն է» գրությամբ գովազդային վահանակները: Մեկ անձից գնում տարբերակով գովազդային ծառայությունը պատվիրվել է «Անտարես» կազմակերպությանը:Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցերին պատասխանեցին հոկտեմբերի 11-ին: Նշում են, որ ներկայացված գովազդային ուրվանկարները սոցիալական գովազդ չեն հանդիսանում:Ինչը ավելի վատ է, իհարկե։

Ըստ պատասխանի՝ այդ գրությամբ պաստառները Երևանի քաղաքապետարան են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից:Ասել կուզի՝ սրանք են վարչապետի ֆլոշմոբի միջնորդները։

Ըստ «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տվյալների պաստառները տեղադրված են լինելու Տերյան-Թումանյան խաչմերուկում, Մաշտոցի պողոտա, Մաշտոց-Պուշկին 23, 27, Մաշտոց-Պուշկին 38, Աբովյան 1 հասցեներում 07.10.2019թ.-31.12.2019թ. ժամանակահատվածով:Ըստ «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տվյալների պաստառները տեղադրված են լինելու Աճառյան փ., /Էլդորադո խ/ս դիմաց/, Արշակունյաց պողոտա 100, Սարալանջի պողոտա 350 հասցեներում 05.10.2019թ.-04.04.2020թ. ժամանակահատվածով:Ըստ «Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տվյալների պաստառը տեղադրված է լինելու Ազատության պողոտա 3 հասցեում, 05.10.2019թ.-04.04.2019թ. ժամանակահատվածով:Փորձեցինք այդ ընկերություններից պարզել, թե ո՞րն է այդ գովազդային վահանակների իմաստը, որքա՞ն գումար է ծախսվել:«Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ներից ասացին, որ նման որևէ հարցի չեն պատասխանի, նման տեղեկատվություն չեն տրամադրում, միայն նշեցին, որ պատվեր է եղել, իսկ թե ում կողմից, չհայտնեցին:Բայց արդեն կատվին էլ պարզ է, դժվար ասենք Թրամփը լիներ պատվիրատուն, իսկ ֆլեշմոբի կոչը ՀՀ-ի վարչապետը աներ։

«Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունից հայտնեցին, որ բոլոր գովազդների նման այս դեպքում էլ անցկացրել են բոլոր նախատեսված փուլերը, ստացել են քաղաքապետարանի հաստատումը, որպես սովորական գովազդ տեղադրել են:«Պատվեր ենք ստացել ինչպես բոլոր գովազդների դեպքում, գաղափարը մերը չէ»,- նշեցին ընկերությունից:Երևանի քաղաքապետարանից նաև հետաքրքրվել էինք, թե ինչպիսի՞ չափորոշիչներով են Երևան քաղաքում տեղադրվում գովազդային վահանակներ, որքա՞ն գումար է ստանում քաղաքապետարանը այդ գովազդներից։

«Արտաքին գովազդի համար տեղական տուրքի վճարները սահմանվում են՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով, իսկ դրույքաչափերը սահմանվում են Երևան քաղաքի ավագանու 25.12.2018թ. N 42-Ն որոշմամբ»,- հայտնեցին քաղաքապետարանից:

Որոշակի պատասխան չեղավ, սակայն նկատենք, որ քաղաքը խեղդված է գովազդային վահանակների մեջ՝ 10 մետրը մեկ որևէ գովազդ է, շենքերը չեն երևում, օդ չկա։ Ու եթե դրան շատ չէինք անդրադառնում՝ ապա միայն պատճառով, որ հույս ունեինք, թե այդ գովազդների գումարներով գոնե ասենք կլուծվի քաղաքի աղբի հարցը, տրանսպորտը մի քիչ մաքուր կդառնա ու անխափան, կամ գոնե ծառ կտնկեն։ Բայց տնկել քաղաքում գովազդներ, որոնց համար վճարվում է միլիոններ՝ ընդամենը քաղաքացիներին «բացատրելու», թե Հայաստանն ու ժողովուրդը ինչ արժեք են՝ ...  դրա համար հատուկ տաղանդ էր պետք։

Ընդ որում՝ այն բանից հետո, երբ պարզվեց, որ ֆլեշմոբը նույնիսկ ֆեյսբուքում «չգնաց»։Ինչ է մնում տակը։Մնում է ինչ-ինչ միջնորդներին պարտադրած գովազդ, որի միակ «արժեքը» վարչապետի ձեռագիրն է։ Ու ինչ կապ ունեն Հայաստանն ու ժողովուրդը՝ արդեն լրիվ անհասկանալի է։

Բա էլ ոնց է լինում կոռուպցիան։ Էլ հո հատուկ պոզ ու պոչ չպիտի ունենա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ