16  09  2019

Ինչո՞ւ հրաժարական տվեց Արթուր Վանեցյանը

Ինչո՞ւ հրաժարական տվեց Արթուր Վանեցյանը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց։ «Կանխատեսելի անակնկալ» կարելի է բնորոշել այս փաստը։ Ինչո՞ւ էր կանխատեսելի․ որովհետև կարծում ենք՝ վաղուց է արդեն, որ Փաշինյանի կառավարության անդամները հասկացել են՝ մի օր «փուռն են» գնալու, հեռանալն ավելի ճիշտ է։

Թե՛ վերջներգի տեքստից, թե՛ տարբեր աղբյուրներից ստացած ինֆորմացիայից կարելի է անել հետևյալ եզրահանգումները։

1․ Արթուր Վանեցյանը, ասում են, վերջին մի քանի ամիսներին առավել մեկուսացած էր, քանի որ հասկանում էր՝ այս իշխանությունը պետությունը և իրենց տանում է զարգացման ոչ նորմալ ընթացքով։

2․ Պատճառը Ռոբերտ Քոչարյանի գործն է։ Արթուր Վանեցյանը մերժել է շարունակել զանգովի արդարադատությունը, դատարանների վրա ճնշումները և այդ ամենի համար օգտագործել երկրի անվտանգության համակարգը։ Տեքստում Վանեցյանն ասում է․ «Որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»։ Փաստ է՝ այսօր ողջ քաղաքական համակարգը լծված է Ռոբերտ Քոչարյանին փակելու գործին։ Դատարանի ամեն քայլից հետո, որի արդյունքում ազատություն է ստանում երկրորդ նախագահը, վարչապետը հախուիռն որոշումներ է կայացնում։ Այնինչ, պետության առաջ ծառացված խնդիրներն անուշադրության են մատնված։ Նիկոլ Փաշինյանը թիվ մեկ զբաղվմունք է սարքել մարտի 1-ի դատավարությունը և անընդհատ հետ է գնում։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես ԱԱԾ տնօրենից պահանջել է աղաղակող ու մերկացնող «փաստեր» նախորդ իշխանությունների վերաբերյալ, որը, սակայն, ԱԱԾ-ն տալ չի կարողանում, որովհետև դրանք չկան։ Արթուր Վանեցյանն ասաց իր հրաժարականով, որ սպաների պատիվը համատեղելի չէ Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարողի հետ։

3․ «Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»,- գրում է Վանեցյանը։ Համաձայն տողատակի, Վանեցյանը գնում է, բայց կգա։ Չի բացառվում, որ ԱԱԾ տնօրենը դիրքավորվում է հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ, որը վստահ է՝ սարերի հետևում չէ։ Նաև կարելի է գրառումից ընկալել, որ ապագայում Հայաստանում սպասվում են տհաճ զարգացումներ՝ կապված իշխանության ղեկավարի գործունեության հետ, որին մաս կազմել Վանեցյանը չի ցանկանում։

4․ Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա մեծ ազդեցություն ունի սորոսական թևը։ Արթուր Վանեցյանի և այդ թևի ջրերը մի առվով չեն հոսում՝ սկսած Դավիթ Սանասարյանի հետ կապվածից։ Եվ այս հրաժարականով, կարելի է արձանագրել, որ Հայաստանում «Սորոսի թիմը» շարունակ գրոհում է։

5․ Վերջերս կայացած հարցումները ցույց էին տվել, որ կառավարության մեջ ամենահեղինակավոր պաշտոնյաներն Արթուր Վանեցյանը, Դավիթ Տոնոյանը և ևս մի քանիսն են։ Եվ ուրեմն, հեղինակություն վայելող պաշտոնյան հասկանում է, որ այս իշխանության հետ ճանապարհ չունի անցնելու։

Այնուամենայնիվ, Արթուր Վանեցյանն այս իշխանությունը լքող ո՛չ առաջին պաշտոնյան է, ո՛չ վերջինը։ Պարզապես փաստ է, որ լքող պաշտոնյաները սովորաբար դառնում են խիստ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, ասել է, թե հեռանում են նրանից զզված։

Ամենագլխավորը, որ ապացուցեց Արթուր Վանեցյանը․ Նիկոլ Փաշինյանն ադեկվատ չէ և պետք է Հայաստանը նրանից փրկել։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ