19 09 2019

Փաշինյանի հույսը անգրագետ պողոսներն են

Փաշինյանի հույսը անգրագետ պողոսներն են

Top-news.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը կրկին անգամ միայն ավելացրեց մտավախություններն ու անհանգստությունները, կրկին անգամ ապացուցեց, որ երկիրը կառավարում են առաջնայինը երկրորդայինից չտարբերող, հախուռն եւ տարերային որոշումներ կայացնող մարդիկ:

Ի՞նչ մտածես պետության այն ղեկավարի մասին, որն անդադար սպառնում է բանտով, սպառնում է ասֆալտին փռելով, բայց այսքանից հետո փորձում է իրեն ժողովրդավար գործիչ ներկայացնել:

Ամբողջովին բռնապետական կառավարում ՔՊ-ում, ամբողջովին բռնատիրական եւ բացարձակ միապետական կառավարում Իմ քայլում, եւ անդադար փորձեր երկիրը կառավարել նույն մեթոդներով եւ եղանակներով:

Նիկոլը Փաշինյանը խաղում է անգրագետ պողոսների հույզերի վրա եւ շարունակ նրանց համոզում է, թե իրենց լավ ապրելու միակ տարբերակը մարդկանց կալանավորելն ու բանտարկելն է:

Թալանչիներ, կոռումպացված տարրեր կան անգամ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում եւ նույնիսկ Նորվեգիայում: Նրանց ձերբակալում են, կալանավորում եւ եթե բավարար ապացույցներ են լինում՝ դատում: Հիմա հատուկ Նիկոլ Փաշինյանի համար՝ ոչ ԱՄՆ-ի, ոչ Գերմանիայի, ոչ Նորվեգիայի, ոչ Ճապոնիայի ղեկավարները ֆեյբուքում անդադար չեն գրում թալանչիներին բանտ գցելու մասին, իրենց ելույթներում չեն բղավում այդ մասին: Չեն բղավում, չեն գոռում, քանի որ դա ոչ թե իրենց, այլ համապատասխան մարմինների գործն է:

Այս գրառումները, ելույթները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է նաեւ դատաիրավական համակարգի գլուխը, առաջնորդը, բացարձակ ղեկավարը եւ որեւէ մեկն իր շրջապատից չի ասում՝ ընկեր, բարեկամ, հանդարտվիր, դու չէ որ այդ գործերով պետք է զբաղվես, քո գործառույթներն այլ են:

Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում է թալանչիներից, անդադար խոսում է թալանչիներին բանտ նետելու մասին, փորձելով տպավորություն ստեղծել, թե ատելով ատում է կաշառքը, կյանքում մոտ չի եղել հովանավորչությանը եւ կաշառակերությանը, որ մտքի հեռավոր ծայրով անգամ չի անցել խոշոր հարկատուների հետ սերտ հարաբերություններ հաստատելու մասին:

Գիտնականները վաղուց, շատ վաղուց պարզել են, որ հարբեցողությունը տեղի եւ անտեղի քննադատում են նրանք, ովքեր հարբեցող են, բայց իրենց թվում է, թե այդ մասին շրջապատը չգիտի: Թմրամոլներին անդադար քննադատում եւ դատապարտում են նույն թմրամոլները, որոնց թվում է, թե դեռ որեւէ մեկը գլխի չի ընկել, որ ինքը թմրամոլ է: Նույնը անում են նաեւ այն խաղամոլները, որոնց թվում է, թե որեւէ մեկը չգիտի իրենց վնասակար հակումների մասին: Արտաամուսնական կապերի մեջ մտնող կանայք էլ, որոնց թվում է, թե իրենց հերոսական արշավները գաղտնի են մնում, անդադար խոսում են բարոյականությունից եւ ամուսնական հավատարմությունից: Սա է իրականությունը:

Եւ հանրության առողջ հատվածն իրոք հոգնել է անդադար լսել բռնել, թալանել, բանտ, դատ եւ նմանատիպ արտահայտությունները, որոնք բացասական էներգետիկ դաշտ են ստեղծում երկրում: Երկիրը հոգնել է: Երկիրը հոգնել է ընդամենը մեկ տարում:

Վարդան Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ