11 10 2019

Լրջանալու պահը կամ ո՞վ անիծեց մեզ

Լրջանալու պահը կամ ո՞վ անիծեց մեզ

Top-news.am-ը գրում է «Եւ ինչպես չհամաձայնես Ֆեոդոր Դոստաեւսկու հետ, այն էլ Հայաստանում վերջին մեկուկես տարում տեղի ունեցածը տեսնելուց հետո, որ յուրաքանչյուր անցումային ժամանակաշրջանում գլուխ է բարձրացնում այս տականքը, որը գոյություն ունի ցանկացած հասարակությունում:

Ընդ որում, մեծ մտածողի դիպուկ բնորոշմամբ, այդ տականքը ոչ միայն որեւէ կոնկրետ նպատակ, այլ մտքի նշույլ անգամ չունի: Նրանք միայն ամբողջ ուժով արտահայտում են անհամբերություն եւ անհանգստություն: 

Այս տականքը, որպես կանոն, ինքն էլ չհասկանալով, գրեթե միշտ հայտնվում է կոնկրետ նպատակ ունեցող «առաջադեմների» փոքրիկ կույտի հրամանի ներքո եւ ուղղորդվում նրանց կողմից, եթե իհարկե «առաջադեմները» բաղկացած չեն ապուշներից, ինչը նույնպես պատահում է:

Հենց այս իրավիճակում, հենց այս մթնոլորտում էլ կատարվում են ամենանողկալի արարքներն ու քայլերը, որոնց հետեւանքները մաքրելը հետո դժվար է լինում, երբեմն նույնիսկ անհնար:

Այն մթնոլորտը, որ ստեղծվել է հետիշխանափոխական Հայաստանում, ամենանուրբ բնորոշմամբ, սարսափելի է: Երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան որեւէ մեկին քննադատելիս օգտագործում է փողոցի խուժանին, անկիրթ զանգվածին բնորոշ արտահայտություններ, ապա հասկանում ես, որ իրավիճակն ավելի լուրջ է, ավելի ծանր, քան կարող է թվալ:

Մարդուն կարող են տնտեսական հանցագործության մեջ կասկածելու համար կալանավորել, միայն այն պատճառով, որ չի լռում եւ արտահայտում է իր կարծիքը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, բայց ՀՀ քաղաքացու ավտոմեքենան ջարդող, ատրճանակով փողոցում վազողին կարող են արդարացնել:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կարող են ապօրինաբար պահել կալանքի տակ, անկիրթ զանգվածին համոզելով, որ դա արդարադատության հաղթանակն է:

Վարչապետը Սեւանի մաքրության պատասխանատվությունը փորձում է դնել լճի ափին սեփականություն ունեցողների վրա, իսկ կառավարության որեւէ անդամ նրան չի հուշում, որ տնտեսվարողը ոչ միայն չի կարող, այլ իրավունք էլ չունի զբաղվել լճի մաքրության հարցերով. նրանք ընդամենը պարտավոր են ենթարկվել սահմանված նորմերին:

Եւ այստեղ առաջին հերթին կարեւոր է, թե ինչ բացասական շեշտադրումներով է խոսում վարչապետը տնտեսվարողների մասին, ում մոտ հյուրընկալվել եւ նրանց պատրաստած ձկները ժպիտը դեմքին համտեսում էր ընդամենը շաբաթներ առաջ:

Վարչապետը նույն տոնով խոսում է ցածր աշխատավարձով աշխատողների, ցածր աշխատավարձով չաշխատողների, նախկին պաշտոնյաների, այլախոհների, այս կամ այն հարցի շուրջ այլ տեսակետ ունեցողների, բնապահպանների, բոլորի մասին:

Եւ այս բացասական էներգիան տարածվում է երկրով մեկ: Տարածվում եւ ստեղծում է մի գաղջ մթնոլորտ, որտեղ անկիրթ զանգվածը, որտեղ հավատից եւ բարոյական շատ արժեքներից հեռու զանգվածը պատրաստ է ցանկացած ստոր արարքների:

Եւ այս հասարակությունը չի կարող առաջընթաց արձանագրել, այս երկրում չեն կարող ներդրումներ լինել: Ամեն քայլ ունենում է իր հետեւանքները: Եւ երբ մեր հարեւանը ցինիկաբար հարձակվում է Սիրիայի վրա, իսկ դուք ֆլեշմոբ եք խաղում, իսկ կառավարության նիստում ձեւական քննարկում ռազմաճակատի գոտուց հայերին հեռացնելու մասին հարցը, այդ ամենն արդեն անլուրջ է թվում: Սա արդեն վտանգավոր անլրջություն է»։

Գեղամ Նազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ