24  09  2019

Չի բացառվում, որ նախկին ոստիկանապետին ստիպած լինեին ցուցմունք տալ. պաշտպան. Tert.am

Չի բացառվում, որ նախկին ոստիկանապետին ստիպած լինեին ցուցմունք տալ. պաշտպան. Tert.am

Tert.am-ը գրում է.

«Հայկ Հարությունյանի մահը կարող է կապ ունենալ «Մարտի 1-ի» գործի հետ, չի բացառվում, որ պահանջ է դրված եղել գործի վերաբերյալ այս կամ այն ցուցմունքը տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով «Մարտի 1-ի» գործով Յուրի Խաչատուրովի պաշտպանն է:

«Արդեն որերորդ դեպքն է, երբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով վկան, մեղադրյալը ինքնասպանություն են գործում, սակայն որևէ քննություն չի տարվում քննիչի, դատախազի գործողությունների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է թե՛ նախկին իշխանությունների ժամանակահատվածում գործերին, թե՛ այս իշխանության:

Օրինակներ բերեմ՝ հենց նույն ՀՔԾ-ում քննվում էր քրեական գործ Արարատի ոսկու հանքից հափշտակություններ կատարելու հետ կապված. մեղադրյալներից մեկը ինքնասպանություն կատարեց: Կարող ենք արձանագրել նաև նույն Հաց բերողի դեպքը, ով թեև ինքնասպանություն չէր գործել, բայց իր գործողությունները՝ բուժումից հրաժարվելը և այլն, ուղղված էին կյանքի հետ անհամատեղելի իրավիճակի հետ: Այդ առումով էլ՝ երկու տարի է քննվում է, բայց ոչինչ չկա, թե քննիչը ինչ գործողություններ էր կատարել, որ անձը գնացել էր այդ քայլին: Մի քանի դեպքեր ևս կան»,-մանրամասնեց նա:

Անդրադառնալով hayeli.am-ի այն հրապարկմանը, որ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ, և Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է, որ գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, Միհրան Պողոսյանն ասաց.

«Ես տեղյակ չեմ, որ նման հայտարարությունն է կատարել: Եթե նման հայտարարություն իսկապես եղել է, կասկածը առավել հիմնավոր է դառնում: Սա վատ տենդենց է, որովհետև պահի ազդեցության տակ ցուցմունք տալ պարտադրելով՝ անձի կյանքի, արժանապատվության հետ են խաղում: Եթե ժամանակագրությամբ էլ նայում ենք` նույն ՀՔԾ պետի և ԱԱԾ նախկին տնօրենի խոսակցությունը... ինչի՞ համար էին ուզում կալանավորել (Յուրի Խաչատուրովին/խմբ.), կալանավորում են, որ ցուցմունք տան, չեմ բացառում, որ այս պարագայում էլ դա եղել»,-ընդգծեց նա:

Միհրան Պողոսյանը կարծում է, որ քննիչի, դատախազի գործողությունների վերաբերյալ անհարժեշտ է, որ քննություն տարվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ