30  08  2019

Օրենսդրական փոփոխություն` հանուն անձնական վրեժխնդրության. Politik.am

Օրենսդրական փոփոխություն` հանուն անձնական վրեժխնդրության. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Կառավարությունն օրենքի նախագիծ է ընդունել օրենքով գողերի վերաբերյալ, որով պատիժ է սահմանվում նման կարգավիճակ ունեցողների, կարգավիճակ տվողների, ստացողների, օրենքով գողերին դիմելու համար:

«Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,-նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շատերի համար անհասկանալի է, թե ինչու՞ է կառավարությունը շտապողականություն ցույց տալիս այս հարցում։ Օրենքով գողերը Հայաստանում շատ և ազդեցիկ չեն։ Ավելին՝ նրանց մեծ մասը նախորդ ընտրություններին աջակցել է Փաշինյանի այս կամ այն թեկնածուին։ Փաշինյանի քաղաքական թիմում կան պատգամավորներ, որոնք հպարտանում են օրենքով գողերի հետ իրենց ունեցած կապերի համար։ Փաշինյանի թիմի մի քանի պատգամավորներ չեն վարանում տարբեր առիթներով «հաց կիսել» կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ։ Ավելին՝ նման անձանցից մեկը՝ «Քանաքեռցի Տույը», հանդիպումների է մասնակցում վարչապետ Փաշինյանի հետ։

Այս հարցում հատկապես անհասկանալի է կառավարության շտապողականությունը. հեղափոխական կառավարությունը չի շտապում փոխել Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը, կեղծված Սահմանադրությունը (այս ձևակերպումը Փաշինյանինն է)։

Շտապողականության պատճառը պետք է կրկին փնտրել Փաշինյանի անձնական վրեժխնդրության դաշտում։ Տարիներ առաջ, երբ Փաշինյանը ազատազրկված էր, կալանավայրում նա լուրջ խնդիրներ է ունեցել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ։ Փաշինյանը հաճախ է բողոք-նամակներ գրել Արդարադատության նախարարությանը, հոդվածներ էր տպագրում «Հայկական ժամանակ»-ում, որոնց պատճառով մյուս ազատազրկվածների համար խնդիրներ են առաջացել։ Քրեական աշխարհի ներկայացուցիչները որոշել են պատժել Փաշինյանին։ Ըստ որոշակի տեղեկությունների՝ Փաշինյանին քրեակատարողական հիմնարկում բռնությունների ենթարկելու հետևում կանգնած են եղել մի քանի օրենքով գողեր։

Ըստ կառավարության մեր աղբյուրների՝ օրենքը չի տարածվի բոլորի վրա։ Կպատժվեն միայն այն օրենքով գողերը, որոնք ժամանակին խնդիրներ են ունեցել Փաշինյանի հետ, և նրանք, ովքեր նոր իշխանությունների շարքերում չունեն հովանավորներ։ Կարճ ասած, այս օրենքն էլ կարժանանա «նախկին թալանչիներին» պատժելու գործընթացին, երբ կարճ ժամանակ անց պարզվեց, որ նախկին օլիգարխներից շատերը, որոնք հասցրել են հարաբերություններ ստեղծել Փաշինյանի կառավարության հետ, ֆինանսական աջակցություն տրամադրել համապատասխան հիմնադրամներին, խոշոր սեփականատերեր են ու օրենքի հետ չունեն խնդիրներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ