17 09 2019

Այս որոշումն իշխանության հիստերիկ գործողությունների արդյունքն է․ Վիկտոր Սողոմոնյան․ Հրապարակ

Այս որոշումն իշխանության հիստերիկ գործողությունների արդյունքն է․ Վիկտոր Սողոմոնյան․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ երկրորդ  նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու վերաբերյալ համարում է իշխանության «հիստերիկ գործողությունների» արդյունք։ 

«Ցանկացած նման դատական նիստից առաջ, կամ հետո հիստթերիկ գործողություններ է անում իշխանությունը, փորձելով ճնշումներ գործադրել կոնկրետ դատավորի ուղղությամբ, եթե վճիռը դեռ կայացված չէ, այնպես անել, որ այն չկայացվի, իսկ եթե կայացված է, ինչպես, ասենք, Ալեքսանդր Ազարյանի, կամ Դավիթ Գրիգորյանի դեպքում, ապա ապօրինի պատժիչ միջոցներ կիրառել, որպեսզի հանկարծ մյուս դատավորները չշփոթվեն և հանկարծ բանտից բաց չթողնեն Ռոբերտ Քոչարյանին։ Այդ տեսանկյունից այսօրվա որոշումը գոնե սպասելի էր։ Այսինքն, շատ հավանական է, որ դատավորը նման պայմաններում չի կարողանալու արդար որոշում կայացնել», - ասաց նա «Հրապարակի» հետ զրույցում։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ ։ 

- Ձեզ կառարկեն՝ եթե կան հստակ տեղեկություններ, որ այսօրվա որոշումը ճնշման հետևանք էր, հրապարակեք։ Թ՞ե նկատի ունեք, հոգեբանական ազդեցությունները։ 

- Պատկերացրեք, ԱԺ նախագահն ու վարչապետը իրար հետևից հայտարարություններ են անում, որ Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ ու իր ընդունած որոշումը լեգիտիմ չէ, իսկ դատավորը պետք է որոշում կայացնի այս Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ Դուք այդ դատավորի վիճակը պատկերացնո՞ւմ եք։ Հարցը հռետոռական եմ համարում։ Դուք պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են վարվում դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են ԱԺ «իմքայլական» պատգամավորները շրջափակում դատարանը ու չեն թողնում, որպեսզի դատավորը ներս մտնի։ Քան՞ի օրինակ բերեմ, որ պատկերացնեք։ Սա արդեն այնպիսի ճնշումներ են, որոնք ժողովրդավարական երկրում կարող են համարվել լրջագույն հանցագործություն։ Օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավարները անմիջականորեն խառնվում են ՍԴ գործունեության և արդարադատության իրականացման մեջ։ Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են։ Ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ ճնշումներ են գործադրվել կոնկրետ դատավորի վրա, ես իմ ձեռքի տակ չունեմ այնպիսի փաստեր, որ հիմա հրապարակեմ։  Կարող եմ, նախ, ենթադրել, որ նման ճնշումներ եղել են, և երկրորդ՝ չեմ կարող բացառել, որ այդ ճնշումների փաստերը մի օր հայտնի կդառնան հանրությանը։ Այսինքն, ամբողջ հանրությունը կիմանա, թե ով ինչպես է եղել, ով ում մոտ է գնացել, ինչ տեքստ է ասել։ Կյանքը ցույց տվեց, որ նման բաները գաղտնի չեն մնում։ Կապրենք, կտեսնենք, թե ով է ճիշտ։

- Ազգային ժողովի երեկվա միջամտությունը ինչպե՞ս եք գնահատում։ ԱԺ-ն իրավուքն ուն՞ի դիրքորոշում հայտնելու ՍԴ որոշումների վերաբերյալ։

- Եթե մենք վերցնենք զուտ որպես մաքուր մի օրինակ, կոնտեքստից կտրված, թե արդյոք օրենսդիր իշխանությունը իրավունք ուն՞ի ինչ-որ տեսակետ հայտնել, ապա այո, թերևս ունի։ Երևի, օրենքներով էլ է նախատեսված։ Բայց սա սովորական վիճակ չի։ Մենք չենք կարող կոնտեքստից դուրս գնահատել այս գործողությունները։ Պարզ է, որ դատական նիստից մեկ օր առաջ այս ամբողջ աղմուկը բարձրացել է ընդամենը մեկ պատճառով՝ ամբողջ իշխանությունը լծված է մեկ գործի՝ որպեսզի հանկարծ թույլ չտան, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի կալանքից ազատվի։ Չէ՞ որ սա ակնհայտ է։ Նաև այս գործողությունները, իհարկե, գուցե կարճաժամկետ էֆեկտ տալիս են, և դատավորը օրինական որոշում չի կայացնում, բայց երկարաժամկետ իմաստով արհավիրք են մեր պետության համար։ Ես չեմ պատկերացնում մի եվրոպական կառույցի ներկայացուցչի, մեր բարեկամ երկրների ներկայացուցիչներից որևէ մեկի, որն ասի՝ դե գիտե՞ք, Ազգային ժողով է, պետք է գնահատական հայտնի, կամ, ինչպես ասեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը՝ պարզապես հիմա ենք նպատակահարմար գտնում այս հարցով զբաղվել։ Եթե իրենք կարծում են, որ ոչ ոք ոչինչ չի հասկանում, ցավում եմ։ Եթե մենք ընդհանուր քաղաքական համատեքստում ենք նայում, ապա և երեկ, և մի քանի օր առաջ, և այսօր տեղի ունեցող իրադարձությունները ընդամենը մեկ ընդհանուր կոնտեքստ ունեն՝ սա ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական հետապնդման իրականացումն է և նրա քաղբանտարկյալ լինելը այսօր հերթական ապացույցը ստացավ։

- Նա դատավճիռը որ լսեց, ժպտաց, սպասու՞մ էր։ 

- Նա ենթադրում է, թե ովքեր ինչով են զբաղված մեր երկրում։ Չեմ կարծում, որ իր համար անսպասելի մի բան է տեղի ունեցել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ