03 09 2019

Մոլորության մեջ անդրդվելի․ Panorama.am

Մոլորության մեջ անդրդվելի․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Հետևողականությունը լավ բան է․․․ բայց միայն այն դեպքում, երբ մեկնակետդ ի սկզբանե ճիշտ է ու ազնիվ։ Հակառակ պարագայում կարծեցյալ հետևողականությունն ուրիշ անուն ունի՝ ավանակային համառություն։ Ով ասես կարող է սխալվել, կարող է մոլորվել, անգամ կարող է իր երազանքներում այդ մոլորության հաղթանակը տոնել, բայց իրականության մեջ դրանք ցնորք էլ մնում են, ընդ որում՝ վնաս պատճառելով կրողի հոգեկան առողջությանը։

Փայլուն օրինակ է Փաշինյան Նիկոլի վենդետան ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ։ Ամենայն հավանականությամբ, հեշտությամբ հաջողված հեղաշրջումը սեփական ամենակարողության զգացողություն ծնեց մարտնչող ընդդիմադրի հոգում, և առանց երկար-բարակ մտածելու՝ ձեռնամուխ եղավ քսան տարի թեժացրած վրեժը լուծելուն։

Արդյունքում, վեդետան սկսելուց 13 ամիս անց ունենք մի դատական գործ, որը որևէ կապ չունի օրենքի ու օրինականության հետ․․․դրա համար էլ երկու ամսից ավել ոչ մի դատական գործողություն չի կատարվում։ Ուրիշ էլ ի՞նչ ապացույց է պետք համոզվելու համար, որ Ռոբերտ Քոչարյանի անժամկետ կալանքը իրավական դաշտի հետ կապ չունի։

Իսկ այն դատավորները, ովքեր «հանդգնեցին» չվախենալ, և ենթարկվել ոչ թե անձի քմհաճույքին, այլ հավատարիմ մնացին օրենքին՝ պատժվեցին ընդհուպ քրեական գործի հարուցմամբ։

Այդուհանդերձ, վերջին շրջանում ավելի մեծ թվով դատավորներ են «հանդգնում» վճիռներ ընդունել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։ Սեպտեմբերի 2-ին Վերաքննիչ դատարանի դատավորներ Մնացականյանը և Մխիթարյանը երկու տարբեր գործերով հաստատեցին, որ ՀՔԾ և ԱԱծ կողմից խախտվել են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների անմեղության կանխավարկածները։

Հիմա Սահմանադրական դատարանի քննության հերթն է․․․ Կարելի է ասել, նրանց որոշումը գերկարևոր նշանակություն ունի, քանզի վերաբերելու է ոչ միայն պարոն Քոչարյանի ազատությանն ու գործի ընթացքին, այլ նաև կամ հիմնավորապես կգցի մեր պետությունը բռնապետության ճանկը, կամ վերջնակականպես կվերացի այդ նկրտումները։ Առ այսօր կատարված իրադարձությունները ցույց են տալիս, որ իր մոլորության մեջ անդրդվելի Փաշինյան Նիկոլը դեռ չի հագեցրել իր նեղանձնական վրեժը, և դրան հագուրդ տալու համար պատրաստ է զոհել ամեն բան, ընդհուպ պետության Սահմանադրությունն ու դատական անկախությունը։Սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, որը կհրապարակվի այսօր կամ վաղը»։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ