12 09 2019

ՀԱՊԿ-ի դռները փակ չեն որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի առջև․ ՌԴ փոխվարչապետ

ՀԱՊԿ-ի դռները փակ չեն որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի առջև․ ՌԴ փոխվարչապետ

ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսով, Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Ադրբեջանը կարող է ՀԱՊԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալ՝ նշելով, որ ՀԱՊԿ-ն ողջունելու է համագործակցությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև հետխորհրդային բոլոր երկրների հետ:

«Չէ՞ որ ինչ-որ ժամանակ մենք բոլորս միասնական ընտանիք ենք եղել: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք, դա վերաբերում է նաև հետխորհրդային պետությունների զինված ուժերի որոշակի հավասարակշռությանը: Մենք բոլոր երկրների, այդ թվում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շատ կշռադատված եւ մտածված քաղաքականություն ենք վարում։ Հավատացեք, Ռուսաստանը չի ցանկանում սրել հակամարտությունը, այլ հակառակը՝ ամեն կերպ նպաստում է, որպեսզի հակամարտությունը վերանա»,- ասաց նա։

«Ձեզ հայտնի է, թե ինչ դերակատարություն ունի Ռուսաստանն այդ հարցում, մասնավորապես` մեր նախագահը»,- ասաց ՌԴ փոխվարչապետը:

ՌԴ փոխվարչապետի խոսքերը մեկնաբանելով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասաց, որ Բորիսովը նկատի է ունեցել այն, որ ՀԱՊԿ-ի դռները փակ չեն որևէ երկրի առջև:

«Եթե որևէ երկրի համաձայնություն չլինի, բնականաբար, որոշում չի կայացվի, կա կանոնադրություն, պայմանագիր»,- ասաց Սեմերիկովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ