20  09  2019

Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ կայքից

Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ կայքից

Antifake.am-ը գրում է․Սեպտեմբերի 16-ին Վանաձորում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։ 

Դրան անմիջապես հաջորդեց Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը, որը տեղադրվեց ԱԱԾ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Հայտարարության հրապարակումից երկու օր անց՝ սեպտեմբերի 18-ին, հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ պաշտոնական կայքից և ԱԱԾ ֆեյսբուքյան էջից։

Փաստացի, պաշտոնական կայքից հեռացվել է մի պետական պաշտոնյայի հայտարարություն, որը շուրջ 1,5 տարի ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։ Սա անհարգալից վերաբերմունք է պետականության նկատմամբ, որը կարող է վատ նախադեպ դառնալ և կիրառվել հետագա բոլոր հեռացող պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար, ում պաշտոնավարման դադարից հետո կարող են հեռացվել վերջինիս բոլոր ելույթներն ու հայտարարությունները primeminister.am պաշտոնական կայքից։

Սա հիմք է հանդիսանում, որ AntiFake.am-ը կրկին հրապարակի Վանեցյանի հայտարարության ամբողջական տեքստը և հասարակության ուշադրությունը հրավիրի որպես պետականության նկատմամբ վերաբերմունք դրսևորվող երեկ տեղի ունեցած բացասական երևույթի վրա։

Հետաքրքրական է, որ Վանեցյանի հայտարարության հրապարակումից հետո իշխանական շրջանակները, մասնավորապես վարչապետի աշխատակազմը (աշխատակազմի ղեկավար, մամլո խոսնակ) չէին թաքցնում իրենց զայրույթը հայտարարության որոշ դրվագների կապակցությամբ, ինչն էլ, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի համար հիմք է ծառայել հրահանգելու հեռացնել հայտարարությունը։

AntiFake.am-ը հարցում է ուղարկել ԱԱԾ-ին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմին՝ պարզելու համար, թե ինչ պատճառով է հեռացվել ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից։ Հարցումների պատասխաններն ստանալուն պես կհրապարակենք դրանք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ