19  09  2019

ՀՅԴ-ն հակազդելու է դատական համակարգի յուրացման փորձերին.Իշխան Սաղաթելյան․News.am

ՀՅԴ-ն հակազդելու է դատական համակարգի յուրացման փորձերին.Իշխան Սաղաթելյան․News.am

News.am-ը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության տեքստը մտահոգությունների առիթ պետք է տա։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականի հայտարարությունը, որտեղ խոսում էր որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, սպայի արժանապատվության մասին եւ հորդորում «կանգ առնել»։

«Այդ հայտարարությունը պատահական մարդ չի անում, այլ նա, ով Հայաստանի ազգային անվտանգության համար թիվ մեկ պատասխանատուներից մեկն էր։ Ավելի մանրամասն տեղեկություններ չունենք հրաժարականի պատճառների համար, բայց տեքստը, ելույթը մտահոգիչ էր ու պատահական ասված չէր։ Այս պահին միայն կարող ենք արձանագրել, որ ինչի մասին խոսել է Վանեցյանն իր հրաժարականի տեքստով, մտահոգիչ է»,– նշեց նա։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու՝ «Իմ քայլի» նախաձեռնած գործընթացի մասով Իշխան Սաղաթելյանը նշեց՝  ՀՅԴ կարծիքը հստակ է. «Իշխանությունը հակաօրինական ճանապարհով գնում է դատական իշխանությունը նվաճելու եւ յուրացնելու հակասահմանադրական ճանապարհով։ Ոչ ԱԺ նախագահը, ոչ առավել եւս խմբակցությունը, այսինքն՝ օրենսդիր իշխանությունն իրավունք չունի նման ոտնձգություններ նախաձեռնել դատական իշխանության նկատմամբ։ Իհարկե, իշխանությունն իրենց գործողությունները փորձում է տեղավորել դատական համակարգը բարեփոխելու, արդարություն հաստատելու կամ հանրային պահանջի անվան տակ, բայց դա ազնիվ չէ, որովհետեւ իշխանությունն ունի նպատակ՝ յուրացնել, ունենալ  յուրային, սեփական դատական համակարգ»։

Դատական համակարգը յուրային դարձնելու լավագույն օրինակը, նրա խոսքով, ԲԴԽ–ն է. «Դրա լավագույն փաստերից մեկը այն էր, թե ինչ արեց Բարձրագույն դատական խորհրդի հետ, կրկին բարեփոխման, արդարություն հաստատելու քողի տակ ստեղծեցին մի Բարձրագույն դատական խորհուրդ, որը ինչո՞վ էր լավը նախորդից, ո՞վ է ներկայիս ԲԴԽ-ի նախագահը։ Այնպես չի, որ այդ փոփոխությունների արդյունքում իրենք ցանկանում են ունենալ անբասիր, արդար մի համակարգ, պարզապես ուզում են, որ լինեն մարդիկ, որոնք առանց աչք թարթելու կծառայեն իրենց։

Հարցին՝  դատական համակարգի նկատմամբ իշխանությունների գործողությունները կապո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի հետ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Չնկատել այդ ամենը, նշանակում է թաքնվել իրականության հետեւում։ Ակնհայտ է, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի գործի պարագայում, այլ առհասարակ առաջիկա պլանավորելիք, նախաձեռնած դատավարությունների, քայլերի համար պետք է մի դատական համակարգ, դատական իշխանություն, որն անվերապահ կատարելու է իշխանության հրահանգները։ Իշխանության գլխավոր նպատակն է ունենալ դատական իշխանություն, որն անվերապահ կկատարի իր ցանկությունը։ Հակաօրինական քայլի առաջ կանգ չի առնում իր նպատակին հասնելու համար, որը պետության համար վտանգավոր է»։

Նրա խոսքով՝ ՀՅԴ–ն հնարավոր բոլոր միջոցներով հակազդելու է եւ թույլ չի տալու այդ գործողությունները.  «Հիմա քննարկումների մեջ ենք, որ հասկանանք՝ ինչ կերպ ու ինչ ֆորմատով։ Մենք համագործակցում ենք 7 կուսակցությունների հետ, կխոսենք նաեւ մեր գործընկերների հետ»։

Հարցին՝ միայն արտախորհրդարանական ուժերի հե՞տ են համագործակցելու, թե՞ նաեւ խորհրդարանական, նա պատասխանեց. «Քանի որ նոր ենք սկսում, երբ կսկսենք խոսել, կհասկանանք ֆորմատը, լրացուցիչ կտեղեկացնենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ