24 09 2019

Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը ԱՄՆ-ում հանդիպել են



Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատել են ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորել է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:

Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորել է կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ 

Կողմերը նախանշել են այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ