12  09  2019

Դա ասել է ՀՔԾ պետը՝ ձեզ մոլորության մեջ գցելու համար․ Քոչարյանը՝ զոհվածի ծնողին



Ռոբերտ Քոչարյանի ելույթը՝ ի պատասխան տուժողի իրավահաջորդների մեղադրանքների․

«Պարոն Քլոյանը հետաքրքիր բան ասաց․ գոնե ձևական պետք է մեկին պատժեիք։ Այդ մեկը ես եմ, քանի որ գործը բացահայտված չէ։ Ես մարտի 1-ի դեպքերից հետո աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավելի, ապրլի 9-ից պաշտոն չեմ զբաղեցրել։ Իմ լիազորությունների շրջանակներում գործ բացահայտելը երբեք չի եղել։ Ընդհանրապես խառնվելու իրավունք չեմ ունեցել։ Եվ եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, առաջինը պետք է հարցնի իրեն մոտ նստած դատախազներին։ Եվ եթե մարդը պետք է դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը կամ վարույթն իրականացնող դատախազը կամ քննչական մարմինը, որոնք պարտավոր էին գործը բացահայտել։

Ինձ առաջարկում են դատել նրա համար, որ պատշաճ մարմինները գործը չեն բացահայտել։ Ինձ համար սա վիրավորական է նաև այն պատճառով, որ փաստաբաններն աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել, չէ՞, որ այդպես չէ։ Իմ տպավորությունն է, որ ուղղակի սովորացնում են՝ ասել այն, ինչ կարող է հանրային առումով ինչ-որ տպավորություն թողնել, թե մեղավորը ես եմ։

Տիկին Աբգարյանը՝ Տիգրան Աբգարյանի մայրը, ակնհայտ չի տիրապետում գործի նյութերին, որովհետև ինքն ասաց այնպիսի բաներ, որոնք գործի հետ առնչություն չունեն, և իր մոտ նստած հարգարժան Սեդա Սաֆարյանը՝ ևս, կարծում եմ, գիտակցաբար չի բացատրել, որ դա այդպես չէ։

Առաջին հերթին, որ ես, իբրև հայտարարել եմ, որ կա զոհ, մեկը զոհվել է։ Դա եղել է ոչ թե իմ հայտարարությունը, այլ ՀՔԾ պետի հայտարարությունը։ Ես այդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ նման բան չեմ ասել։ Ձայնագրությունները գործում կան։ Ես ասել եմ, որ կան վիրավորներ, ծանր վիրավորներ, բեկորային և այլն։ Այդպիսի բան ուղղակի չեմ ասել։ Իր մամուլի ասուլիսի ժամանակ այդ վերսիան հրապարակել է ՀՔԾ-ի պետը՝ այս մարդկանց մոլորության մեջ գցելու համար։

Ասվում էր, որ ցուցարարաներ չկային Լեո փողոցում։ Կան բազմաթիվ ցուցմունքներ հենց Լեո Փողոցի մասին, և այդ ցուցմունքներում մարդիկ ասում են, որ կրակել են հենց ցուցարարների կողմից։ Տարօրինակը գիտե՞ք ինչն է, որ հանրահավաքը եղել է քաղաքապետարանի դիմացի հրապարակում, իսկ այդ բախումները եղել են Լեոյի փողոցում, և որևէ քայլ չի եղել քննչական մարմինների կողմից պարզելու՝ ո՞վ է այդ մարդկանց տարել-հասցրել Լեո փողոց, 500 մետր ավելի հեռու, քան այն վայրը, որտեղ ցուցարարները հավաքված են։ Որևէ մեկին չեն հարցրել, չկա այդպիսի բան։ Եվ հակառակը, այդ գործի նյութերում կա, որ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարությունը կանչել է դիպուկահարի մեկ բանի համար՝ չեզոքացնելու այն մարդուն, որ կրակել է Տիգրան Աբգարյանի վրա։

Հարգելի դատարան, ես կառաջարկեմ, եթե Տիգրան Աբգարյանի մայրն ուզում է իմանալ այդ ճշմարտությունը, ես փաստաբաններին կխնդրեմ փաթեթ պատրաստել գործի նյութերից՝ Լեոյի փողոցում կատարվածի վերաբերյալ և կտրամադրեն տիկին Աբգարյանին։

Ես ելույթ չէի ունենա, եթե այս կարգի ուղղակի մեղադրանքներ չհնցեցնեին իմ հասցեին և կրկնեմ՝ ես ուղղակի տեսնում եմ, որ մարդիկ գործի նյութերին չեն ծանոթացել և դեռ օգտվում են այն ինֆորմացիայից, որը շատ անպատասխանատու ձևով մատուցվում էր հանրությանը՝ այս գործի քննության սկզբում։ Գործի նյութերում այդպիսի բաներ չկան, ես այդպիսի բաներ չեմ հայտարարել 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ