25 09 2019

Ինչ–որ բաներ են ման գալիս, որ «Մարտի 1–ի» գործը ձգձգեն․ Ալիկ Սարգսյան․ News.am

Ինչ–որ բաներ են ման գալիս, որ «Մարտի 1–ի» գործը ձգձգեն․ Ալիկ Սարգսյան․ News.am

News.am-ը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը չի ընդունում «Մարտի 1–ի» գործով իրեն առաջադրված մեղադրանքը։ NEWS.am–ի հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասաց, որ որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ։

Անդրադառնալով 2008–ի «Մարտի 1–ի» դեպքերից երկու ամիս անց ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի (խմբ–սպանվել է 2009թ.) հանձնարարությամբ ու ցուցումներով պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելու մեղադրանքին, Ալիկ Սարգսյանն ասաց. «Անցել է  11 տարի, և ես չեմ հիշում՝ Գևորգ Կոստանյանն ինձ մոտ խորհրդակցության եկել է, թե ոչ, այսինքն՝ իրավունք չունե՞ր նախագահի օգնականը գար որոշակի  փաստաթղթեր պահանջեր և ստանար։ Կամ ընդունենք, որ եկել է. հետո՞ ինչ։ Ոստիկանությունում անկազմակերպ մարդ չկար, որ իրենք գային և այդ ամենը կազմակերպեին, ես չգիտեմ, թե ում են ցուցում տվել, սակայն ես նման բան չեմ հիշում, ինձ նման ցուցում չեն տվել։ Ոստիկանապետին նախագահի օգնականը ցուցում չի տալիս»։

Անդրադառնալով «Մարտի 1–ի» գործով Գևորգ Մհերյանին վերագրվող  արարքներին՝ Ալիկ Սարգսյանն ասաց.

«Մահացած մարդ է, նրա հասցեին ինչ ուզեն՝ կասեն, Գևորգ Մհերյանի սպանությունը բացահայտելու փոխարեն նրա անվան հետ կապված ինչ–որ բաներ են ման գալիս, որ «Մարտի 1–ի» գործը ձգձգեն։ Բարոյական ամեն նորմ խառնվել է իրար, մի փոքր համբերեք՝ կտեսնեք այս գործի ավարտը, այսօր մեղադրանք են առաջադրել, մի երկու տարուց գուցե կանչեն հարցաքննության, միայն թե երկար ձգեն գործը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ