09  10  2019

Կարեն Սարգսյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում չի հաստատվել

Կարեն Սարգսյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում չի հաստատվել

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածությունը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը: Արտահերթ նիստը կայացել է հոկտեմբերի 9-ին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեկտեմբերին լրանում է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը եւ քննարկվում է նրան փոխարինելու հարցը:

Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը բոլոր խմբակցությունները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց թեկնածուներին, սակայն միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել թեկնածություն՝ ի դեմս Կարեն Սարգսյանի:

Հանձնաժողովի նախագահը խոսել է թեկնածուի աշխատանքային փորձառության մասին՝ ընդգծելով, որ այն համապատասխանում է տվյալ պաշտոնում առաջադրվելու համար: Մանե Թանդիլյանը նշել է, որ մի քանի տարի է ճանաչում է Կարեն Սարգսյանին ու բարձր կարծիք ունի նրա մասնագիտական ունակությունների վերաբերյալ:

Թեկնածուի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքները շատ են: Կարեն Սարգսյանը ներկայացրել է պալատի գործունեության առաջնահերթ զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ իր պատկերացումները:

Սարգսյանը պատասխանել է հանձնաժողովի անդամներին հարցերին:

Քվեարկության արդյունքում չի հաստատվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածությունը: Հանձնաժողովը խորհրդարանին չի առաջադրի թեկնածու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ