13 09 2019

Ռոբերտ Քոչարյանի հարցով որոշումը կայացված է. «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանի հարցով որոշումը կայացված է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. Հայաստանյան հասարակությունը, որին ինչ որ պահից պարտադրվեց Մարտի 1-ի դատավարությունը՝ որպես գլխավոր օրակարգ, այս օրերին զբաղված է մի հարցի պատասխանի փնտրտուքով՝ արդյոք Երևանի դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ազա՞տ է արձակելու Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ։ 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանն հակասող ճանաչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որտեղ բացակայում է Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությանը վերաբերող հատվածը։ Իսկ նշված հոդվածը վերաբերում է կալանքին եւ դա իրավաբանները մեկնաբանեցին, որ Բարձր դատարանը կարծում է, որ կալանք չպիտի կիրառվի եւ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։ Սակայն եղան նաեւ այլ մեկնաբանություններ՝ իշխանական իրավաբանները հայտարարեցին, որ ՍԴ որոշումը չի կարող նշանակել կալանքից ազատում եւ դա որեւէ նշանակություն չպետք է ունենա Ռ․Քոչարյանի հետագա ճակատագրի առումով։  Երեկ՝ սեպտեմբերի 12-ին դատավոր Աննա Դանիբեկյանը՝ լսելով Քոչարյանական կողմի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը, ՍԴ որոշման լույսի ներքո փոխելու մասին, մտավ խորհրդակցական սենյակ, որտեղից պետք է դուրս գա սեպտեմբերի 17-ին և հրապարակի իր որոշումը։

Մենք տեղեկացանք, որ չնայած իշխանությունը, և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում այս զարգացումը, որը չկարողացան իրենք կանխել, սակայն արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Ռ․ Քոչարյանը մի քանի օրից հայտնվելու է ազատության մեջ։ Իշխանական թիմում մխիթարում են իրենք իրենց, որ սա է դեմոկրատիան՝ չենք միջամտում դատական որոշումներին և դատավորներն ազատ են՝ անգամ մեզ անցանկալի որոշումներ կայացնելու հարցում։

Իշխանությունն այժմ մտմտում է դատական համակարգում արմատական փոփոխություններ անելու ուղղությամբ, անհնազանդ դատավորներին փոխելու ծրագրեր են մշակվում։ Ընդ որում, իրենց կողմից կազմված Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքից էլ գոհ չեն եւ հասկացել են, որ անգամ յուրային ԲԴԽ ունենալը դատական համակարգը կառավարելու երաշխիք չէ։ 

Դատական համակարգից մեզ հուշեցին, որ իրենց տեղեկություններով՝ համակարգը կառավարելու համար իշխանությունը նոր «խողովակ» է ստեղծում եւ դա կարող է լինել Հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը դեռեւս ձեւավորված չէ եւ կձեւավորվի միայն յուրայիններից, վստահելի մարդկանցից։ 

Դատավորներն արձանագրում են, որ անցյալում իրենք անազատ էին, բայց իրենց համար ավելի հեշտ էր աշխատելը եւ կային հստակ մեխանիզմներ՝ իշխանական կամքը կատարելու համար։ Հիմա այդ մեխանիզմները վերացել են եւ իրենք դիմադրում են նոր մեխանիզմների ու խողովակների ձեւավորմանը։ Ջինը շշից դուրս է եկել եւ նորից շշի մեջ մտցնելը հեշտ բան չի լինելու՝ անգամ այդ ջինը շշից հանողի՝ Նիկոլ Փաշինյանի համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ