03 09 2019

«Իմ քայլ»-ի նիստում քննարկել են Քոչարյանի գործով սպասվող ելքերը․ Factor.am

«Իմ քայլ»-ի նիստում քննարկել են Քոչարյանի գործով սպասվող ելքերը․ Factor.am

Factor.am-ը գրում է․ «Տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 9-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստերի հետ կապված աշխատանքային հարցեր։

Ըստ մեր տեղեկությունների, նիստին ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել: Պատճառը եղել է այն, որ նիստի մասին պատգամավորներին ուշ են ծանուցել, իսկ նրանք արդեն իսկ պլանավորած գործեր են ունեցել:

Factor.am-ի տեղեկություններով՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ում քննվող գործը:

Իշխանական խմբակցության պատգամավորները քննարկել և փորձել են կանխատեսել, թե, իրենց գնահատմամբ, ոչ լեգիտիմ ՍԴ-ն ինչպիսի որոշում կարող է կայացնել, և ըստ այդմ՝ խոսել են հնարավոր տարբերակների դեպքում իրենց անելիքների մասին։

Ուշագրավ է, որ Քոչարյանի գործից ոչ պակաս կարևոր՝ Ամուլսարի հարցին, նիստի ընթացքում որևէ անդրադարձ չի եղել, չնայած այն հանգամանքին, որ Շրջակա միջավայրի նախարարությունը վաղը պետք է հայտարարի՝ արդյոք պե՞տք է նոր փորձաքննություն անցկացնել, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարությանը հանձնարարել էր ուսումնասիրել «Էլարդի» եզրակացությունը: Ի դեպ, այսօրվա նիստում անդրադարձ չի եղել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ ծավալվող սկանդալին։

«Իմ քայլ»-ի այսօրվա նիստին, ի թիվս այլ պատգամավորների, չի մասնակցել մանդատը վայր դնելու մասին բարձրաձայնած Էդգար Առաքելյանը: Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք՝ խմբակցությունում լարված իրավիճակ առկա՞ է, կապված այն հանգամանքի հետ, որ հանրային հնչեղության հարցերի շուրջ (Ամուլսարի հանքի շահագործում, Ստամբուլյան կոնվենցիա և այլն) միասնական մոտեցում չկա։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խմբակցության հակադիր թևերի միջև երբեմն բավականին սուր բանավեճ է լինում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ