11 10 2019

Վարկանիշի ստուգման ֆլեշմոբ՝ ժողովրդին կոչով դիմելուց առաջ

Վարկանիշի ստուգման ֆլեշմոբ՝ ժողովրդին կոչով դիմելուց առաջ

Օրեր առաջ ֆեյսբուքյան ամենաակտիվ օգտատերերից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում նոր ֆլեշմոբ անելու կոչ արեց՝ քո ձեռքով գրածը, քո պատին: Նա տեղադրել էր «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» լուսանկար, որը գրել էր իր ձեռքով և նկարել։ Առաջարկեց միանալ ֆլեշմոբին, և տեղադրել նույնպիսի լուսանկարներ ֆեյսբուքյան պատերին:

Առաջինը, ինչ մարդկանց մտքով անցավ, սա վարչապետի «թուրքմենբաշիացման» հերթական օրինակն է՝ Իջևանում իր արձանից, իր հեղինակած գրքի հիման վրա պիեսի բեմադրումից, որի պրեմիերային մասնակցեցին ընտանյոք, տարատեսակ օղիների, «դուխով» մայկա-գլխարկներից հետո։

Վարչապետի այս ֆլեշմոբը, սակայն, պարզվեց՝ այնքան էլ օգտատերերի սրտով չէր, ֆլեշմոբին միացան հիմնականում ընդդիմադիր օգատերեը՝ այն էլ վարչապետին քննադատող, տեղ-տեղ ծաղրական ձեռագիր գրություններով:

Իսկ Փաշինյանի պաշտոնական էջում երկու օրվա ընթացքում գրառումը ստացավ մոտ 19 հազար հավանում, 1400 կիսում, իսկ մոտավորապես 900 օգտատեր էլ թողեց մեկնաբանություն: Մեկնաբանությունների բովանդակային մասը մի կողմ թողնելով, ուղղակի փաստենք, որ կար ժամանակ, երբ վարչապետի էջում միջին հաշվով ամեն գրառում, լայվ կամ լուսանկար ստանում էր 100 հազարից ավելի լայքեր, իսկ կիսումների քանակը անցնում էր 90 հազարից:

Գուցե՞ չափից դուրս ակտիվությունը հակառակ արդյունք է տվել, կամ գրառումների բովանդակություն է անհետաքրքիր դարձել, կամ պարզապես մարդիկ սկսել են անլուրջ վերաբերել երկրի ղեկավարի խոսքերին, հետևաբար նաև գրառումներին: Վարչապետի ֆեյսբուքյան վարկանիշի անկման պատճառների շուրջ կարելի է տարբեր ենթադրություններ անել, բայց կարևորը հետևություններն են:

Իսկ վիրտուալ տարածքից դուրս այդ վարկանիշի անկումը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Պատճառն ամենևին էլ ամենօրյա ռեժիմով տարբեր բողոքի ակցիաները չեն, ոչ էլ աղմկահարույց հրաժարականները: Իր վարկանիշի առաջին և կարևոր ցուցիչը հենց Նիկոլ Փաշինյանն է:

Դեռ նոյեմբերին՝ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին, Փաշինյանի հրավիրած աննախադեպ երթը աչքի ընկավ նախևառաջ քիչ մարդկանց մասնակցությամբ: Իսկ երբ պետք էր «հեղափոխությունն հասցնել դատական համակարգին», պարզվեց դատարանները շրջափակելու վարչապետի կոչին արձագանքել էր ընդհանուր հավարկներով 1200-1500 մարդ՝ ամբողջ Հայաստանով:

Այնուհետև Աբովյանում Փաշինյանը մասնակցեց «Իմ քայլի» նախընտրական քայլերթին, բայց ընտրվեց ԲՀԿ-ի թեկնածուն, որից հետո այդպես էլ ներիշխանական թիմում չկողմնորոշվեցին՝ դա հեղափոխության հաղթանա՞կն էր, թե՞ պարտությունը:

Վերջերս էլ շատ քննարկվեց ԱՄՆ հայ համայնքի հետ վարչապետի հանդիպումը, որը պետք է որ շռնդալից լիներ, հաշվի առնելով «հեղափոխության» օրերին լոսահայերի ակտիվությունը սոցիալական ցանցերում, մամուլը գրեց, որ հանդիպմանը ներկա մարդկանց թիվը հիասթափեցրել է Փաշինյանին՝ շատ ավելիին էր սպասում:

Որքան էլ իշխանությունը հակառակն է պնդում, բայց իր վարկանիշի անկումը վստահաբար տեսնում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Դժվար թե Փաշինյանին հետաքրքրում է, թե ինչպիսի ձեռագիր ունեն ՀՀ հպարտ քաղաքացիները, և ուրեմն, այս ֆլեշմոբի նպատակը ստուգելն է, թե գոնե սոցցանցում քանիսն են դեռ ոգևորվում իր կոչերով, և վերջապես հնարավոր հանրահավաքի դեպքում քանի մարդ կգա։ Իսկ որ վարչապետն արդեն վաղուցվանից մարդաշատ հանրահավաքի կարիք ունի, ինչպես թմրամոլը թմրանյութի, դա վկայում է իր տրամադրության՝ պերմանենտ անկման մեջ լինելը։ Մարդն էներգետիկայի կարիք ունի որպեսզի կարողանա հարցեր լուծի։ Իսկ քանի դեռ չի ստանում այդ էներգիան, ընկնում է տևական դեպրեսիվ վիճակի մեջ։ Կատակում ենք, իհարկե։

Ամեն դեպքում, մոնիթարինգային տվյալները պետք է սթափեցնող լինեն: Առաջիկայում քաղաքացիներին կոչով դիմելուց, երթի, ցույցի, որևէ մեկին մերժելու, որևէ շենք շրջափակելու կանչելուց առաջ պետք է նկատի ունենալ, որ այդ թվերից ֆեյքերին ֆիլտրելու պարագայում իրական օգտատերերի թիվը շատ ավելի քիչ է: Իսկ իրականում որքանն են մնացել իր հետ փողոցային շփման պատրաստ մարդիկ, իրոք որ կարելի կլինի տեսնել միայն հանրահավաքի ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ