25  09  2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: 

Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ կառույցների հետ հաստատված ակտիվ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու դրա խորացմանը և ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերը:

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքն՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը։ Որպես առաջնահերթություն ընդգծվեց տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Երկրում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց երիտասարդության և կանանց ակտիվ ներգրավվածությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ նախարար Մնացականյանը Ռոզմարի ԴիԿարլոյին տեղեկացրեց նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին, ինչպես նաև ներկայացրեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ