21 09 2019

1,5 տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ ունեինք ոչ օրինական ճնշում գործադրելու ՍԴ-ի վրա. ԱԺ նախագահ

1,5 տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ ունեինք ոչ օրինական ճնշում գործադրելու ՍԴ-ի վրա. ԱԺ նախագահ

Ես այդպիսի հարցերի շուրջ իմ դիրքորոշումը հայտնել եմ Անվտանգության խորհրդի նիստում, այդ թվում Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհրդի նիստում: Այս մասին սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանն առաջարկել է երկուսը երկուսի դիմաց փոխանակում անել և իրենց հանձնել երկու դիվերսանտներին:

Դիտարկմանը, որ այդ հարցում կարծես թե Երևանից և Ստեփանակերտից տարբեր կարծիքներ են հնչում, ԱԺ նախագահն ասաց. «Ես չէի ասի, որ Ստեփանակերտում և Երեւանում են տարբեր կարծիքներ հնչում: Եվ Հայաստանի, և Արցախի անվտանգության խորհուրդների անդամներ այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել: Բայց այնպես չէ, որ արցախի մեր գործընկերները մի բան են ասել, Հայաստանի մեր գործընկերները՝ այլ բան:  Իհարկե, ես չեմ բացահայտելու իմ դիրքորոշումը»:

Անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ են դուրս գալու, հրաժարականներ են լինելու, այդ թվում հեռանալու է Լենա Նազարյանը, ԱԺ նախագահը ասաց.

«Երբեմն ձեր գործընկերներից որևէ մեկը ինչ-որ միտք է երևակայում, դա հանձնում է թղթին, հանրությանը, հետո մյուսը հղում է անում այդ մտքին, կառուցում է դրա վրա, հետո երրորդ գործընկերն է հղում անում և այդպես մի շրջապտույտ հետո մի պատկեր ենք տեսնում, որն ընդհանրապես իրականության հետ կապ չունի»:

Դիտարկմանը, որ Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի պարագայում մամուլի տեղեկությունները իրականություն դարձան, ԱԺ նախագահն արձագանքեց.

«Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում, սուտ է: Ես ասում եմ՝ կոնկրետ այս դեպքում և այլ դեպքերում լինում են ոչ իրավացի տեսություններ, վարկածներ, դրանք որպես իրականություն մատուցելու համոզիչ փորձեր»:

«Իմ քայլը» խմբակցության կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարցնելու գործընթաց սկսելու մասին ԱԺ նախագահն ասաց, որ ակնհայտ է, որ ՍԴ-ն չունի հանրային վստահություն:

Դիտարկմանը, որ ըստ էության, հարցը, ի վերջո, որոշվելու է ՍԴ-ում, արդյոք իրատեսական է, որ ՍԴ-ն դրական կարձագանքի ԱԺ-ի մոտեցումներին, Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Էստեղ հակասական բան կա. մի կողմից ռացիոնալ և ողջամիտ է թվում որևէ այդպիսի գործընթաց սկսելիս հաշվարկել դրա բոլոր հնարավոր սցենարները: Մյուս կողմից կյանքում երբեմն պարզապես կարևոր է նաև դիրքորոշումը ֆիքսել՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչպիսի ավարտ կունենա: Ինչպես ես իմ ելույթում ասացի, կարծում եմ, որ ԱԺ-ն որպես առաջնային մանդատ ունեցող, օրինական, լեգիտիմ միակ ինստիտուտ, պետք է իր դիրքորոշումը հայտնի առնվազն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

Դիտարկմանը, որ ոմանք այս քայլը գնահատում են որպես ճնշում ՍԴ-ի ու դատական համակարգի վրա, Արարատ Միրզոյանը ասաց, որ բոլորովին համաձայն չէ այդ մոտեցման հետ.

«Ակնհայտ է, որ ՍԴ-ն չունի հանրային վստահություն: Եթե նույնիսկ այդպիսի անվստահության ընկալման հիմքում ընկած փաստարկներն իրավացի չեն, այն, որ հանրություն իր Սահմանադրական դատարանին չի վստահում, արդեն դա մեծ խնդիր է: Դա իրավական անվտանգության հարց է նույնիսկ և այս իրավիճակը պետք է ինչ-որ կերպ հանգուցալուծվի: Այո, իհարկե, իրավական ճանապարհով, որովհետեւ իրավունքի գերակայությունը հեղափոխության առաջին իսկ օրվանից մենք հռչակել ենք իբրև հիմնարար սկզբունք: Բայց նաև չմոռանանք, որ այնուամենայնիվ, բացի գրված օրենքներից, կա նաև այդ օրենքների ոգին, իրավունքի փիլիսոփայությունը, և ի վերջո, երբ հայ ժողովուրդը հավաքվել և որոշել է ստեղծել անկախ պետականություն, նաև որոշել է, որ պետք է լինեն այս-այս մարմինները: Եվ գրել է դա Սահմանադրության մեջ: Հիմա երբ այդ մեխանիզմում ինչ-որ բան չի աշխատում, կամ այնպես չի աշխատում, և ժողովուրդն արդեն վստահություն չունի, ապա այդ նույն տրամաբանության շրջանակներում պետք է փոփոխությունների ենթարկվի: Նույնիսկ իրավունքի մասնագետների շրջանում այդպիսի ուղղություն կա: Եթե չեմ սխալվում լեգիզմ է կոչվում, երբ ամեն ինչ հանգեցնում են տառային մեկնաբանության»:

ԱԺ նախագահը նկատեց, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ինքը ելույթ է ունեցել Քոչարյանի գործով ՍԴ որոշումից հետո միայն. «Լավ էր, որ ՍԴ-ն իր այդ որոշումն ընդունեց, դրանից հետո ես խոսեցի այդ մասին, որովհետև եթե ես դրանից առաջ խոսեի, դա մեկնաբանվելու էր որպես ճնշում: Այս 1,5 տարվա ընթացքում մենք բազմաթիվ առիթներ ունեինք խոսելու, եթե ցանկանայինք ոչ օրինական ճնշում գործադրելու: Մենք դա չենք արել և չենք էլ պատրաստվում անել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ