09 10 2019

Պետական գաղտնիք է. Կառավարությունը՝ վարչապետի առանձնատան նորոգման մասին․Tert.am

Պետական գաղտնիք է. Կառավարությունը՝ վարչապետի առանձնատան նորոգման մասին․Tert.am

Tert.am-ը գրում է․ «Չենք կարող տրամադրել Ձեր հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը, քանի որ այն պարունակում է պետական գաղտնիք: Այս մասին Tert.am-ի հարցմանը, թե որքան գումար է ծախսվել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող առանձնատան վերանորոգման համար, հայտնել են Կառավարության լրատվական ծառայությունից` «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նամակում:Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` ՀՀ կառավարությունը պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացրել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։

Ըստ այդ լուրերի` առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշման նախագիծը եղել է «հույժ գաղտնի» մակագրությամբ՝ հերթական սկանդալից զերծ մնալու համար, քանի որ բավականին մեծ գումար է հատկացվել այդ ամենի համար։

Հարցման պատասխանն ամբողջությամբ` ստորև:

« Ի պատասխան Ձեր հարցման` հայտնում ենք, որ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը պարունակում է գաղտնիություն, որը հիմնավորվում է  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները: Իսկ նշված օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով պետական պահպանություն տրամադրվում է Հանրապետության նախագահին, Վարչապետին և Ազգային Ժողովի նախագահին, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով նաև այլ պետական պաշտոնյաներին` վարչապետի որոշմամբ:

Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային և առևտրային գաղտնիք:

Ուստի ելնելով վերոգրյալից, հայտնում ենք, որ չենք կարող տրամադրել Ձեր հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը:

Տնօրեն` Ա. Սավգուլյան

«Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ