14 09 2019

Կերենսկու ռեինկարնացիան. «Աննա՛, շորե՜րը»․ Անդրանիկ Թևանյան

Կերենսկու ռեինկարնացիան. «Աննա՛, շորե՜րը»․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Պաշտպանյալը շատ կողմերով հիշեցնում է ռուսական փետրվարյան հեղափոխության սիրելի առաջնորդ Կերենսկուն։

Կերենսկին էլ էր լրագրությամբ զբաղվել, բանակում ծառայելուց խուսափել և պոպուլիզմով առաջ գնացել։ Նա լավ հռետոր էր և վատ կառավարիչ։ Նրան սիրում էին «բոմժերը», իսկ լուրջ շրջանակները համարում դուրսպրծուկ։

Կերենսկուն պաշտում էին ու սիրում ռուսական գյուղացիության մեծ մասը։ Բայց շատ կարճ ժամանակահատվածում նա դարձավ բոլորի համար ատելի ու անընդունելի։

Երբ Կերենսկին որոշում էր պետականամետ քայլ անել, միանգամից քննադատության էր ենթարկվում հեղափոխական շրջանակների կողմից։ Հատկապես դրսից կառավարվող բոլշևիկները նրան մեղադրում էին նախորդ ռեժիմի դեմ լավ չպայքարելու, հեղափոխությանը դավաճանելու և Ռուսաստանն արյան բաղնիքի չվերածելու համար։

Ծայրահեղ հեղափոխականների քննադատությունը Կերենսկու հասցեին է՛լ ավելի մեծացավ, երբ նա ցարական գեներալ Կոռնիլովին նշանակեց ռուսական բանակի գլխավոր հրամանատար։ Բայց Կերենսկին այլ տարբերակ չուներ, քանզի հեղափոխականների թիմում գրեթե բոլորը դասալիքներ ու բանակային կյանքից չհասկացողներ էին, և նա ստիպված էր «հների» կադրային բանկից օգտվել, այլապես ռուսական բանակը կփլվեր։

Փորձելով դուր գալ հեղափոխական տրամադրված զանգվածներին՝ Կերենսկին ցար Նիկոլայ 2–րդին տնային կալանքի որոշում կայացրեց։ Դա էլ առաջացրեց պետականամետ շրջանակների ու հատկապես զինվորական դասի լուրջ դժգոհությունը, քանզի պետության խորհրդանիշին տնային կալանքի տակ պահելը համարվեց շատ վատ հակապետական քայլ։

Կերենսկին, փորձելով սիրաշահել տարբեր շրջանակների, պարբերաբար քայլեր էր անում՝ նպատակ ունենալով մե՛րթ այս, մե՛րթ այն կողմին դուր գալ։ Արդյունքում՝ նա վերջնականապես մերժվեց բոլորի կողմից, ու վերջում ստիպված էր փախչել ժամանակավոր կառավարության ղեկավարի աթոռից ու նաև Ռուսաստանից։

Ասում են, որ Կերենսկին փախել է կանացի շորերով, որպեսզի չճանաչեն ու բերման չենթարկեն։ Փախել է անգլիական դեսպանատան տրամադրած ավտոմեքենայով, քանի որ ժամանակավոր կառավարության անկում ապրած ղեկավարի համար երկաթյա նժույգ չէր գտնվել։

Կանացի շորերի պահը փաստ չէ, իհարկե, բայց դա շատ խորհրդանշական ձևով ցույց է տալիս, թե ինչպես են պատմության մեջ մնում էժանագին պոպուլիստները, որոնք պետության ղեկին հայտնվելուց հետո ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել դերային ներքին կոնֆլիկտը և չեն կարողանում պետական գործիչ դառնալ։

Ասածս այն է, որ պաշտպանյալը պետք է Կերենսկու գլխին եկածից դասեր քաղի, այլապես, պատկերավոր ասած, իր համար շատ շուտով կարող է հրատապ դառնալ «Աննա՛, շորե՜րը» պահանջը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ