30 09 2019

Ճգնաժամային Հայաստան. Panorama.am

Ճգնաժամային Հայաստան. Panorama.am

Panorama.am-ը գրում է․

«Իզուր են ոմանք Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին հեքիաթներ հրամցնում այն պարագայում, երբ Հայաստանի ամենամեծ  ճգնաժամն  այսօրվա ապազգային իշխանություններն են վարչապետի գլխավորությամբ։

Տարուց ավել նրանք հետևողականորեն վերացնում են հայկականության հիմնասյուները; թշնամանք ու ատելություն սերմանելով՝ պառակտել  են հասարակությունը; սովորական-առօրեական  են դարձրել երկակի-բազմակի  ստանդարտների կիրառումը․․․

Թվարկումն անվերջ կարող ենք շարունակել,  բայց կարելի է նաև ընդամենը հիշեցնել, որ եթե թերթենք 1993-1998 թվականների հայկական մամուլը՝ ապա  ճիշտ այսօրվա պատկերը կտեսնենք, անշուշտ փոխված անուններով ու անվանումներով։ Տեսե՛լ ենք, կո՛ւշտ ենք, կրկնությունը թույլ  չե՛նք տա․․․

Այսօր առկա է վստահության նույն  ճգնաժամն  իշխանությունների նկատմամբ,  ինչը կար  90-ականների կեսերից՝ հհշի հանդեպ։ Բայց  եթե այն ժամանակ՝ Անկախության  առաջին տարիներին, նոր ձևավորվող փոխհարաբերությունների  պայմաններում, շատ հարցերում անտեղյակ հասարակությունը  մի քանի տարվա ընթացքում կարողացավ  թացն ու չորն իրարից տարբերել, ապա 2018-ի իշխանափոխության հենց սկզբից կար  վստահության ու հավատի դեֆիցիտ պոպուլիստ Նիկոլի հանդեպ։

Ընդամենը մեկուկես տարում նա վաստակեց երկրի ղեկավարի հեռացումն ապահովող  բացասական լիցքերի ամբողջությունը։  Այ սա՛ է իրական   ճգնաժամը, ոչ թե ՍԴ շուրջ բարձրացված արհեստական աղմուկը։

Ճգնաժամ է, երբ երկրի վարչապետի կոչով կաթվածահար է արվում դատարանների աշխատանքը, և այդ կոչին հետևում են խորհրդարանական երկրի ԱԺ պատգամավորները։ Ճգնաժամ է դատական համակարգը գործադրին ենթարկեցնելուն ուղղված  «կացնային»  մեթոդներն ու գործողությունները։

 Ճգնաժամ է, երբ առաջին ատյանի դատավորը չի կատարում ՍԴ որոշումը։ Ճգնաժամ է,  երբ իշխանությանն անհաճո որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի  դեմ քրեական գործ է հարուցվում։ Իսկ ցանկալի որոշում կայացրած դատավոր Աննա Դանիբեկյանին «նեղացրածների» դեմ հարուցվում է քրգործ ծանրացված հոդվածներով։

Եվ սեպտեմբերի 29-ի կիրակի օրով, դատավոր Արտուշ Գաբրիելյանը   անմիջապես բավարարում է Նարեկ Մութաֆյանի , իսկ  դատավոր Նելլի Բաղդասարյանը՝  Սարգիս Օհանջանյանի կալանավորման միջնորդությունները։ Եվ դա  այն դեպքում, երբ դատարաններն ամիսներով անտեսում  են ապօրինի կալանքից ազատման միջնորդությունների քննությունը։ Էլ չենք ասում, որ  դատարանի  նկատմամբ հարյուրապատիկ անգամ  ավելի  անհարգալից վերաբերմունքի դեպքերը վարույթ էլ չեն  ընդունվել, անգամ դատավորին հրել-գցելն է անտեսվել։

Ի դեպ, Արտուշ Գաբրիելյանն  այն դատավորն է, ում 2017 թ․ հուլիսին ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն  անվանել է «ցռան մոզի»․․․ ։ Ճգնաժամ է , երբ երկրում քաղաքական բանտարկյալներն են ավելանում։ Ճգնաժամ է, երբ  շտապ օգնության  աշխատակցի խալաթով  դիմակավորված  ոստիկանները  գիշերով տանից մարդ են ձերբակալում։ 

Ճգնաժամ է, երբ քննիչ-դատախազ-ոստիկանները  ընտրողաբար են մարդ բռնում, գործ հարուցում, որևէ գործ վարույթ ընդունում․․․ և երբ նրանց բարձրաձայնած  մեղադրանքներին ոչ ոք չի հավատում։

Ճգնաժամ է  բազմաթիվ փորձերից  հետո վերջապես ՍԴ –ում հայտնված  Վահե Գրիգորյանի  բյուջեից աշխատավարձ ստանալն ու չաշխատելը։ 

Հապա թող ուրիշ որևէ  մեկը փորձի  իրեն  նման արքայական քմահաճույք թույլ տալ․ անմիջապես կոռուպցիայի հոդվածով գործ կհարուցվի․․․․ և ճիշտ էլ կլինի։

Փաստորեն, ՍԴ-ի ամենաքաղաքականցված դատավոր-անդամին ամեն ինչ կարելի է։ Ճգնաժամ է ՍԴ նախագահից ազատվելու համար ոչնչից չխորշելը,  և «Իմ քայլը» խմբակցության կողմից նրա հեռացումը  հիմնավորել այնպիսի մանկամիտ փաստարկներով, որոնց դեպքում՝   «ԱԺ ներկայացրած նախագիծը բավարար հիմք չէ ոչ միայն Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու, այլև նույնիսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար» (սահմանադրագետ Արամ Վարդևանյան)։

Ճգնաժամ է, երբ իմքայլականները փորձում են  հավաստիացնել, իբր  ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելուն ուղղված նախագծի հիմքում քաղաքական ենթատեքստ չկա այն դեպքում, երբ երեխային էլ տեսանելի է, որ իրենց ամեն քայլի ու  շնչի նման  սա ևս ամբողջովին քաղաքականացված  հարց է։

Ճգնաժամ է, երբ խորհրդարանում չկա ընդդիմություն, որը կասի՝ Սահմանադրությամբ պաշտպանված մարդուն պաշտոնանկ անելու համար մեկի քավոր լինելն անլուրջ ու ծիծաղելի հիմնավորում է։ Հատկապես այն դեպքում, երբ ազգակցական ու խնամիական  կապերն են պաշտոնների բաշխման առաջնահերթ պայմանը «թավշյա» Հայաստանում։ «

Ականջ ծամող» աղջկա առիթով  էլ  բացահայտվեց, որ անհայտ իմքայլականներից  շատերը  տերպետրոսյանական կադրերի  ժառանգներն են։Եվ վերջապես,  մեծագույն ճգնաժամն այն  է, երբ երկրիդ գործադիր ու օրենսդիր մարմիններում գերակշռում են օտար երկրների ոչ պետական Հ/Կ-ների գրանտակերները․․․

Թե չէ ճգնաժամի օջախ են ներկայցնում Հայաստանում անառիկ մնացած և բնականոն գործող  միակ իրավական կառույցը։ Դիմացե՛ք ՍԴ հարգարժան դատավորներ, դիմացեք մինչև օգնությունը կհասնի․․․ այսինքն՝ մարդկանց սթափ դատողությունը կվերականգվի  ու կհասկանան, որ անձերի խնդիր չէ այս ամենը,  այլ դիմակայություն՝ մեր պետությունը չկորցնելու համար։ 

Կհիշեն ի վերջո մարդիկ, որ մի անգամ տեսել ենք «մեր դեմ խաղ չկա» կարգախոսով երկիր ղեկավարելու պտուղները։  Տեսել ենք, որ հետագայում այդ սկզբունքով իշխողներին պատասխանատվության չենթարկելու դեպքում՝ տարիների ընթացքում նրանց խորը մետաստազներն են փորձանք դառնում։  Տեսել ենք, որ այսօրվա նման,  90-ականների  իշխանական կուսակցությունը ևս իրեն  պետության հետ նույնացնելով՝ անպատիժ սրիկայություններ էր անում։ Տեսել ենք նաև, որ ավարտը  լավագույն դեպքում հրաժարականն է լինում։

Հ․Գ․ Քաղաքական պամֆլետի հիանալի սյուժե է, թե ինչպես է Սահմանադրության դեմ բազմակի մեղանչած, Սահմանադրական դատարանը լուծարելու համար օրենք ու իրավունք խախտած մեկը Սահմանադրության պահանջները  ոտնահարելով՝  Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով ապօրինի կալանքի տակ պահում երկրի էքս-նախագահին ․․․ Զավեշտ է իսկական։ 

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ