06  10  2019

Փաշինյանի ընտանիքի ԶԼՄ-ն «ադրբեջանամետ» վերնագրերի առաջատարն է․ փաստեր․Antifake

Փաշինյանի ընտանիքի ԶԼՄ-ն «ադրբեջանամետ» վերնագրերի առաջատարն է․ փաստեր․Antifake

Antifake.am-ը գրում է․ «Հոկտեմբերի 5-ին, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակում էին գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա։

Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նման «ակցիայի» պատճառը, ըստ նրանց,  Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Նշված անձինք մեղադրում էին լրատվամիջոցին և Անժելա Թովմասյանին «ադրբեջանամետ» լինելու մեջ՝ վերը նշված հոդվածի վերնագրի ընտրության համար։ Նրանք իրենց գործողություններն իրականացնում էին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։

Մեծ աղմուկ հանած իրադարձության կապակցությամբ քննադատություններ և զարմանալիորեն նաև պաշտպանող գնահատականներ տեղ գտան սոցիալական ցանցերում։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրանց աջակիցները հանդես եկան Hayeli.am-ի քննադատությամբ և իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերություններ ունեցող «ակցիա» իրականացրած անձանց պաշտպանությամբ։

AntiFake.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ է «թաքնված» Hayeli.am-ի հրապարակած և հարձակման առարկա դարձած հոդվածի վերնագրի տակ, սակայն պետք է խոստովանենք, որ դրանում «ադրբեջանամետ» որևէ նախադասություն առկա չէ։

Սակայն եթե լրատվականների «հայամետ» կամ «ադրբեջանամետ» լինելը չափվում է միայն «վերնագրերի» ընտրությամբ, ապա կարելի է այս համատեքստում քննարկման առարկա դարձնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (armtimes.com) լրատվականի հրապարակումների վերնագրերը և համեմատության մեջ դնել hayeli.am-ի հրապարակման վերնագրի հետ ու գնահատական տալ։

Այսպես, ներկայացնում ենք «Հայկական ժամանակ»-ի տարբեր՝ մեծամասամբ նախկին իշխանությունների ժամանակների հրապարակումների վերնագրեր, որոնք վերաբերվում են Հայաստան-Ադրբեջան-Արցախ թեմաներին։

Նիկոլ Փաշինյանի, ապա նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Հայկական ժամանակ»-ի Հայաստան-Ադրբեջան-Արցախ թեմաներով հրապարակումների վերնագրերը կարդալով տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք կամ Ադրբեջանի իշխանությունների «պաշտոնաթերթի», կամ էլ իրադարձություններն ի վնաս Հայաստանի արդեն նախկին իշխանությունների և հօգուտ Ադրբեջանի իշխանությունների լուսաբանող լրատվականի հետ։

Ուստի՝ վարչապետի շահերի պաշտպանության համար լրատվամիջոցին «ադրբեջանամետության» մեջ մեղադրելուց և հարձակում գործելուց առաջ լավ կլիներ, որպեսզի ոտնձգության հեղինակներն ուսումնասիրեին վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակումները, ապա որոշեին, թե որ լրատվականը «ադրբեջանամետ» վերնագրերի «շքերթում» կլիներ առաջատարը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ